23 հունիսի 2023թ., ք. Երևան
Տեղի ունեցավ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հերթական համաժողովը, որին մասնակցում էին ՔՀՖ 42 հայաստանյան անդամներից 23-ը, ովքեր նաև լիազորված էին ներկայացնելու ևս 17 ՔՀՖ անդամների:
Համաժողովը հյուրընկալեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Քննարկվեցին Հայաստանի և Արցախի անվտանգությանը վերաբերող հարցեր, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հեռանկարը, Լաչինի միջանցքի շրջափակումը, սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան, ճանապարհների ապաշրջափակումը, նոր էսկալացիայի ռիսկերը: ԱԽ քարտուղարը շնորհակալություն հայտնեց ՀԱՊ համակարգող Հովսեփ Խուրշուդյանին երկրի բարձրագույն ղեկավարության առջեւ 2022թ․ հունիս ամսին Հռոմի ստատուտի վավերացման հարցը բարձրացնելու համար, որի շնորհիվ սկսվեց համապատասխան գործընթացը։ Հանդիպման վերջում Արմեն Գրիգորյանը պատասխանեց համաժողովի մասնակիցներին հուզող հարցերին
Համաժողովի հաջորդ մասում ՀԱՊ համակարգող Հովսեփ Խուրշուդյանը ներկայացրեց ԱլԳ ՔՀՖ Համապատասխանության կոմիտեին ԵՄԱ ներկայացուցիչ Սեդա Շիգանյանի ուղարկած նամակի և դրան նախորդող գործընթացը ներկայացնող նյութերի վերաբերյալ Ֆորումի Ղեկավար կոմիտեի համանախագահողների խնդրանքը՝ ժամանակ տալ իրենց ծանոթանալու նյութերին՝ փաստաթղթերը ուշադիր կարդալու, ստեղծված իրավիճակը պատկերացնելու և առաջ շարժվելու առավել համապատասխան եղանակը նույնականացնելու համար: Համակարգողը նաև ներկայացրեց ՔՀՖ Քարտուղարության տնօրենի նամակը, որով վերջինս, համաձայնելով Ղեկավար կոմիտեի համանախագահների մոտեցմանը, նաև կարծիք է հայտնում, որ գործընթացի արժանահավատությունն ապահովելու և լուծում գտնելու նպատակով համապարփակ և օբյեկտիվ մոտեցում ցուցաբերելու համար խելամիտ կլինի զերծ մնալ այնպիսի գործունեությունից/հանդիպումներից, որոնք ունեն կանոնադրական և/կամ որոշումներ կայացնելու հետևանքներ, ինչպիսիք պլանավորվել են այսօրվա համաժողովին:
Հաշվի առնելով ներկայացված նամակագրությունում առկա խնդրանքը և կարծիքները, ՀԱՊ համակարգողն առաջարկեց անսալ ՂԿ համանախագահների խնդրանքին, հաշվի առնել ՔՀՖ Քարտուղարության տնօրենի կարծիքը և ձեռնպահ մնալ Կանոնադրության փոփոխությունների ամբողջական փաթեթի ընդունումից, ինչպես նաև Պատվիրակների ժողովը նախաձեռնած պատվիրակներին հորդորեց ձեռնպահ մնալ խնդրո առարկա հարցի շուրջ որոշում կայացնելուց՝ մինչև կստացվեն Համապատասխանության կոմիտեի և Ղեկավար կոմիտեի արձագանքները՝ վերջիններիս ուղղված Սեդա Շիգանյանի նամակին: Այդ նպատակով նա ետ կանչեց իր առաջարկած օրակարգի տարբերակը և առաջարկեց քննարկել օրակարգի կրճատված տարբերակը:
Բացի այդ, վերջին անառողջ գործընթացների հետևանքով ՀԱՊ-ի ներսում խաթարված վստահության մթնոլորտը վերականգնելու համար Համակարգողը կրկնեց օրեր առաջ արած իր առաջարկը՝ ուղղված ՀԱՊ բոլոր շահագրգիռ կողմերին՝ ներգրավվել Կանոնադրական փոփոխությունների հանձնաժողովում և ձևավորել Կանոնադրության փոփոխությունների կոնսենսուսային փաթեթ: Նույն նպատակով նա առաջարկեց համատեղ ձևավորել հավասարակշռված, բոլոր կողմերի ներկայացուցչությունը ապահովող Էթիկայի խորհուրդ:
14 դիմումատուներից ներկաները անարձագանք թողեցին ՀԱՊ համակարգողի առաջարկները:
Պահանջագիրը ստորագրածների անունից ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը հայտարարեց, որ իրենք համաձայն չեն ձեռնպահ մնալ հունիսի 9-ի Պատվիրակների ժողովում քվեարկված և բավարար ձայներ չհավաքած՝ ՀԱՊ համակարգողի լիազորությունների դադարեցման հարցի վերաքվեարկություն կազմակերպելու իրենց մտադրությունից, նաև պահանջեց, որպեսզի Պատվիրակների ժողովի նիստը նախորդի Համաժողովի օրակարգային մնացյալ բոլոր հարցերին:
Նիստի նախագահողը քվեարկության դրեց Աշոտ Մելիքյանի առաջարկը, որը հավաքեց 16 կողմ, 23 դեմ և 1 ձեռնպահ ձայներ: Առաջարկը չընդունվեց:
Ապա նիստի նախագահողը քվեարկության դրեց նոր առաջարկ՝ հաստատել օրակարգը հետևյալ կետերով. Էթիկայի Կանոնակարգի ընդունում, Էթիկայի խորհրդի ընտրություն և դրանով Համաժողովի աշխատանքների ավարտ՝ առանց լիազորելու Պատվիրակների ժողովին որոշում կայացնել հունիսի 9-ի Պատվիրակների ժողովում ՀԱՊ համակարգողի լիազորությունների դադարեցման հարցով կայացած եւ համակարգողի լիազորությունները ուժի մեջ թողած քվեարկության վերաքվեարկման վերաբերյալ:
Այս առաջարկը հավաքեց 22 կողմ, 16 դեմ և 2 ձեռնպահ ձայներ և ընդունվեց:
Այս քվեարկությունից հետո Աշոտ Մելիքյանը հայտարարեց, որ իրենք լքում են ՀԱՊ համաժողովը և հրավիրում Պատվիրակների ժողով այլ վայրում, որից հետո ՀԱՊ համաժողովի որոշ մասնակիցներ լքեցին համաժողովը:
Համաժողովը շարունակեց աշխատանքները, որի ընթացքում քննարկումներ ծավալվեցին կանոնադրական փոփոխությունների հանձնաժողովի ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանի ներկայացրած Էթիկայի կանոնագրի շուրջ, ապա Էթիկայի խորհրդի ձևավորմանը վերաբերող ՀԱՊ Կանոնադրության կետերի շուրջ: Մասնակիցների կողմից արված առաջարկությունները ներառելուց հետո նախ քվեարկության դրվեց Էթիկայի Կանոնագիրը, որը հավաքեց 22 կողմ, 1 ձեռնպահ և 0 դեմ ձայներ և ընդունվեց:
Ապա քվեարկության դրվեցին Էթիկայի խորհրդի ձևավորմանը վերաբերող կանոնադրական տեխնիկական բնույթի փոփոխությունները, որոնք ևս ընդունվեցին 22 կողմ, 1 ձեռնպահ ձայներով: Կատարված առաջադրումների արդյունքում ընտրվեց նաև Էթիկայի խորհուրդը՝ ձայների հետևյալ բաշխմամբ.
Լևոն Բարսեղյան – 23 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ
Կարեն Չիլինգարյան – 21 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ
Լուսինե Հակոբյան – 21 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ:
Վերջում, այլ հարցերի թվում քննարկվեց Ստեփան Գրիգորյանի դիմումը՝ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնին ՀԱՊ համաժողովի ժամանակավոր անդամի կարգավիճակ տալու վերաբերյալ: 22 կողմ և 1 ձեռնպահ ձայներով ԳՏՀԿ-ին շնորհվեց ՀԱՊ համաժողովի ժամանակավոր անդամի կարգավիճակ:
Համաժողովն ավարտեց իր աշխատանքները:
ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ Քարտուղարություն