30 Մայիսի, 2023
ՀԱՊ համակարգողի պարզաբանումները իրեն անվստահություն հայտնելու դիմում-պահանջագրի վերաբերյալ

ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ հարգելի անդամներ,

Ինչպես գիտեք, ՀԱՊ-ի 14 անդամներ, որոնք նաեւ ՔՀՖ պատվիրակ են, ս.թ. մայիսի 25-ի ՀԱՊ համաժողովի ընթացքում ներկայացրել են դիմում-պահանջագիր, որով պահանջել են նույն համաժողովի ընթացքում առաջնահերթության կարգով քննարկման առարկա դարձնել ՀԱՊ համակարգողի պաշտոնին` իմ համապատասխանության հարցը: Համաժողովում հիշյալ նախաձեռնությունը չի ստացել անհրաժեշտ թվով կողմ ձայներ, եւ որոշվել է հարցը քննարկել հաջորդ համաժողովի ընթացքում, որը նշանակվել է ս.թ. հունիսի 9-ին: Շնորհակալություն եմ հայտնում Համաժողովին այդ որոշման համար, որով ինձ ժամանակ է տրվել ինձ ուղղված մեղադրանքներին սպառիչ անդրադառնալու համար: 

Հիշյալ պահանջագրի կապակցությամբ անհրաժեշտ եմ համարում արձանագրել, որ այս գործընթացն արդյունքն է առաջին հերթին ՀԱՊ-ում առկա համակարգային լրջագույյն խնդիրների, որոնց լուծմանն է միտված եղել իմ մեկամյա գործունեությունը որպես ՀԱՊ համակարգող եւ որոնք ունեն թե՛ ՀԱՊ-ի կառավարմանը եւ թե՛ քաղաքականությանն առնչվող հիմքեր:

Դրանք հետեւյալն են.

  1. ՀԱՊ-ի ներսում կան կառույցներ, որոնք չեն համակերպվում Հայաստանը Եվրոպական Միությանը ինտեգրելու որեւէ խոսույթի հետ եւ անպատկերացնելիորեն ծանր են տանում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանի վարած քաղաքականության ամենաչնչին քննադատությունը:
  2. ՀԱՊ-ի ներսում տարիներ ի վեր գործում են կառույցներ, որոնք ոչ թափանցիկ եղանակով ստանում եւ կառավարում են առանձնապես խոշոր չափերի դրամաշնորհներ` իրականացնելով ծրագրեր, որոնց արդյունավետությունը լրջագույն քննության անհրաժեշտություն ունի:

Առաջին համակարգային խնդրի կապակցությամբ անհրաժեշտ եմ համարում արձանագրել, որ դեռեւս 2022թ. մայիսին ՀԱՊ համակարգող ընտրվելուց անմիջապես հետո ընդգծել եմ, որ առաջիկայում գործուն ջանքերով նպաստելու եմ, որպեսզի ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը դառնա Հայաստանի եվրոպական ինտեգրման առաջամարտիկը: Այդ կապակցությամբ եւ իմ նախաձեռնությամբ ՀԱՊ-ն ընդունել է հայտարարություններ` պաշտոնապես կողմ արտահայտվելով Հայաստանի՝ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու տեսլականին: Դատելով Արեւմուտքի հետ, այդ թվում՝ անվտանգային ասպարեզում Հայաստանի համագործակցության շեշտակի խորացումից`  կարող ենք փաստել, որ ՀԱՊ-ը այդ առումով դարձել է Հայաստանի ամենաառաջադեմ եւ հեռատես կառույցներից մեկը:

Միեւնույն ժամանակ, իմ այս մեկ տարվա գործունեության արդյունքում տարբեր առիթներ եմ ունեցել համոզվելու, որ ՀԱՊ-ը խորքային բարեփոխումների, ընդհուպ մինչեւ վեթինգի կարիք ունի, քանզի անհասկանալիորեն ժամանակային տարբեր փուլերում Եվրոպական Միության այս լրջագույն քաղհասարակության հարթակ են ներթափանցել անձինք, որոնք իրականում որեւէ աղերս չունեն բաց հասարակության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, թափանցիկության, Եվրոպայի որդեգրած այլ արժեքների հետ, եւ փոխարենը հետեւողականորեն զբաղված են եվրոպական արժեհամակարգի հակառակորդ առնվազն մեկ պետության շահերի փասատցի սպասարկմամբ, ընդ որում՝ արեւմտյան փողերով: Եվրոպական ինտեգրումն էլ նրանցից շատերը հավանաբար հասկանում են բացառապես եվրոպական եւ մեծ հաշվով՝ արեւմտյան դրամաշնորհներ ստանալու եւ/կամ եվրոպական տարբեր մայրաքաղաքներում անցկացվող ԱլԳ ՔՀՖ համաժողովներին մասնակցության ձեւով: Այդ անձանցից ոմանց անունները տեղ են գտել խնդրո առարկա պահանջագիրը ստորագրածների ցանկում: Միեւնույն ժամանակ, այն ստորագրածների թվում կան նաեւ անձինք, ովքեր բավարար հետեւողականություն չեն դրսեվորել՝ մինչեւ ՀԱՊ համակարգողին ուղղված նման լուրջ մեղադրանքներ պարունակող պահանջագիր ստորագրելը պարզելու դրանց աղերսները իրականության հետ: Որպեսզի ասվածը մերկապարանոց չթվա, ստորեւ ներկայացնում եմ  ս.թ. մարտի 10-ին Լաչինի միջանցքի 3 ամիս շարունակվող շրջափակման, Արցախի երեք ոստիկանների սպանության, եւ Վրաստանում ծավալվող վերջին իրադարձությունների կապակցությամբ ընդունած հայտարարության քվեարկության արդյունքները՝ պահանջագիրը ստորագրած կազմակերպությունների մասով: Հիշեցնեմ, որ հիշյալ հայտարարությամբ ՀԱՊ-ը ՀՀ կառավարությանը կոչ էր անում.

1. Սկսել ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, Ռուսաստանի հետ ռազմական եւ տնտեսական դաշնակցային ձեւաչափերից եւ պայմանագրերից դուրս գալու գործընթաց՝ ռուսական կողմի՝ իր դաշնակցային պարտավորությունները հետեւողականորեն եւ չարամտորեն չկատարելու հիմնավորմամբ.

2. Դիմել Եվրամիությանը՝ ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր եւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագիր ստորագրելու, միաժամանակ՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու խնդրանքով.

3. Դիմել ՆԱՏՕ-ին` այդ կառույցին Հայաստանի անդամակցության խնդրանքով:՚՚

NԱնունԿազմակերպությունՔվե՝ 1-ին ընթեր-ցումՔվե՝ 2-րդ ընթերցում
1Աշոտ ՄելիքյանԽոսքի ազատության պաշտպանության կոմիտեդեմդեմ
2Միքայել ՀովհաննիսյանԵվրասիա համագործակցության հիմնադրամՉի քվեարկելՉի քվեարկել
3Գայանե ԱբրահամյանՀանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿՉի քվեարկելՉի քվեարկել
4Նունե ՍարգսյանՄեդիա նախաձեռնությունների կենտրոնՉի քվեարկելՉի քվեարկել
5Արթուր ՊապյանԲազմակողմանի տեղեկատվության ինստիտուտդեմՉի քվեարկել
6Ինգա ԶարաֆյանԷկոլուր ՀԿՉի քվեարկելդեմ
7Ամալյա ՀամբարձումյանԽազեր էկոլոգամշակութային ՀԿդեմդեմ
8Թեմիկ ԽալափյանՏրտու մշակութային ՀԿդեմՉի քվեարկել
9Անահիտ ԳեւորգյանՄարտունու կանանց համայնքային խորհուրդՉի քվեարկելՉի քվեարկել
10Աբրահամ ԱրտաշեսյանՀամայնքների ֆինանսիստների միավորումՉի քվեարկելՉի քվեարկել
11Սուսաննա ՇահնազարյանԳորիսի մամուլի ակումբդեմՉի քվեարկել
12Լիանա ԱսոյանԲլեջան բնապահպանական ՀԿՉի քվեարկելՉի քվեարկել
13Դիանա ԵղիազարյանԵրիտասարդական ակումբների դաշնությունՉի քվեարկելդեմ
14Նաիրա ԱռաքելյանԱրմավիրի զարգացման կենտրոնՉի քվեարկելՉի քվեարկել

ՀԱՊ-ի գործող կանոնադրությամբ ՀԱՊ որեւէ կազմակերպություն ազատ է ունենալու իր դիրքորոշումը եվրոպական ինտեգրման հարցում, այդ թվում` դեմ լինել դրան եւ կողմ արտահայտվել Հայաստանի միացմանը, օրինակ, Բելառուս-Ռուսաստան դաշինքին: Տարիների դիտարկումներս ցույց են տվել, որ անիմաստ է ակնկալել, որ եվրոպական արժեբանությանը չդավանող կազմակերպությունները կդրսեւորեն ազնվություն եւ բարեվարքություն եւ կհեռանան այս հարթակից` անհամատեղելիության հիմքով: Եվ ուրեմն այդ զտումը պետք էր իրականացնել կանոնադրական փոփոխությունների շրջանակներում: ՀԱՊ-ի կանոնադրական փոփոխությունների աշխատանքային խմբի կոնսենսուսային որոշմամբ առաջարկվող փոփոխություններով կարմիր գիծ էր գծվում Եվրամիության Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմում այդօրինակ կազմակերպությունների ներկայության հարցում: Կանոնադրական այս փոփոխություններով այլեւս դրվելու էր ՀԱՊ-ում եվրոպական արժեքներին իրապես չդավանող, այլ Եվրոպական Միությանը բացառապես որպես սեփական բիզնես շահերի սպասարկու դիտարկող կառույցների զտման սկիզբը: Օբյեկտիվ դիտորդի մոտ կասկած չի մնում, որ կանոնադրական այս փոփոխությունների տապալմանն էր եւ է առաջին հերթին միտված վերոհիշյալ պահանջագիր-նախաձեռնությունը: Ես անընդունելի եմ համարում ՀԱՊ-ի վերադարձը 2013-ին կառույցում առկա այն ՙՙհին ու բարի՚՚ բարքերին, երբ Սերժ Սարգսյանի կողմից Հայաստանը մեկ գիշերում Եվրաասոցացումից դեպի Ռուսաստանի հետ մաքսային միություն շեղելուց հետո ՀԱՊ-ի 200-ից ավելի անդամներից միայն 7-8 հոգի ՀԱՊ կազմակերպած բողոքի ակցիային դուրս եկան: Մնացածը խիստ զբաղված էին եվրոպական եւ ամերիկյան դրամաշնորհները ՙՙմարսելով՚՚:

Առարկայազուրկ է նաեւ այն պնդումը, որ որպես ՀԱՊ համակարգող փորձել եմ քաղաքականացնել ՀԱՊ-ը` «հանդես գալով քաղաքական հայտարարություններով, միանձնյա վարելով բանակցություններ քաղաքական ուժերի հետ, նախաձեռնել եւ անցկացրել միջոցառումներ, ստորագրել քաղաքական բնույթի փաստաթղթեր»: Քաղհասարակության եւ քաղաքական ուժերի համագործակցությունն այլեւս ընդունված գործելակարգ է ժողովրդավարական հասարակություններում եւ որեւէ կերպ չի կարող մեկնաբանվել որպես ՀԱՊ-ը քաղաքականացնելու փորձեր: Առավել եւս ՀԱՊ-ի նպատակներին չի կարող հակասել եվրոպական արժեբանությունը հռչակող եւ դավանող կուսակցությունների հետ ՀԱՊ-ի համագործակցությունը: Որպեսզի ապացուցեմ այս պնդումների սնանկությունը կվկայակոչեմ ԱլԳ անդամ պետության ներսում նման համագործակցության բազում օրինակներից մեկը` 2020թ. Բելառուսում կեղծված նախագահական ընտրություններից հետո ձեւավորված Համակարգման խորհուրդը, որի կազմում ընդգրկված էին եւ քաղաքական գործիչներ եւ քաղհասարակության ներկայացուցիչներ: Ի դեպ, ԱլԳ ՔՀՖ ղեկավար կոմիտեն հանդես էր եկել հայտարարությամբ` կոչ անելով Բելառուսի իշխանությանը կառուցողական երկխոսություն վարել հիշյալ Համակարգող խորհրդի հետ: նշեմ, որ իմ բոլոր հրապարակային ելույթները, որտեղ ես ներկայացել եմ որպես ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող տեղադրված են ՀԱՊ ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/csfanp: Դրանցում արտահայտած իմ մտքերը չեն հակասում ՀԱՊ պաշտոնական դիրքորոշմանը, որը ձեւակերպված է ՀԱՊ հայտարարություններում: Նույնը վերաբերում է այն համաժողովների հայտարարություններին, որոնց տակ ես ստորագրել եմ եւ իմ ստորագրության կողքին նշվել է ոչ միայն ՙՙԱզատ քաղաքացի՚՚ ՀԿ նախագահ, այլ նաեւ/կամ ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ համակարգող:

Հայաստանի՝ Եվրամիության լիիրավ անդամ դառնալու ջատագով հասարակական եւ քաղաքական ուժերի համախմբման իմ ջանքերը դրական արձագանքների են արժանացել ոչ միայն միջազգային կառույցներում եւ արեւմտյան երկրներում, այլեւ հենց ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումում, որի Քարտուղարությունը իմ կազմակերպած Ժողովրդավարական ուժերի համաժողովի հայտարարության անգլերեն տարբերակը տեղադրեց իր պաշտոնական կայքում:

Իսկ արդյո՞ք ԱլԳ ՔՀՖ-ն քաղաքականացնելու փորձ է, ՔՀՖ առաջին աշխատանքային խմբի համակարգողի մասնակցությունը Հայ Ազգային Կոնգրես կուսակցության 2021թ. նախընտրական համագումարին: Կամ ինչպե՞ս է ստացվում, որ շվեդական Ֆորում Սիվ-ը, որի հետ միասին ս.թ. մայիսի 15-ին կազմակերպել էինք Արեւելյան գործընկերությանը նվիրված աշխատաժողով, ինքն էր խնդրել մեզ, որ աշխատաժողովին հրավիրենք նաեւ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների: Արդյունքում, հունիսին Ստոկհոլմում կայանալիք այցելության համար ձեւավորված 10 հոգանոց հայաստանյան պատվիրակության մեջ նրանք, իրենց իսկ ընտրությամբ, ներառել են նաեւ կուսակցություններից մեկի ղեկավարին: Արդյո՞ք վերջինի հետ Շվեդիա մեկնող ՀԱՊ անդամները կուսակցականանալու են: Ընդդիմադիր արտախարհրդարանական կուսակցությունները մի շարք միջազգային դասակարգումներով համարվում են տվյալ երկրի քաղաքացիական հասարակության անքակտելի մաս: Իսկ դրանցից ասես բորոտներից մեծ հեռավորություն պահելը, նրանց հետ չհամագործակցելը՝ իբր «չկուսակցականացվելու» նկատառումներով՝ նախկինում ավտորիտար ռեժիմների ներդրված նարատիվն է, որոնցից քաղհասարակության որոշ ներկայացուցիչներ դեռ չեն ձերբազատվում:

                Երկրորդ համակարգային խնդիրը, ինչպես նշել եմ վերեւում, այն է, որ քաղհասարակության որոշ կառույցներ, այդ թվում՝ դիմումը ստորագրած հասարակական կազմակերպություններից շատերը, տարիներ շարունակ մղոններով հեռու գտնվելով Եվրամիության արժեբանությունից` արեւմտյան, այդ թվում` եվրոպական պետություններից ստանում են դրամաշնորհներ, որոնց արդյունավետությունը՝ Հայաստանի եվրոպական ինտեգրման, տարբեր ոլորտներում ԵՄ չափանիշներին եւ արժեքներին համապատասխանեցնելու տեսանկյունից խնդրահարույց է եւ պետք է դառնա առանձին ուսումնասիրության առարկա: Ավելորդ է խոսել այն մասին, որ այդ կազմակերպությունները, ի տարբերություն ՀԱՊ շատ այլ անդամների, նշված միջոցներից ոչ մի մասնահանում չեն անում ՀԱՊ-ի կարիքների բավարարման նպատակով: Որպես ՀԱՊ համակարգող տարբեր միջազգային գործընկերների հետ իմ շփումներում արծարծում եմ այս հարցը եւ պատրաստվում եմ նախաձեռնել նաեւ այդ կազմակերպությունների իրականացրած ծրագրերի արդյունավետության եւ դրամաշնորհատուներից ստացվող միջոցների թափանցիկության եւ հաշվետվողականության քննություն: Վստահ եմ, որ տեղյակ լինելով իմ այս նախաձեռնության մասին՝ նաեւ այս գործընթացը վիժեցնելու նպատակով է նախաձեռնվել զբաղեցրածս պաշտոնին համապատասխանության հարցի այս քննարկումը: Սույն պարզաբանումներում ներառում եմ պաշտոնական աղբյուրներից հավաքագրված թվերի հիման վրա կազմված տեղեկանքը պանաջագիրը ստորագրած կազմակերպությունների 2020-2022թթ. ֆինանսական հոսքերի վերաբերյալ:

Կազմակերպության անվանումՏարեկան մուտքեր /մլն. դրամ/
 202020212022
«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ38,104,27926,306,26147,182,641
Եվրասիա համագործակցություն հիմնադրամ651,384,0001,174,140,000?
«Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» ՀԿ86,498,578138,508,450?
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն604,180,241471,235,766331,948,071
Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ – Հայաստան41,584,79647,246,48639,869,939
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ30,778,63345,431,53132,808,115
«Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ23,214,64122,440,27228,659,759
«Տրտու» մշակութային ՀԿ 
Մարտունու կանանց համայնքային խորհուրդ91,735,913109,871,133362,721,976
Համայնքների ֆինանսիստների միավորում327,308,213419,039,074120,047,216
Գորիսի մամուլի ակումբ40,317,78486,435,15567,507,088
«Բլեջան» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ3,133,4009,312,600 
Երիտասարդական ակումբների դաշնություն6,180,800
Արմավիրի զարգացման կենտրոն156,224,805447,589,719 

Ստորեւ ներկայացնում եմ նաեւ տեղեկություններ իմ ղեկավարած կազմակերպության՝ ՙՙԱզատ քաղաքաացի՚՚ ՔՆԱԿ ՀԿ-ի ֆինանսական հոսքերի վերաբերյալ, որոնք ավելի շատ էին 2021թ.-ին կնքած պայմանագրերով, երբ ես չէի զբաղեցնում ՀԱՊ համակարգողի պաշտոնը, ինչով հերքվում է մայիսի 25-ի ՀԱՊ համաժողովի ընթացքում պահանջագիրը ստորագրածներից Գայանե Աբրահամյանի հնչեցրած այն կասկածը, թե ես ՀԱՊ համակարգողի պաշտոնն օգտագործելով բարելավել եմ իմ կազմակերպության ֆինանսական դրությունը:

2017-2018թթ.՝ 38,7 մլն /2016թ.-ին կնքած պայմանագրերի հիման վրա/

2019 թ.՝  15,5 մլն /2018թ.-ին կնքած պայմանագրերի հիման վրա/

2020թ.՝  14,8 մլն /2018-ին եւ 2019թ.-ին կնքած պայմանագրերի հիման վրա/

2021թ.՝ 3,3 մլն /2020թ.-ին կնքած պայմանագրերի հիման վրա/

2022թ.՝ 22,7 մլն /2021թ.-ին կնքած պայմանագրերի հիման վրա/

2023թ. /սպասվող/՝ 21,5 մլն, որից 12 մլն-ը՝ 2021թ. կնքած պայմանագրերի հիման վրա, իսկ 9,5 մլն-ը՝ 2023թ.-ին կնքած պայմանագրի հիման վրա:

                Ինչ վերաբերում է դիմում-պահանջագրում մատնանշված կետերին, առաջին կետի առնչությամբ, որում դիմումատուները գունագեղ ձեւակերպումներով պնդում են, որ ՙՙլինելով ՀԱՊ համակարգող Հովսեփ Խուրշուդյանը չի խորշել դառնալ նաեւ ՀԱՊ Քարտուղարության Խորհրդի նախագահ՚՚՝ համարելով դա շահերի բախում, պետք է փաստեմ, որ ըստ ՀԱՊ-ի եւ ՀԱՊ Քարտուղարության կարգավորումներումների՝ վերջինի ստեղծման օրվանից /2014թ.-ին, Կանոնադրությունը կցում եմ/ ՀԱՊ համակարգողը համատեղությամբ զբաղեցրել ՀԱՊ-ի քարտուղարության խորհրդի նախագահի պաշտոնը /տես ՀԱՊ-ի քարտուղարություն իրավաբանական անձանց միության նախկին կանոնադրության 7.9-ը կետը/: Սակայն չգիտես ինչու ուրեւէ մեկի մոտ դա որեւէ հարց չի առաջացրել: Ամեն դեպքում, ինքնին, դա չի շահերի բախում չի կարող դիտարկվել, քանի որ համաձայն ՔՀՖ կանոնադրության 7.6 կետի (համաձայն ՀԱՊ Կանոնադրության, ՔՀՖ Կանոնադրությունը գերակա է վերջինի հանդեպ), շահերի բախումը տեղի է ունենում, երբ Ղեկավար կոմիտեի անդամը. — ներգրավված է կանոնավոր անդամության պարտավորություններից դուրս իր արտասովոր առաջադրանքը կատարելու համար վարձատրության վերաբերյալ որոշումներում. — ներգրավված է այնպիսի գործողություններում, որոնք մրցակցում են ԱլԳ ՔՀՖ-ի շահերի հետ կամ ուղղված են ընդդեմ շահերի: Ինչ վերաբերում է գործադիր մարմնի նիստերի նախագահությանը, ապա ՀԱՊ-ի ստեղծման օրվանից պրակտիկայի ուժով այդ մարմնի նիստերը վարել է ՀԱՊ համակարգողը: Ձեւավորված պրակտիկային կարգավորումների ուժ տալը արհեստականորեն խնդիր սարքելը առնվազն զավեշտալի է: Համենայնդեպս, հերթական չվարձատրվող պաշտոն զբաղեցնելը հերթական ծանր պարտականությունն է, և որ որևէ մեկի մտքով չանցնի, որ երազել եմ ՀԿ խորհրդի նախագահի պաշտոնի մասին, հունիսի 9-ի նիստից անմիջապես հետո պատրաստվում եմ հրաժարական տալ այդ պաշտոնից։ Սա հեշտ լուծվող հարց է. պարզապես պետք էր ասել, որ որոշ կազմակերպություններ մտահոգություններ ունեն իմ կողմից այս երկու պաշտոնները զբաղեցնելու վերաբերյալ, նախքան հանկարծակի մեղադրանքներ հնչեցնելը:

                Աշխատանքային խմբի համակարգողների իմ նախաձեռնած ռոտացիայի մասով պետք է նշեմ, որ պարբերական ընտրությունները ժողովրդավարական հասարակության գոյատեւման գրավականն են եւ ՀԱՊ-ի կանոնադրության 3.14.1-ի մասի պահանջը (2 տարի սահմանաչափով): Դրանով նաեւ ապահովվում է ՀԱՊ բոլոր անդամների՝ աշխատանքային խմբի համակարգող առաջադրվելու եւ ընտրվելու իրավունքը: Սակայն քանի որ կանոնադրության նշված կետը հակասության մեջ է մտնում Կանոնադրության նույն մասի հաջորդ դրույթի հետ /ըստ որի համակարգողը պետք է ընտրվի ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ընտրություններից անմիջապես հետո/ ես, ընդունելով առաջին խմբի համակարգողի փաստարկների լեգիտիմությունը, որոշել եմ աշխատանքային խմբի նիստի օրակարգից հանել ընտրությունների հարցը եւ սպասել ՂԿ նիստին: Սակայն երբ ՂԿ նիստում որոշվեց ամբողջ ԱլԳ տարածքում հետաձգել պատվիրակների  ընտրությունները մինչեւ նոյեմբեր /ինչին, ի դեպ դեմ ենք քվեարկել միայն ես, Միքայել Հովհաննիսյանը եւ ՂԿ համանախագահ Իրինա Սուխիյը/, ակնհայտ դարձավ, որ կանոնադրական այս հակասության հարցը պետք է որեւէ կերպ լուծվի եւ դրա միակ եղանակը կանոնադրական փոփոխություններն են, որոնք կենդանի օրգանիզմ հանդիսացող կառույցի համար բնականոն եւ նորմալ երեւույթ են: Զրպարտություն են նաեւ պնդումները, թե ես աշխատանքային խմբերի նիստեր եմ հրավիրել՝ առանց դրանց համակարգողներին նախորոք տեղյակ պահելու, որի կապակցությամբ կցում եմ անհրաժեշտ փաստերը՝ նամակագրությունների տեսքով: Այդ նամակագրություններից պարզ է դառնում, որ ես ոչ միայն վաղորոք /3-20 օր առաջ/ տեղյակ եմ պահել երկու համակարգողներին էլ ծրագրվող նիստերի մասին, այլեւ 3-րդ աշխ. Խմբի դեպքում՝ խնդրել եմ, որ հենց խմբի համակարգողը դա կազմակերպի, ինչն էլ նա արել է: 

Ընդհանրապես, այս բոլոր մեղադրանքների անհեթեթության աստիճանը ցույց է տալիս որ 14 կազմակերպությունների ստորագրությամբ դիմում-պահանջագրի հեղինակները հռչակված նպատակներից բացի այս գործընթացով հետապնդել են ստվերային՝ քաղաքական նպատակներ, այն է՝ քաղաքական հետապնդման միջոցով լռեցնել ՀԱՊ համակարգողի հրապարակային ակտիվությունը:

                Ինչ վերաբերում է ՀԱՊ-ի քարտուղարության գործադիր տնօրենի հարցին, ՀԱՊ-ի համաժողովը չէ այն իրավասու մարմինը, որը պետք է քննարկի այն: ՀԱՊ-ի համաժողովը չի ընտրում ՀԱՊ-ի քարտուղարության գործադիր տնօրենին եւ ՀԱՊ-ը չի տվյալ աշխատակցի գործունեության քննության հարթակը: Քարտուղարության գործադիր տնօրենի առնչությամբ միակ բանը, որ այս ձեւաչափում կարող եմ ասել, այն է, որ խորապես ափսոսում եմ, որ նրան աշխատանքի ընդունելիս նրա վերաբերյալ իր նախկին երկարամյա գործատուից՝ Բաց հասարակություններ Հայաստան հիմնադրամից երաշխավորություն չեմ հայցել: Կազմակերպության կնիքի մասով հասարակական կազմակերպությունների մասին օրենսդրությունը չի նախատեսել որեւէ կարգավորում: ՀԱՊ քարտուղարություն ՀԿ-ն եւս չունի որեւէ կարգավորում կնիքի պահպանման եւ օգտագործման վերաբերյալ: Անհրաժեշտության դեպքում ՀԿ-ի կառավարման մարմինները կքննարկեն նաեւ այս հարցերը: Միեւնույն ժամանակ, ՀԿ-ի կնիքին չտիրապետելը որեւէ կերպ չի զրկում գործադիր տնօրենին իր աշխատանքային պարտականությունները կատարելու հնարավորությունից, ուստի այս մեղադրանքը եւս արհեստածին է:

Անհիմն են նաեւ պնդումները, թե իբր ՙՙհարկային դաշտում համապատասխան լիազորությունները գործադիր տնօրեն Անի Կոջոյանին չփոխանցելը, կազմակերպության բանկային հաշվեհամարները նրա անունով չանվանափոխելը խաթարել են Քարտուղարության բնականոն աշխատանքը։՚՚

Այսպես, Անի Կոջոյանին տրամադրված է լիազորություն՝ դիտելու ու այդ միջոցով նաեւ վերահսկելու հարկային մարմիններում կազմակերպության առցանց գրասենյակի ամբողջ շարժը՝ սկսած հանձնվող հաշվետվություններից մինչեւ հարկայինի կողմից ուղարկված նամակների ընթերցումը: Իսկ հաշվետվությունները ստորագրելը կազմակերպության հաշվապահի գործառույթն է: Անի Կոջոյանի՝ աշխատանքի ընդունվելուց մինչ օրս հաշվապահի կողմից հարկային մարմիններին կազմակերպության հաշվետվությունների ներկայացման որեւէ ուշացում չի եղել: Նույնը վերաբերում է բանկային փոխանցումների կատարմանը, որոնք հաշվապահը բարեխղճորեն կատարում է՝ հիմնվելով աշխատավարձերի փոխանցման՝ աշխատանքային պայմանագրերում առկա ժամկետի, կամ գործադիր տնօրենի ստորագրած ֆինանսական փաստաթղթերի, կամ նրա հանձնարարությամբ հաշվապահի դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի հիման վրա:

Վերջապես, ե՛ւ գործադիր տնօրենին ե՛ւ հաղորդակցության մասնագետին աշխատանքի ընդունելու գործընթացը կատարվել է մրցութային կարգով, նրանց հետ որեւէ անձնական հարց եւ խնդիր չեմ ունեցել, նրանցից իմ պահանջները վերաբերվել են նրանց աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելուն, ինչը կարող եք տեսնել կցվող նամակագրություններից: Սակայն թե՛ իմ, թե՛ Քարտուղարության խորհրդի անդամների հորդորները ուղղված նրան գործելու կառուցողական հունի մեջ շարունակաբար անտեսվել են, եւ այս վերջին նախաձեռնություններին միանալը եւս փաստում է, որ իր աշխատանքային գործունեության մեջ անհրաժեշտ շտկումներ կատարելուն ուղղված ջանքերի գործադրման փոխարեն` նա ընտրել է իմ եւ Պլատֆորմի որոշ անդամների քաղաքական տարաձայնություններն օգտագործելով իր համար շահեկան իրավիճակի ձեւավորման ուղին, որպիսին կարող է հանդիսանալ պաշտոնի անհամապատասխանության հիմքով իմ հեռացումը:

Անի Կոջոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով իմ նախաձեռնած գործընթացին, ինչպես նաեւ՝ ՀԱՊ Քարտուղարություն ՀԿ խորհրդի նիստին վերաբերող նյութերը, նիստի ձայնագրությունը, աշխատանքային որոշ նամակագրություններ՝ ՀԱՊ Քարտուղարություն ՀԿ խորհրդի անդամների հետ համաձայնեցմամբ կցում եմ սույն պարզաբանմանը: 

Վերջին կետի մասով ցավում եմ, որ 14 դիմումատուները ինձ ինչ-որ մեղադրանքներ ներկայացնելիս հիմնվում են բանսարկությունների վրա: Ես երբեւէ չեմ պահանջել Անի Կոջոյանից պաշտոնից ազատվել: Իսկ որակել Հայաստանի պայմաններում խիստ բարձր վարձատրվող աշխատանքը պատշաճ կատարելու պահանջները որպես ճնշում՝ առնվազն մանիպուլյացիա է: Նշեմ նաեւ, որ Անի Կոջոյանը չի հանդիսանում ՀԱՊ Քարտուղարություն, ինչպես որ նա հայտարարեց մայիսի 25-ի ՀԱՊ համաժողովի ընթացքում /ձայնագրությունը կցում եմ/, այլ միայն ՀԱՊ Քարտուղարություն ՀԿ գործադիր տնօրեն, ուստի չի կարող հանդիսանալ ՀԱՊ կառավարման մարմին:

ՀԱՊ Քարտուղարություն ՀԿ-ն գործադիր տնօրեն է ընդունել աշխատանքի՝ որպեսզի վերջինս աշխատի, այլ ոչ թե չաշխատի, ու դրա փոխարեն քաղաքական պայքար սկսի ՀԱՊ համակարգողի եւ ՀԱՊ Քարտուղարության Խորհրդի նախագահի դեմ: Չաշխատող գործադիր տնօրենով հնարավոր չէ հասնել ՀԱՊ առջեւ դրված խնդիրների կատարմանը, ծրագրերի իրականացմանը: Իսկ եթե 14 դիմումատուները պատրաստվում են միջամտել ՀԱՊ քարտուղարության մենեջմենթին, ապա թող բարի լինեն ամենօրյա ռեժիմով ներկա գտնվել ՀԱՊ քարտուղարություն ՀԿ ներաշխատանքային հարաբերություններին եւ ապահովել գործադիր տնօրենի՝ հանձնարարված ծավալով եւ պատշաճ որակով իր աշխատանքային պարտականությունների կատարումը:

Անի Կոջոյանին աշխատանքի ընդունելուց իր հետ կնքված պայմանագրի բաղկացուցիչ մաս հանդիսացող տեխնիկական առաջադրանքում ուղիղ նշված է ֆոնդահայթայթում իրականացնելու իր պարտականության մասին: Սակայն նա մինչ օրս որեւէ դրամաշնորհ կամ ֆոնդ չի ներգրավվել: Դրա հետեւանքով՝ ես չեմ կարողանում իրականացնել իմ նախանշած ծրագրային դրույթների 1-ին, 3-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերը, որոնք ուղիղ փոխկապակցված են ֆոնդահայթայթման հետ.

  • ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ ներքին կյանքի ակտիվացման խթանում, ԱլԳ ծրագրերի եւ ԵՄ-Հայաստան ՍԵՊԱ համաձայնագրի դրույթների իրագործման գործում ՀԱՊ անդամների ավելի մեծ ներգրավման խթանում, այդ նպատակով ֆոնդահայթայթման ինստիտուցիոնալ մեխանիզմի ձեւավորում: ՀԱՊ-ը պետք է դառնա Հայաստանի եվրոպական ինտեգրման առաջամարտիկը.
  • ԱլԳ ՔՀՖ 2022-2030 ռազմավարության նախանշած արդյունքներին միտված գործունեության ծավալում.   
  • ՍԵՊԱ-ի, ԱլԳ-ի եւ ՀԱՊ-ի մասին Հայաստանի հանրության իրազեկվածության մեծացում, նոր, հատկապես մարզային հասարակական կազմակերպությունների մոտիվացում՝ ներգրավվելու ՀԱՊ աշխատանքներին.
  • Աջակցություն ՀԱՊ կազմակերպություններին՝ դրամաշնորհների հայտեր լրացնելու կարողությունների զարգացման, ԵՄ-ում եւ ԱլԳ երկրներում գործընկերներ գտնելու եւ նրանց հետ համագործակցություն ծավալելու, ինչպես նաեւ շահերի պաշտպանության/առաջմղման /advocacy/ կարողությունների զարգացման գործում: 

Ու սա միակ պարտականությունը չէ, որ նա ստանձնել է, սակայն չի իրականացնում: Ի դեպ, արդեն երկու ամսից ավելի է ես պահանջում եմ նրանից ներկայացնել աշխատանքի ընդունվելուց ի վեր իր կատարած աշխատանքների հաշվետվությունը, ինչը նա մինչ օրս համառորեն չի կատարում: 

Հասկանալու համար, թե դիմում-պահանջագիրը ստորագրած անցանց ներկայացրած/ղեկավարած կազմակերպություններից քանիսն են եւ ինչ ծավալով ֆինանսավորվում Եվրասիա համագործակցության հիմնադրամի կողմից, ես ստիպված կլինեմ պաշտոնապես դիմել վերջինին՝ տրամադրելու համար այդ տեղեկատվությունը, քանի որ իր կայքում նման տեղեկատվությունը բացակայում է: ՙՙԲաց հասարակությանը բնորոշ թափանցիկության՚՚ եւս մեկ օրինակ: Մինչդեռ դա շատ կարեւոր է՝ հասկանալու համար, թե որ չափով է ազդել դիմում-պահանջագիրը ստորագրած կազմակերպությունների վրա մերկանտիլ շահերը եւ/կամ Եվրասիա հիմնադրամից նրանց ֆինանսական կախվածությունը:

Նաեւ առաջարկում եմ Համաժողովին չսպասել համընդհանուր եկամուտների հայտարարագրմանը, այլ այսուհետ ՀԱՊ կանոնադրական պահանջ դարձնել ՀԱՊ համակարգողների եւ այդ կարգավիճակին հավակնողների գույքի եւ եկամուտների հայտարարգրումը:

Հարգելի ՀԱՊ անդամներ,

Ներողություն եմ խնդրում այպիսի երկար շարադրանքի համար, սակայն ներկայացնելու համար քաղաքական հարցերին, մենեջմենթին եւ միկրոմենեջմենթին վերաբերող մեղադրանքները հերքող փաստեր, իսկ դրանց լույսի ներքո՝ նաեւ այս խմբի՝ ինձ պաշտոնանկ անելու հապշտապ փորձի իրական դրդապատճառները, որոնք, ինչպես տեսաք, որեւէ աղերս չունեն Արեւելյան գործընկերության, նրա Քաղաքացիական հասարակության ֆորումի եւ նրա Հայաստանի ազգային պլատֆորմի շահերի եւ նպատակների հետ՝ այլ տարբերակ չունեի: Նաեւ ակնհայտ է դառնում, թե ինչու էին պնդում դիմում ստորագրած անձիք, որպեսզի իրենց դիմումի քննարկումը տեղի ունենա հենց տեղում՝ առանց ինձ հնարավորություն տալու նախապատրաստվել եւ նարկայացնել համակարգված փաստեր եւ հակափաստարկներ: ԵՎ կրկին, շնորհակալ եմ Համաժողովին այդ պահանջը մերժելու եւ ինձ այս հնարավորությունը տալու համար:

Այսպիսով, ես մերժում եմ դիմում-պահանջագիրը ստորագրած 14 անձանց բոլոր մեղադրանքները, համարում եմ դրանք շինծու, բանսարկությունների վրա հիմնված, հետին նպատակներ հետապնդող: Ես կոչ եմ անում Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմին չաջակցել այս դիմում-պահանջագիրը ներկայացրած անձանց՝ քաղաքացիական բաց հասարակության սկզբունքների եւ արժեքների հետ կապ չունեցող ոչ-թափանցիկ եւ հակաժողովրդավարական գործելաոճին, որը միտված է նաեւ ՀԱՊ-ի ներսում վերջին տարիներին կայունացած եւ կառուցողական հուն մտած մթնոլորտը կեղծ օրակարգերի շուրջ անպտուղ քննարկումներով ապականելուն: 

Հարգանքով՝

Հովսեփ Խուրշուդյան

ՀԱՊ համակարգող,

ՀԱՊ Քարտուղարություն ՀԿ Խորհրդի նախագահ

30 մայիսի 2023թ., Երեւան

Ներբեռնել