3 Նոյեմբերի, 2021
ՀԱՊ ԱԽ5-ի արտագնա հանդիպում՝ նվիրված սոցիալական ձեռնարկատիրության խթանմանը և սոցիալական երկխոսության զարգացմանը

2021թ. հոկտեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքում տեղի ունեցավ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի 5-րդ աշխատանքային խմբի արտագնա աշխատանքային հանդիպում։ «Էթիունի մոռացված թագավորություն» և «Բոհեմ արվեստանոց թեյարան» սոցիալական ձեռնարկություններում անցկացվող հանդիպմանը մասնակցում էին ԱԽ5-ի անդամներ, սոցիալական ձեռնարկությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, ինչպես նաև ՀԱՊ ԱԽ2-ի և ԱԽ3-ի ներկայացուցիչներ:

Աշխատանքային խմբի հանդիպման հիմնական նպատակն էր նպաստել ՀԱՊ 5-րդ ԱԽ անդամների կարողությունների զարգացմանը՝ սոցիալական երկխոսության և սոցիալական ձեռնարկատիրության թեմաներով, հայաստանյան ՍՁ ոլորտի վերաբերյալ նրանց իրազեկության բարձրացմանը, ՍՁ հաջողված փորձի տարածմանը:

ՀԱՊ ԱԽ5-ի համակարգող Հասմիկ Ասլանյանը հակիրճ ներկայացրեց խմբի գործունեությունը, առաջնահերթություններն ու անելիքները։ Հանդիպման առաջին բանախոսը Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի (ՀՍՁԱ)  նախագահ, ԱԽ5-ի անդամ Սաթիկ Բադեյանն էր, որը ներկայացրեց սոցիալական ձեռնարկատիրության կարևոր դերը և դրա՝ Հայաստանում գործող մի քանի մոդելներ:

«Սոցիալական ձեռնարկատիրությունը և կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը, ՍՁ կառավարման համակարգը»  զեկույցով հանդես եկավ հանդիպմանը առցանց միացած ՍՁ ոլորտի փորձագետ Նազարեթ Սեֆերյանը: Նա ներկայացրեց Եվրոպայում տարածում գտած մի ՍՁ մոդել, որի նպատակն է աշխատանքի ընդունել աշխատաշուկայում անմրցունակ անձանց, նրանց տալ հմտություններ հենց աշխատանքի ընթացքում, ապա բաց թողնել աշխատաշուկա՝ նրանց փոխարեն դասընթացներում ներգրավելով հաջորդ կարիքավոր խմբերի։

Զեկուցման ընթացքում բուռն քննարկումներ ծավալվեցին, համեմատության մեջ դրվեցին Հայաստանում և ԵՄ-ում գործող ՍՁ-ների մոդելները: «Թագանի» ՍՁ հիմնադիր Անահիտ Գևորգյանը ԵՄ-ի մոդելը դիտարկեց իրենց ՍՁ-ի օրինակով և եզրակացրեց, որ հայաստանյան շուկայի փոքր ծավալների պարագայում դժվար է կիրառել  ԵՄ-ում աշխատող մոդելներ՝ առանց փոփոխման և տեղայնացման։    

Մասնակիցները ծանոթացան Լճաշենի «Էթիունի մոռացված թագավորություն» ՍՁ-ի, ՀԿ կենտրոնի կողմից գործարկվող «ՏՈՒԿ» ՍՁ-ի, Կալավանում գործարկվող «Քարապուր» ՍՁ-ի գործունեությանը: ՍՁ-ները ներկայացրին իրենց ձեռքբերումները և հեռանկարները, ազդեցությունը համայնքային կյանքի վրա: «Էթիունի մոռացված թագավորություն» ՍՁ-ի մոդելի օրինակով ներկայացվեց, թե ինչպես է Լճաշենի հնագիտական ժառանգությունը դրվել սոցիալական ձեռնարկության գործունեության հիմքում՝ համայնքային զարգացում ապահովելու նպատակով։ 

Վայքում գործող «Աշխատանք և հայրենիք» ՀԿ-ից Ռուզաննա Ղազարյանը ներկայացրեց իրենց կազմակերպության կողմից իրականացվող մի ծրագիր, որի շրջանակներում իրենք աջակցում են նորավարտ երիտասարդներին աշխատանքային փորձ ձեռք բերելու գործում, նաև՝ խրախուսում գործատուին: Շատ ուսանելի էին Մարտունու «Թագանի» ՍՁ-ի, Գորիսի կանանց զարգացման ռեսուրս կենտրոնի ստեղծած ՍՁ-ի, «Սարերի բարիք» ՍՁ-ի օրինակները՝  որպես դինամիկ և ինտեգրված տնտեսության մոդելներ։

Աշխատանքային հանդիպումը շարունակվեց համայնքային կյանքում նշանակալի ազդեցություն ունեցող «Բոհեմ արվեստանոց թեյարան» սոցիալական ձեռնարկությունում։ Ներկայացվեց նաև «Սոնիշկա» մանկան զարգացման կենտրոնի, EREOstyle հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ստեղծված հուշանվերների արտադրության, «Սարերի բարիք» և «Ինովացիոն և տեխնոլոգիական համայնք» ՍՁ-ների աշխատանքը։ «Միասին» հիմնադրամի ղեկավար Աստղիկ Մարանջյանը խոսեց իրենց գործունեության մասին՝ ուղղված  աշակերտության ջատագովությանը և  Հայաստանում գաղափարը տարածելու համար ներդրած ջանքերին, նաև հիմնադրամի կողմից ստեղծված «Բոնապետիտ»  ՍՁ-ին, որը հացի և հրուշակեղենի արտադրամաս է՝ ստեղծված մանկատնից դուրս եկած երիտասարդներին մասնագիտական կրթություն և աշխատանք ապահովելու նպատակով։

Աշխատանքային հանդիպումը շատ հագեցած էր և նախատեսվածից երկար տևեց։ Հանդիպումը ՔՀՖ հայաստանի ազգային պլատֆորմի անդամներին հնարավորություն տվեց մոտիկից ծանոթանալ միմյանց հետ, մտածել համատեղ գործընկերային աշխատանքների կազմակերպման, սոցիալական երկխոսության բարելավման ուղղությամբ իրականացվող և նոր ստեղծվող նախաձեռնությունների ակտիվացման շուրջ: Մասնակիցները ծանոթացան նաև Լճաշենի  բացառիկ մշակույթին՝ այցելելով հնագիտական և պատմամշակութային  հուշարձաններ:

ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ ԱԽ5-ի արտագնա աշխատանքային հանդիպումն իրականացվել է ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ քարտուղարության՝ ՀԱՊ աշխատանքային խմբերի գործունեության աջակցության շրջանակում, «Սոցիալական ձեռնարկատիրությունը որպես դինամիկ և ինտեգրված տնտեսության ու սոցիալական երկխոսության մոդել» ծրագրի ներքո։