Նորություններ

Խմելու ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիությունը Հայաստանում, Վրաստանում և Մոլդովայում

Երկրի կամ տարածաշրջանի ջրային անվտանգությունը կարող է առերեսվել ամենատարբեր սպառնալիքների՝ կենսաբանական վտանգներ, կլիմայի փոփոխություն, բնական աղետներ, քաղաքական բռնություններ և այլն, սակայն, ջրի սակավությունը ջրի անվտանգության ամենից տարածված սպառնալիքն է: Աշխարհի բնակչության թվի աճն ավելացնում է խմելու ջրի և մշակաբույսերի աճեցման համար անհրաժեշտ ոռոգման ջրի պահանջարկը: Սա հանգեցնում է ջրի ճգնաժամի, այսինքն՝ չկա բավարար քանակով ջուր՝ այն բոլորի միջև բաշխելու համար: Աշխարհի շատ երկրներ բախվում են տնտեսական նպատակներով օգտագործվող ջրի սակավության խնդրին, քանի որ չունեն համապատասխան ենթակառուցվածքներ, տեխնոլոգիաներ և մարդկային ներուժ՝ առկա ջրային ռեսուրսները կառավարելու և բնակչության համար ջրի հասանելիություն ապահովելու համար:
Թեև Հայաստանը համեմատաբար հարուստ է ջրային պաշարներով և համարվում է ջրային ռեսուրսներով «չափավոր ապահովված» երկիր, այնուամենայնիվ, խմելու ջրամատակարարման հավասար հասանելիությունը դեռևս խնդիր է Հայաստանի հարյուրավոր գյուղական բնակավայրերի համար: Ինչպես հայտնի է, 2017 թ․-ի հունվարի 1-ից ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայություններն իրականացնում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն։ ՀՀ 1002 բնակավայրից շուրջ 579 գյուղական բնակավայր ապահովված չեն կենտրոնացված ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններով և ընդգրկված չեն ջրամատակարարման ընկերությունների սպասարկման տարածքում։ Նշված բնակավայրերի ջրամատակարարումն իրականացվում է գյուղապետարանների կողմից։
Խմելու ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության հիմնախնդրի քննարկմանն էր նվիրված 2023թ․-ի հոկտեմբերի 25-ին՝ Երևանի «Օպերա Սուիթ» հյուրանոցի «Մոցարտ» սրահում կայացած ««ՄԱԿ-ի ԵՏՀ-ի/ԱՀԿ-ի «Ջրի և առողջության մասին» Արձանագրության իրականացումը Հայաստանում, Վրաստանում և Մոլդովայում»» խորագրով հանդիպումը։ Միջոցառումը կազմակերպվել էր «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ ««Նպաստել Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետությունների միջև անվտանգ խմելու ջրի հավասար հասանելիության վերաբերյալ փորձի և լավագույն գործելակերպի փոխանակմանը՝ ՄԱԿ-ի ԵՏՀ-ի/ԱՀԿ-ի «Ջրի և առողջության մասին» արձանագրության շրջանակում»» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը համատեղ իրականացվում է ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի, Մոլդովայի «Դնեստր գետի պահապաններ — Էկո-ՏԻՐԱՍ» և Վրաստանի «Բնապահպանական հետազոտությունների միջազգային կենտրոն» (IFCER) կազմակերպությունների կողմից։
Ներկաների թվում էին ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի, ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, Մոլդովայի և Վրաստանի վերոհիշյալ կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Բացման խոսքով մասնակիցներին ողջունեցին ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի նախագահ Ելենա Մանվելյանը և ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող Հովսեփ Խուրշուդյանը՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։
Միջոցառման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանում, Մոլդովայում և Վրաստանում ՄԱԿ-ի ԵՏՀ-ի/ԱՀԿ-ի «Ջրի և առողջության մասին» արձանագրության դրույթների իրականացման ոլորտում ձեռք բերված փորձին և լավագույն գործելակերպին։ Խոսվեց նաև չսպասարկվող բնակավայրերում խմելու ջրամատակարարման և ջրահեռացման բարելավմանը խոչընդոտող հանգամանքների և դրանց հաղթահարման ուղիների մասին։
Ըստ «Էկո-ՏԻՐԱՍ»-ի ներկայացուցիչ Իլյա Տրոմիցկիի, հայտնաբերված առաջնահերթ խնդիրը ստորգետնյա աղբյուրներից և գյուղական ջրատարներից խմելու ջրի որակի անհամապատասխանության բարձր մակարդակն է, ինչը վտանգ է ներկայացնում առողջության համար: Նա նաև նշեց, որ դանդաղ առաջընթացը և քաղաքային ու գյուղական բնակչության միջև անվտանգ կառավարվող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի հասանելիության մեծ անհամապատասխանությունն ամենակարևոր խնդիրներն են: Մոլդովայի Հանրապետությունում «Ջրի և առողջության մասին» արձանագրության իրականացման վերաբերյալ ազգային ծրագրի իրականացումը (2016-2025 թթ.) ազգային առաջնահերթություն է, որն ազդում է կյանքի որակի և անուղղակիորեն բնակչության առողջության վիճակի բարելավման վրա:
Բնապահպանական հետազոտությունների միջազգային կենտրոնի ներկայացուցիչ Գիա Աբրամիան իր ելույթում նշեց, որ Բորժոմիի Ախալդաբա, Կվիբիսի և Զանավի բնակավայրերում մարդիկ ապավինում են ջրհորերին՝ որպես խմելու ջրի այլընտրանքային աղբյուր։ Ցավոք սրտի, որոշ հորեր տեղադրված չեն պատշաճ տեղերում և ոչ միշտ են կիրառվում սանիտարահիգիենիկ պահանջները։ Իրենց հետազոտության ընթացքում նրանք պարզել են, որ 18 հորերից միայն 4 հորատերերն են ապահովել քլորացման գործընթացը։ Նա ընդգծեց նաև, որ աղիքային հիվանդությունների տարածման ժամանակ կանխարգելիչ նկատառումներով խորհուրդ է տրվում օգտագործել Intesti Bacteriophage-ի օրինական ճանաչված բժշկական պատրաստուկն՝ այդ պատրաստուկն ավելացնելով հորերի մեջ:
Հանդիպման ավարտին մասնակիցները հանդես եկան առաջարկություններով, որոնք կարող են նպաստել խմելու ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության խնդիրների լուծմանը:
«Ծրագիրն աջակցվում է ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի անդամներին Վերաֆինանսավորման ծրագրի (FSTP) միջոցով: Ծրագիրը նպատակ ունի ամրապնդել տարածաշրջանային հարթությունը և համագործակցությունը՝ Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետություններում ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության ապահովման գործում տեղեկատվության հավաքագրման ու տարածման և փորձի փոխանակման միջոցով՝ 1992 թ.-ի «Անդրսահմանային ջրային հոսքերի և միջազգային լճերի պաշտպանության և օգտագործման մասին կոնվենցիային» կից ՄԱԿ-ի ԵՏՀ-ի/ԱՀԿ-ի «Ջրի և առողջության մասին» արձանագրության շրջանակում»:

Կոնտակտային անձ՝ Էմմա Անախասյան
Կազմակերպություն՝ «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ
Հեռախոսահամար՝ +374 10523604
Էլ․փոստի հասցե՝ officeawhhe@gmail.com
Կայքի հասցե՝ www.awhhe.am

Eastern Partnership Armenia

Recent Posts

ԱլԳ ՔՀ Ֆորումի ղեկավար կոմիտեի անդամ Հովսեփ Խուրշուդյանի ելույթը Արեւելյան գործընկերության Տեղական ինքնակառավարման մարմինների կոնֆերանսում (CORLEAP)

ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի անդամ Հովսեփ Խուրշուդյանը Քարտուղարության տնօրեն Անդրեա Ռայմոնդիի հետ միասին…

3 շաբաթ ago

Պատումների (նարատիվների) վերլուծության և հիբրիդային սպառնալիքների թեմայով գործնական դասընթաց

Հարգելի գործընկերներ, Հրավիրում ենք Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին…

4 շաբաթ ago

Հարկադիր աշխատանքի, թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց վիճակագրական տվյալների հետազոտություն

ՔՀՖ ենթադրամաշնորհների շրջանակներում ֆինանսավորվող ծրագիր ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ-ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ Ծրագրի անվանումը՝ Հարկադիր աշխատանքի, թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց…

1 ամիս ago

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը դատապարտում է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի չեղարկումը

Այս տարվա սեպտեմբերի 30-ին լրացավ երկու տարին Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայ ժողովրդի լիակատար բռնագաղթեցման իրենց…

2 ամիս ago

«Թվային անվտանգության վերապատրաստում» թեմայով դասընթաց

Սույն թվականի սեպտեմբերի 29-ին ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը կազմակերպել էր «Թվային անվտանգություն» թեմայով վերապատրաստման…

2 ամիս ago

«Թվային անվտանգության վերապատրաստում» թեմայով դասընթաց։

Հարգելի ՀԱՊ անդամներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս․թ․ սեպտեմբերի 29-ին ՀԱՊ-ը կազմակերպում է «Թվային անվտանգության…

2 ամիս ago