Նորություններ

Հայաստանյան Եվրաքվե քաղաքացիական նախաձեռնությունն արժանացել է Արևելյան գործընկերության 2026 թվականի քաղաքացիական հասարակության մրցանակին

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՔԻՇՆԵՎ / ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի, 2026 թ. — Նոյեմբերի 24-ին, Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության գագաթնաժողովի շրջանակում հայաստանյան Եվրաքվե քաղաքացիական նախաձեռնությանը շնորհվել է Արևելյան գործընկերության 2026 թվականի քաղաքացիական հասարակության հեղինակավոր մրցանակը։
2018 թվականից ի վեր Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի կողմից շնորհվող այս մրցանակը մեծարում է տարածաշրջանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ամենօրյա խիզախությունը, նվիրումն ու ներդրումը՝ ուղղված ժողովրդավարության, ազատության, արդարության և մարդկային արժանապատվության պաշտպանությանն ու ամրապնդմանը։ Մրցանակակրին ամեն տարի ընտրում է Ֆորումի Ղեկավար կոմիտեն՝ կարևորելով քաղաքացիական հասարակության հավաքական ուժն ու դերը հասարակությունների ապագայի կերտման գործում։

Մրցանակը հանձնելիս Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեի համանախագահ Լիլիանա Պալիհովիչն ընդգծել է, որ Ղեկավար կոմիտեն որոշել է առանձնացնել քաղաքացիական համախմբման մի բացառիկ օրինակ, որը ցույց է տալիս, թե ինչպես քաղաքացիները, գործելու հնարավորություն և միջոցներ ունենալու դեպքում, կարող են դառնալ ակտիվ ուժ՝ իրենց երկրի ապագան կերտելու գործում։ Նա հիշեցրել է, որ 2024 թվականի սեպտեմբերին քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ակտիվիստների և եվրոպամետ ժողովրդավարական ուժերի դաշինքը՝ ձևավորելով 51 անդամից բաղկացած նախաձեռնող խումբ, կիրառեց ՀՀ Սահմանադրության հազվադեպ օգտագործվող դրույթը և սահմանված 60 օրվա փոխարեն ընդամենը 40 օրում հավաքեց ավելի քան 60,000 ստորագրություն՝ գերազանցելով պահանջվող 50,000 շեմը։ Այս քաղաքացիական համախմբման արդյունքում 2025 թվականի մարտի 26-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը։ Լիլիանա Պալիհովիչը նշել է, որ Եվրաքվեն սահմանադրական դրույթը վերածեց ժողովրդավարության գործուն գործիքի՝ ապացուցելով, որ իրական փոփոխությունները կերտվում են համագործակցության, վճռականության և քաղաքացիների ակտիվ մասնակցության միջոցով։

Եվրաքվե քաղաքացիական նախաձեռնության անունից մրցանակն ընդունել է Խաղաղության երկխոսություն հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Էլինա Խաչատրյանը։ Իր շնորհակալական խոսքում նա նշել է, որ Եվրաքվեն ավելին էր, քան պարզապես ստորագրահավաքի արշավ․ այն ուղերձ էր առ այն, որ քաղաքացիները ոչ թե իրենց երկրի ապագայի լոկ դիտորդներն են, այլև այդ ապագան որոշողները։
Էլինա Խաչատրյանն իր երախտագիտությունն է հայտնել նախաձեռնության հիմքում կանգնած քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, փորձագետներին, քաղաքական ուժերին, ինչպես նաև հարյուրավոր կամավորներին ու մարզային համակարգողներին, որոնց անմնացորդ նվիրումն ու քրտնաջան աշխատանքը հնարավոր դարձրին այս նախաձեռնության հաջողությունը։ Նա ընդգծել է, որ Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպությունից Հովսեփ Խուրշուդյանը նախաձեռնության շարժիչ ուժերից մեկն էր, իսկ Իրավունքի Եվրոպա միավորում ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը լուրջ ջանքեր է ներդրել տեքստի շուրջ բանակցելու, ինչպես նաև հանրությանը Եվրոպայի և Եվրոպական միության հիմքում ընկած գաղափարը ներկայացնելու ուղղությամբ։ Նա առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Արտակ Զեյնալյանին՝ ընդհանուր նպատակադրումը օրենսդրական առաջարկի վերածելու գործում ունեցած ներդրման համար, ինչպես նաև Նվարդ Մանասյանին, որն օգնեց ավելի լսելի դարձնել կանանց ձայնը։ Բացի այդ, Էլինա Խաչատրյանը երախտիքի խոսք է հղել Հասմիկ Ասլանյանին և Լուսինե Պետրոսյանին՝ ստորագրությունների հավաքագրման աշխատանքների, Ստեփան Գրիգորյանին՝ իր YouTube-յան ալիքի միջոցով հանրային իրազեկության բարձրացման, Լևոն Բարսեղյանին՝ Գյումրիում նախաձեռնության առաջին միջոցառումը կազմակերպելու, Արթուր Սաքունցին՝ Վանաձորում նախաձեռնությանն առաջինը միանալու, Էլեն Մանասերյանին՝ հայ աշխատավորներին այս գործին աջակցելու հարցում ոգեշնչելու, և Արզուման Հարությունյանին՝ այս գաղափարին իր անմնացորդ նվիրման համար։

Անդրադառնալով տարածաշրջանային մարտահրավերներին և Հայաստանի եվրոպական հեռանկարին՝ Էլինա Խաչատրյանն ընդգծել է, որ քաղաքացիական հասարակությունը ժողովրդավարության աքսեսուար չէ, այլ այն հնարավոր դարձնող հիմնարար նախապայմաններից մեկը։ Նա հավելել է, որ Հայաստանի համար եվրոպական ապագան միայն աշխարհաքաղաքական կողմնորոշման հարց չէ, այլ մի հասարակության կառուցման տեսլական, որտեղ պաշտպանված են մարդու իրավունքները, հաստատությունները հաշվետու են հանրությանը, իսկ խաղաղությունն ընկալվում է որպես արժանապատիվ և անվտանգ ապրելու հնարավորություն։

Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն իր ուղերձում նույնպես շնորհավորել է Եվրաքվեին՝ 2026 թվականի քաղաքացիական հասարակության մրցանակին արժանանալու առթիվ՝ ընդգծելով, որ նախաձեռնությունը հաջողությամբ համախմբել է Հայաստանի քաղաքացիներին՝ նրանց տալով Հայաստանի եվրոպական ապագայի վերաբերյալ իրենց կարծիքն արտահայտելու ուղղակի հնարավորություն, և նրանց անվանել է ոգեշնչման օրինակ։

ԵՄ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի
Հայաստանի ազգային պլատֆորմ

Eastern Partnership Armenia

Recent Posts

Երևանում կայացավ «Ուղիներ դեպի արդարադատություն․ դատաիրավական բարեփոխումների շուրջ տարածաշրջանային երկխոսություն․ Հայաստան, Վրաստան, Մոլդովա» խորագրով համաժողովը – PRWB

Մարտի 17-ին Երևանում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախաձեռնությամբ անցկացվեց «Ուղիներ դեպի արդարադատություն․ դատաիրավական բարեփոխումների…

3 օր ago

ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ Հայտարարությունը«Ախթալայի Լեռնահարստացման Կոմբինատ» Փբը-Ի Հանքափորների Աշխատանքային Պայմանների Վերաբերյալ

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) խորը մտահոգություն է հայտնում…

9 ամիս ago

Էդգար Խաչատրյանի՝ խաղաղության և մարդու իրավունքների պաշտպանի հիշատակին։

2026 թվականի փետրվարի 28-ին, կյանքից հեռացել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության տնօրեն, ՔՀՖ Հայաստանի ազգային…

9 ամիս ago

ԱլԳ ՔՀ Ֆորումի ղեկավար կոմիտեի անդամ Հովսեփ Խուրշուդյանի ելույթը Արեւելյան գործընկերության Տեղական ինքնակառավարման մարմինների կոնֆերանսում (CORLEAP)

ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի անդամ Հովսեփ Խուրշուդյանը Քարտուղարության տնօրեն Անդրեա Ռայմոնդիի հետ միասին…

1 տարի ago

Պատումների (նարատիվների) վերլուծության և հիբրիդային սպառնալիքների թեմայով գործնական դասընթաց

Հարգելի գործընկերներ, Հրավիրում ենք Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին…

1 տարի ago

Հարկադիր աշխատանքի, թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց վիճակագրական տվյալների հետազոտություն

ՔՀՖ ենթադրամաշնորհների շրջանակներում ֆինանսավորվող ծրագիր ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ-ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ Ծրագրի անվանումը՝ Հարկադիր աշխատանքի, թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց…

1 տարի ago