December 30, 0202
Մամլո հաղորդագրություն․ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի անդամների հերթական ընդհանուր ժողով

Դեկտեմբերի 28-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի դահլիճում տեղի ունեցավ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողովը։
Համաժողովի առաջին նիստի ընթացքում ԱլԳ ՀԱՊ ազգային համակարգող Հովսեփ Խուրշուդյանը մասնակիցներին ներկայացրեց 2022թ. մայիսին իր ընտրությունից ի վեր իր եւ նորանշանակ Քարտուղարության կատարած աշխատանքները.

  1. ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ – ՀՀ կառավարություն եւ ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ – ՀՀ Ազգային ժողով կառուցվածքային երկխոսության շրջանակներում ՙՙԻրազեկ քաղաքացիների միավորում՚՚ ՀԿ հետ համատեղ կազմակերպվել են 5 հանրային քննարկումներ՝ համապատասխան ոլորտների պետական պաշտոնյաների ներգրավմամբ.

1) «Զինված ուժերի բարեփոխումները»
Բանախոսներ՝
• Անդրանիկ Քոչարյան, ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ներքին գործերի, անվտանգության հանձնաժողովի նախագահ
• Վազգեն Ղազարյան, ռազմական կրթության մասնագետ
• Կարեն Բրուտյան, ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ

2) «ՀՀ Արտաքին քաղաքական մոտեցումները և անվտանգության սպառնալիքները»
Բանախոս՝
• Արմեն Գրիգորյան, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար

3) «ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումների ընթացքը․ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծում»
Բանախոսներ՝
• Երանուհի Թումանյանց, ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ
• Մուշեղ Բաբայան, ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ
• Ծովինար Վարդանյան, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
• Հայկ Մարտիրոսյան, ԹԻՀԿ իրավական հարցերով փորձագետ
• Վաղարշ Աղաբեկյան, Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ, իրավական փորձագետ

4) «ՀՀ առջև ծառացած արտաքին քաղաքական մարտահրավերները»
Բանախոսներ՝
• Պարույր Հովհաննիսյան, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
• Էդմոն Մարուքյան, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան

5) «Նախագահի սահմանադրական կարգավիճակը խորհրդարանական հանրապետությունում»
Բանախոս՝
Դանիել Իոաննիսյան, Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ

  1. ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ-ը հունիսին կազմակերպել էր «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի ազդեցությունը տարածաշրջանի անվտանգության եւ տնտեսության վրա» թեմայով համաժողովը, որի նպատակն էր ԱլԳ տարածաշրջանի վրա Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ուղղակի եւ անուղղակի ազդեցությունների մասին քննարկման ծավալումը՝ Հայաստանից, ԱլԳ մյուս երկրներից եւ Եվրամիությունից բանախոսների ներգրավմամբ։ Համաժողովի հիմնական մոդերատորն էր ՀԱՊ համակարգող Հովսեփ Խուրշուդյանը։ Հրավիրյալների եւ բանախոսների ցանկում էին՝ Հայաստանում Չեխիայի դեսպան Բեդրիխ Կոպեցկին, ԵՄ եւ ԱլԳ երկրների (Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա) փորձագետներ, ինչպես նաև Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ կազմակերպությունների եւ հայաստանյան քաղհասարակության այլ ներկայացուցիչներ, նրանց թվում՝ Միջազգային եւ անվտանգային հետազոտությունների հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի նախագահ Արթուր Պապյանը, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության փոխնախագահ, «Անտարես» ընկերության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, ՀԱՊ ԱԽ-2 համակարգող, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի նախագահ Թաթուլ Մանասերյանը, Media.am կայքի գլխավոր խմբագիր Գեղամ Վարդանյանը, Տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, Ուկրաինայի Տնտեսական հետազոտությունների եւ քաղաքականության խորհրդատվության ինստիտուտ, Վերոնիկա Մովչան, ԵՀ Հարևանության եւ ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության (DG NEAR) ներկայացուցիչ Մարտին Մյուհլեքը եւ այլոք։ Ողջույնի խոսքով հանդես եկան նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորին եւ Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը։
  2. Կազմակերպվել է նաև հետեւյալ աշխատանքը՝ «ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ Քարտուղարություն» ՀԿ-ի հիմնադրումն ու ձևավորումը, հաշվեհամարի բացումը, գրասենյակի վարձակալումը, երկու փուլով աշխատակազմի հավաքագրումը /այդ թվում՝ մրցույթների հիմքով/։
  3. Կազմակերպվել են նաև ՀԱՊ Երեք համաժողովներ, որոնց արձանագրությունները կցվում են սույն արձանագրությանը։

Վերջում քննարկում ծավալվեց Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի, դրա վերաբերյալ ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեի և ՀԱՊ արձագանքների, առաջիկա անելիքների վերաբերյալ։

Համաժողովի երկրորդ նիստը նվիրված էր «Հայաստանի և Եվրամիության միջև կնքված ՀԸԳԸ (CEPA) համաձայնագրի իրականացման ընթացքը, քաղհասարակություն-կառավարություն արդյունավետ կառուցվածքային երկխոսության հնարավորությունները» թեմային: Նիստի բանախոսն էր ՀՀ փոխվարչապետի խորհրդական Մանե Ադամյանը։ Նիստը վարեց Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի համակարգող Լուսինե Հակոբյանը։
Լուսինե Հակոբյանը լսարանին ներկայացրեց Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի ձևավորման կարգն ու վերջինիս գործունեության հիմնական ուղղությունները։ Տիկին Հակոբյանը նշեց, որ 2023 թվականին Պլատֆորմն ավելի ակտիվ գործունեություն է ծավալելու։ Նա նաև նշեց ՀԸԳԸ-ի շրջանակում քաղաքացիական հասարակության ունեցած կարևոր դերակատարման մասին, մասնավորապես՝ մշտադիտարկման հարցում։ Նա նաև անդրադարձավ Պլատֆորմի գործունեության սոցիալական մեդիայում տեսանելիության ապահովության կարևորության հարցին։
Մանե Ադամյանը ՀԱՊ անդամներին ներկայացրեց ՀԸԳԸ-ի կիրարկման ընթացքը, ինչպես նաև այդ ընթացքի կազմակերպման ողջ գործընթացը։ Տիկին Ադամյանը նաև անդրադարձավ ՀԸԳԸ-ի ճանապարհային քարտեզի ամբողջականացման գործընթացին։
Նիստի վերջում ՀԱՊ անդամները հարցեր ուղղեցին բանախոսին, որոնց մեծ մասն ուղղված էր կառավարություն-քահասարակություն, ԵՄ-կառավարություն-քաղհասարակություն բազմաշերտ երկխոսությանն ու եռախոսությանը, ինչպես նաև քաղհասարակաության անմիջական ներգրավվածության եւ մասնակցության հարցերին։ Ծավալվեց հետաքրքիր եւ բովանդակային քննարկում, որը շարունակվեց նաև ոչ ֆորմալ տարբերակով սուրճի ընդմիջման ընթացքում։

Համաժողովի երրորդ նիստի ընթացքում տեղի ունեցավ ՀԱՊ Կանոնադրության մեջ փոփոխությունների քննարկում։ Արդյունքում հաստատվեց ՀԱՊ հայտարարությունների առցանց քվերակելու ընթացակարգի հետեւյալ կանոնադրական փոփոխությունը.
«Հայտարարությունը քվերակվում է «կողմ», «դեմ», «ձեռնպահ» ձայներով։ Հայտարարությունը համարվում է ընդունված, եթե դրա կողմ արտահայտվածների թիվը գերազանցում է դեմ արտահայտվողների թվին։ Քարտուղարությունն ապահովում է բոլոր պատվիրակների պատշաճ իրազեկումը կարճ հաղորդագրության ծառայության (SMS) միջոցով։»
Համաժողովի վերջին նիստի ընթացքում ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ աշխատանքային խմբերի համակարգողները ներկայացրեցին 2022 թ․ տարեկան հաշվետվությունը եւ 2023 թ․ տեսլականը, գործունեության շրջանակը ու առաջնահերթությունները։

Յուրաքանչյուր նիստից հետո ՀԱՊ անդամները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել բանախոսներին եւ ստանալ սպառիչ պատասխաններ:
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի
լրատվական ծառայություն