Արեվելյան Գործընկերության Քաղաքացիական Հասարակության Ֆորումի Հայաստանի Ազգային Պլատֆորմի Հայտարարությունը «Ախթալայի Լեռնահարստացման Կոմբինատ» Փբը-Ի Հանքափորների Աշխատանքային Պայմանների Վերաբերյալ
23 փետրվարի, 2026թ․, Երևան
Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) խորը մտահոգություն է հայտնում «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ում (այսուհետ՝ Ընկերություն) ձևավորված աշխատանքային միջավայրի, հանքափորների աշխատանքային և դրա հետ կապված սոցիալական և տնտեսական անբավարար պայմանների, ինչպես նաև սոցիալական գործընկերության ու սոցիալական երկխոսության սկզբունքները չկիրառելու վերաբերյալ։
Հանքափորների կողմից բարձրացված խնդիրներն ու Հայաստանի Հանրապետության լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության հաղորդած տեղեկությունները վկայում են աշխատողների անվտանգության ապահովման ու առողջության պահպանման, արդար վարձատրության և արժանապատիվ պայմանների հետ կապված լուրջ մարտահրավերների մասին։
Հանքարդյունաբերությունը բարձր ռիսկայնություն ունեցող ոլորտ է, որտեղ անվտանգության կանոնների թերացումը կարող է ունենալ ծանր հետևանքներ։ Առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների պահպանումը և ապահովումը գործատուի անմիջական պարտականությունն է։
2026 թվականի հունվարի 15-ից հանքափորների աշխատանքի դադարեցումը ցույց է տալիս իրավիճակի լրջությունը և դրա ազդեցությունը Ախթալայի և մարզի սոցիալական կայունության վրա։
Անընդունելի ենք համարում, որ Ընկերությունը պատշաճ պատրաստակամություն չի ցուցաբերում աշխատողների ներկայացուցիչների հետ կառուցողական և բովանդակային բանակցություններ սկսելու ուղղությամբ, ինչը խախտում է սոցիալական գործընկերության և սոցիալական երկխոսության սկզբունքները, որոնք կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունների կարգավորման առանցքային մեխանիզմներ են և ամրագրված ՀՀ աշխատանքային օրենսգրքի 2-րդ բաժնով և միջազգային փաստաթղթերով՝ ներառյալ ԱՄԿ թիվ 98, 154 կոնվենցիաները, Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի 6-րդ հոդվածը, ինչպես նաև ՀԸԳՀ 84-րդ, 85-րդ և 284-րդ հոդվածները և ՀՀ-ի կողմից ստանձնած այլ պարտավորությունները։
Բանակցություններից խուսափելը կամ դրանք ձևական դարձնելը խախտում է սոցիալական գործընկերության և սոցիալական երկխոսության էությունը՝ խորացնելով անվստահությունը։
Հիշեցնում ենք, որ աշխատողների միավորման և իրենց շահերը ներկայացնելու իրավունքը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավունքի նորմերով, և դրա իրացման ցանկացած խոչընդոտ անընդունելի է։
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը կոչ է անում․
● «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ ղեկավարությանը՝ անհապաղ նախաձեռնել իրական և բովանդակային բանակցություններ աշխատողների ներկայացուցիչների հետ՝ փոխադարձ հարգանքի և թափանցիկության հիմքով,
● ապահովել և պահպանել աշխատողների համար անվտանգ և առողջության համար անվնաս պայմաններ,
● վերանայել հանքափորների աշխատանքային պայմաններն ու աշխատավարձերը՝ ապահովելով արդար և արժանապատիվ պայմաններ,
● զերծ մնալ աշխատողների նկատմամբ հնարավոր ճնշումից կամ խտրական գործողություններից կամ ոչ օրինաչափ վարչական միջոցներից,
● ՀՀ իրավասու պետական մարմիններին՝ իրականացնել համապարփակ ուսումնասիրություն և պատշաճ վերահսկողություն՝ օրենքի խիստ պահպանմամբ։
Վերահաստատում ենք, որ արժանապատիվ աշխատանքը մարդու հիմնարար իրավունք է և կայուն զարգացման կարևոր նախապայման, իսկ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները։ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը, որպես քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համախմբում, նպաստում է ժողովրդավարության, մարդու իրավունքների, իրավունքի գերակայության և սոցիալական արդարության զարգացմանը, շարունակելու է բարձրաձայնել ոլորտում առկա խնդիրները և խթանել սոցիալական գործընկերությունն ու սոցիալական երկխոսությունը։
Սույն հայտարարությունը տարածվելու է ԶԼՄ-ներով և սոցիալական մեդիայում, ինչպես նաև ուղարկվելու է ՀՀ իրավասու մարմիններին և միջազգային գործընկերներին։