Օլեգ Դուլգարյան
Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ
ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ ԱԽ 3
ՀՀ Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքը բաղկացած է Ախթալա, Շամլուղ, Վերին Ախթալա, Բենդիկ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Նեղոց և Ճոճկան բնակավայրերից, որոնցից Բենդիկ, Փոքր Այրում և Վերին Ախթալա բնակավայրերը չունեն բնակավայրի կարգավիճակ և հանդիսանում են թաղամասեր՝ պայմանավորված նախկին տասնամյակներում իրականացված վարչատարածքային բաժանումներով։ Համայնքը առանձնանում է բնակլիմայական առանձնահատկություններով, գեղեցիկ բնությամբ, գյուղատնտեսական լայն հնարավորություններով։ Գյուղատնտեսությունը հիմնականում տարածված է Փոքր Այրում, Մեծ Այրում և Ճոճկան գյուղերում, ոռոգման համակարգը գոյանում է Դեբեդ գետի ջրերից։ Ախթալան լեռնահանքային արդյունաբերության երկար պատմություն ունի, Ախթալայի անվանումը վաղ միջնադարում եղել է Պղնձահանք։
Ախթալա համայնքում գտնվում են պատմական արժեք հանդիսացող հուշարձաններ, համայնքը բացառիկ է նաև իր բնությամբ, գյուղատնտեսական նշանակության հողատարածքներով, բնակլիմայական բարենպաստ պայմաներով, որտեղ աճում են տարբեր կուլտուրաներ։ Համայնքը, գտնվելով Հայաստան-Վրաստան Մ6 ճանապարհին կից, ռազմավարական է Հայաստանի Հանրապետության միջպետական հաղորդակցության և տուրիզմի զարգացման առումով։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ 2019 Հայաստան այցելած ընդհանուր քաղաքացիներից ամենամեծ հոսքը՝ 1 825 635 մարդ, կամ ընդհանուր այցելությունների 13,6 %-ը տեղի է ունեցել Բագրատաշենի անցակետով, ինչը կարևոր ցուցիչ է։
Տասնամյակների անպատասխանատու կառավարման արդյունքում աղտոտումը տարածվել է գրեթե ամբողջ համայնքով մեկ՝ ընդգրկելով լայն աշխարհագրություն։ Համայնքի բազմաթիվ ձորեր դեռևս նախորդ տասնամյակներից առանց որևէ թույլտվության լցվել են հանքարդյունաբերական թափոններով, ինչը սփռվում է ամբողջ համայնքով և աղտոտում նաև Դեբեդ գետը յուրաքանչյուր անձրևից հետո։ Բացի այդ, համայնքում առկա են գործող և չգործող չռեկուլտիվացված պոչամբարներ։
Հետազոտությունն ամբողջությամբ կարդալու համար սեղմեք այստեղ:
Հետազոտությունն իրականացվել է ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարության «Աջակցություն ՀԱՊ աշխատանքային խմբերի գործողություններին» ծրագրի շրջանակում, Եվրոպական միության աջակցությամբ: