13 Օգոստոսի, 2023
ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ Քարտուղարության Խորհրդի կոչը ՀԱՊ անդամներին եւ պատվիրակներին

13 օգոստոսի 2023թ.

Հարգելի ՀԱՊ անդամներ և Հայաստանի պատվիրակներ,

ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ Քարտուղարությունը հիշեցնում է, որ ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ-ը ունի գործող համակարգող, ուստի ՀԱՊ համակարգողի ընտրության օրակարգով պատվիրակների ժողովի անցկացումը ոչ իրավաչափ է և ինքնիրավչության դրսևորում, իսկ ժողովում կայացրած ցանկացած որոշում՝ առոչինչ: 

Ելնելով վերոգրյալից՝ Քարտուղարությունը կոչ է անում ՀԱՊ անդամներին և Հայաստանի պատվիրակներին չմասնակցել օգոստոսի 14-ին կայանալիք անօրինական գործընթացին։

Հիշեցում. 

ՀԱՊ համակարգող Հովսեփ Խուրշուդյանին անվստահություն հայտնելու և նրա լիազորությունները դադարեցնելու մասին «ԱլԳ ՔՀֆ Հայաստանի պատվիրակների ժողովի՝ հունիսի 23-ի որոշումը» օրինական ուժ չունի, քանի որ.

1)      Հովսեփ Խուրշուդյանի լիազորությունները դադարեցնելու մասին առաջարկն արդեն քննարկվել եւ քվեարկվել էր 2023թ. հունիսի 9-ին Պատվիրակների ժողովում եւ չէր ընդունվել: Հունիսի 9-ին կայացած քվեարկության արդյունքները չեն կարող համարվել անվավեր, և պնդումները, թե հունիսի 9-ի ՀԱՊ համաժողովը/Պատվիրակների ժողովը տեղի է ունեցել ընթացակարգային խախտումներով, քանի որ Երևանի մամուլի ակումբի ներկայացուցիչ Սեդա Շիգանյանը չի մասնակցել պատվիրակների ժողովին, անհիմն են: Անհիմն են, որովհետեւ ԵՄԱ ներկայացուցիչը պատշաճ կերպով ծանուցվել է ժողովի և դրա օրակարգի մասին (ՀԱՊ գուգլ խմբում ներառված էլ. փոստով), հետևաբար նաև՝ Պատվիրակների ժողովում ՀԱՊ համակարգողին վերաբերող հարցի՝ սպասվելիք քվեարկության մասին: Սակայն տիկին Շիգանյանը չի մասնակցել ժողովին և չի քվեարկել: 

Ուստի ՀԱՊ համակարգողին անվստահություն հայտնելու հարցը չէր կարող երկրորդ անգամ քվեարկվել Պատվիրակների՝ հունիսի 23-ի ժողովում։

2) Բացի դա, նաև մատնանշված «Պատվիրակների՝ հունիսի 23-ի ժողովը» ապօրինի է՝ առանց վերապահումների, քանի որ 18 պատվիրակները ծանուցված են եղել հունիսի 23-ին նախատեսված պատվիրակների ժողովի, դրա վայրի ու ժամի մասին, իսկ այդ վայրն էր Արհմիությունների Կոնֆեդերացիայի 8-րդ հարկի դահլիճը, իսկ ժամը՝ 16:30-ը, մինչդեռ այդտեղ եւ նշված ժամին պատվիրակների նիստ տեղի չի ունեցել, քանի որ 10 պատվիրակները լքել են նշված վայրը եւ հավաքվել այլ տեղում, առանց այդ մասին տեղյակ պահելու մյուս 8 պատվիրակներին: Սակայն եթե անգամ տեղեկացնեին, դա չէր համապատասխանի ՀԱՊ Կանոնադրության 3.8.7 կետին, ըստ որի ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ժողովի եւ ՔՀՖ Հայաստանի անդամների ընդհանուր ժողովի նիստերի, անցկացման վայրի, օրվա, ժամի եւ օրակարգի մասին մասնակիցները տեղեկացվում են գումարման ժամից առնվազն 96 ժամ առաջ` էլեկտրոնային նամակագրության կամ հեռախոսազանգի միջոցով (կից ներկայացվում է ապացույցը՝ ձայնագրությունը, որտեղ պարոն Աշոտ Մելիքյանը հունիսի 23-ին կայացած ՀԱՊ համաժողովի ժամանակ հայտարարում է իր եւ մի քանի այլ գործընկերների հեռանալու եւ այլ տեղում ժողով անցկացնելու մասին, բայց չի հայտնում կայանալիք ենթադրյալ ժողովի նոր վայրի ու ժամի մասին):

Ի հավելումն վերոգրյալի. Եվրամիության ԱլԳ ՔՀՖ-ի Ղեկավար կոմիտեի համանախագահները եւ ԱլԳ ՔՀՖ Քարտուղարության տնօրենը հունիսի 22-ին դիմել էին ՀԱՊ-ին՝ հորդորելով զերծ մնալ ՀԱՊ-ում ստեղծված իրավիճակի շուրջ հետագա գործողություններից, ինչի մասին ՀԱՊ համակարգողը տեղյակ է պահել հունիսի 23-ին կայացած ՀԱՊ համաժողովի անդամներին և պատվիրակներին։    

Վերոնշյալ զարգացումներից հետո Հովսեփ Խուրշուդյանը շարունակել է իր բնականոն գործունեությունը՝ որպես ՀԱՊ համակարգող, այդ թվում՝ Եվրամիության ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեի, Քարտուղարության, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության և այլ միջազգային ու դիվանագիտական կառույցների, ՀՀ տարբեր պետական մարմինների, այդ թվում՝ ԱԳՆ-ի, Անվտանգության խորհրդի եւ այլ հաստատությունների հետ արդյունավետ համագործակցության ձևով:

Հորդորում ենք պահպանել ՀԱՊ կանոնադրությունը, չմասնակցել անօրինական գործողությունների:

Հարգանքով՝

ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ Քարտուղարության Խորհուրդ