31 Հոկտեմբերի, 2025
ԱլԳ ՔՀ Ֆորումի ղեկավար կոմիտեի անդամ Հովսեփ Խուրշուդյանի ելույթը Արեւելյան գործընկերության Տեղական ինքնակառավարման մարմինների կոնֆերանսում (CORLEAP)

ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի անդամ Հովսեփ Խուրշուդյանը Քարտուղարության տնօրեն Անդրեա Ռայմոնդիի հետ միասին մասնակցեցին Արեւելյան գործընկերության Տեղական ինքնակառավարման մարմինների կոնֆերանսի (CORLEAP) հերթական՝ 14-րդ տարեկան հանդիպմանը, որն այս անգամ կայացավ Երեւանում։ ԱլԳ Քաղհասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեի անունից Հովսեփ Խուրշուդյանը հանդես եկավ ելույթով, որի ամբողջական տեքստը ներկայացնում ենք ստորեւ։

Հարգելի գործընկերներ,

Ահա արդեն որերորդ տարին է, մենք հանդիպում ենք մի պայմաններում, երբ Եվրոպայի Արեւելյան գործընկերության տարածքում ալեկոծվում է Ռուսաստանի սանձազերծած բազմամյա ու աղետաբեր մի պատերազմ, որը խլում է հարյուր հազարավոր կյանքեր եւ ստիպում է մեզ մեր բուն խնդիրներից եւ առաջնահերթություններից բացի քննարկել Եվրոպայի եւ նրա համայնքների անվտանգության հարցը։ Բայց վտանգված է ոչ միայն մեր բոլորի անվտանգությունը, այլեւ հարցականի տակ է դրված Եվրոպայի ժողովրդավարության ապագան։ Ռուսաստանը եւ նրա դաշնակից ավտոկրատիաները չեն խնայում միջոցներ՝ հիբրիդային պատերազմի միջոցով ոչնչացնելու Եվրոպայում ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, ազատությունները, այն բոլոր արժեքները, որոնք միավորում են մեզ եւ որոնք մահացու են ցանկացած ավտոկրատիայի համար։

Այդ հիբրիդային պատերազմը հասել է մինչեւ համայնքներ։ Եւ այսօր, երբ մենք քննարկում ենք իշխանության եւ բյուջե գոյացնող ֆինանսական հոսքերի ապակենտրոնացման կարեւորությունը Եվրոպայի երկրների համար, քանի որ Եվրոպան դա նախեւառաջ համայնքներն են, մենք պետք է նաեւ նկատի ունենանք, որ Եվրոպայի Արեւելքում վերածնված Չարիքի կայսրությունը իր խամաճիկների միջոցով ո՛չ միայն Արեւելյան գործընկերության երկրներում, այլեւ անգամ Եվրամիության անդամ պետություններում հմտորեն օգտվում է ժողովրդավարության ընձեռած հնարավորություններից՝ ժողովրդավարությունները ոչնչացնելու համար, խոսքի ազատությունը՝ իր շարունակությունը հանդիսացող իշխանություններ կարգելու համար, եւ մարդու իրավունքները՝ իր ազդեցության գործակալների եւ խամաճիկների անձեռնմխելիությունը ապահովելու համար։

Հայաստանի դեպքում, որը պատրաստվում է մյուս տարի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, տեղեկացնեմ ձեզ, որ 2018-ի թավշյա ոչ-բռնի ժողովրդավարական հեղափոխության արդյունքում հեռացված քրեաօլիգարխիան վերջին տարիներին Կրեմլի աջակցությամբ փորձում է ռեւանշի հասնել՝ Հայաստանի համայնքների վրա հատ առ հատ իր վերահսկողությունը սահմանելու միջոցով։ ԵՎ երբ իրավապահ մարմինները քրեական հետապնդման են ենթարկում նման համայնքապետերին իրենց կոռուպցիոն հանցագործությունների համար՝ Կրեմլի շահերը սպասարկող քաղաքական ուժերը եւ լրատվամիջոցները ի լուր աշխարհի հռչակում են նրանց որպես քաղբանտարկյալ կամ քաղհետապնդյալ։ Վանաձոր, Գյումրի, Մասիս․ այս շարքը կարելի է շարունակել։ Իհարկե, ցավալի է, որ անգամ թավշյա հեղափոխությունից հետո, դեռ կան համայնքներ, որտեղ ընտրողների մեծ մասը իր ձայնը տալիս է մականունավոր քրեական տարրերի։ Այստեղ, կարծում եմ մենք՝ քաղաքացիական հասարակություններս շատ աշխատանք ունենք տանելու եւ այս հարցում մեզ շատ պետք կգար Արեւելյան Եվրոպայի երկրներում ժողովրդավարական տրանզիտի փորձը։

Հարգելի գործընկերներ,

Արեւելյան գործընկերության տարածաշրջանում ոչ միայն Ուկրաինայում կան բազմաթիվ քաղաքներ եւ գյուղեր, որոնց բնակչությունը բռնի տեղահանության է ենթարկվել ապօրինի ռազմական հարձակման հետեւանքով, այլեւ Ադրբեջանում՝ Լեռնային Ղարաբաղում։ Մարտունին, Մարտակերտը, Ասկերանը, Հադրութը, Շուշին, ինչպես նաեւ հարյուրավոր գյուղեր եւ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչպես նաեւ հարյուրավոր գյուղեր զրկվել են իրենց բնակչությունից։ Նրանց ունեցվածքը լքված է, հաճախ՝ թալանված։ Նրանց բնակավայրերի անունները փոխված են ադրբեջանականի՝ առանց հարցնելու բնակիչների կարծիքը։

Ս․թ․ օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ Վաշինգտոնում նախաստորագրվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրը։ Մի կողմից այս փաստը կարելի է միայն ողջունել։ Սակայն որեւէ հարատեւ խաղաղություն չի կարող հաստատվել էթնիկ զտման գնով, հազարավոր մարդկանց իրավունքների խախտման գնով, ինչպես նաեւ հանցագործությունների եւ սպառնալիքների։ 2020-2022թթ․ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության վրա մի քանի անգամ իրականացված ագրեսիայի, ապաեւ այդ երկրի ղեկավարի կողմից մշտապես հնչեցվող նոր հարձակման, այսինքն՝ պատերազմի սպառնալիքի ներքո Հայաստանի իշխանությունը ստիպված է լռել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 150,000 բնակիչների իրավունքների մասին։ Սակայն Ալիեւի ռեժիմը չի կարող լռեցնել Հայաստանի քաղաքացիական հասարակությանը Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումին։

Հայաստանի պատմությունը մեծապես ձևավորվել և ձևավորվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ազդեցության ներքո, ինչը խորապես ազդել է նրա մարդկային անվտանգության քաղաքականության վրա: Այս հակամարտությունը և դրա հետևանքները պահանջել են, որ երկիրը զարգացնի փորձագիտություն տարբեր ոլորտներում, ինչպիսիք են տեղահանված բնակչության կառավարումը, մարդու հիմնարար իրավունքների ապահովումը և քաղաքացիական կայունության պահպանումը:

Քաղաքացիական հասարակությունը նույնպես ակտիվորեն աշխատել է այս ոլորտում, օրինակ՝ աջակցելով տեղահանվածներին ապաստանի, սննդի անվտանգության և հոգեբանական վերականգնման հարցերում:

Անվտանգության ոլորտում ավելի ամուր տարածաշրջանային համագործակցությունը, ներառյալ մարդկային անվտանգության մոտեցումը, կարող է նպաստել ժողովրդավարացմանը և տնտեսական զարգացմանը ազգային և տարածաշրջանային մակարդակներում: Արևելյան գործընկերության քաղաքականության մեջ մարդկային անվտանգության մոտեցման մշակումը կարևոր կլինի ոչ միայն Հայաստանի, այլև բոլոր հարևանների համար, որոնք իրենց տարածքում ունեն ակտիվ կամ երկարատև հակամարտություններ:

Ուկրաինայի դեպքում էլ քաղաքացիական հասարակության խմբերը կարևոր դեր են խաղացել երկրի պաշտպանության գործում Ռուսաստանից՝ բազմաթիվ ոլորտներում իրենց արագ մոբիլիզացիայի միջոցով:

Ամփոփելով՝ ես ունեմ երեք կոչ՝ ուղղված մեր Եվրոպական գործընկերներին․

Առաջին․ Խոսե՛ք ձեր համայնքների բնակիչների հետ, համոզե՛ք նրանց ավելացնե՛լ աջակցությունը Ուկրաինային․ հումանիտար թե ռազմական, քաղաքական թե տնտեսական, այսօր Ուկրաինայի համառ ու հայրենասեր ժողովուրդը եւ նրա հերոսական զինվորներն են մեծ հաշվով փրկում ժողովրդավարությունը Եվրոպայում եւ գուցե աշխարհում։

Երկրորդ․ Խոսե՛ք ձեր համայնքների բնակիչների հետ աջակցելու Մոլդովայի եւ Հայաստանի երիտասարդ ժողովրդավարություններին եւ Վրաստանի ազատատենչ ժողովրդին հաղթելու իրենց դեմ Կրեմլի սանձազերծած հիբրիդային պատերազմում, որը վերջինն իրականացնում է այդ երկրներում իր պրոքսի ուժերի միջոցով։ Այս համատեքստում ես կարևորագույն նշանակություն եմ տալիս մի կողմից ԵՄ անդամ պետությունների համայնքների, մյուս կողմից՝ Արևելյան գործընկերության հինգ երկրների համայնքների միջև համագործակցության խորացմանը։

Երրորդ․ Խոսե՛ք ձեր համայնքների բնակիչների հետ, որպեսզի իրենց քաղաքական աջակցությունը ցուցաբերեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչությանը՝ վերևադառնալու եւ անվտանգ ապրելու իրենց քաղաքներում եւ գյուղերում։

Շնորհակալություն ուշադրության համար