19 հունիսի 2023թ., Երևան
Տեղի ունեցավ ՀԸԳՀ/ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի նիստը, որին մասնակցել են Պլատֆորմի տասը անդամներից ինը:
Օրակարգային հարցերի թվում ներառված էր Պլատֆորմի անդամ Միքայել Հովհաննիսյանի անդամակցությունը Պլատֆորմին դադարեցնելու հարցը:
Հարցի շուրջ իր դիրքորոշումը ներկայացրեցին Պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանը, Պլատֆորմի անդամներ Ներսես Կարամանուկյանը և Գագիկ Մակարյանը: Իր բացատրությունները ներկայացրեց նաև Միքայել Հովհաննիսյանը:
Լսելով հարցի շուրջ բոլոր դիրքորոշումները` Պլատֆորմի` նիստին մասնակցող անդամներից ութը կողմ քվեարկեցին Միքայել Հովհաննիսյանի անդամակցության դադարեցմանը: Դեմ էր միայն Միքայել Հովհաննիսյանը:
Պլատֆորմի որակյալ մեծամասնության այս որոշմամբ Պլատֆորմի անդամ Միքայել Հովհաննիսյանի անդամակցությունը դադարեցվեց անհամատեղելիության և Պլատֆորմի հեղինակությանը էական վնաս պատճառելու ռիսկի հիմքերով: Որպես անալոգիա կիրառվեց ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեի պարագայում գործող կարգավորումները` համաձայն ԱլԳ ՔՀՖ կանոնադրության:
Անհամատեղելիությունը հիմավորվեց հետևյալ փաստարկներով. Միքայել Հովհաննիսյանը զբաղեցնում է Երևանի պետական համալսարանի պրոռեկտորի պաշտոնը:
Ըստ ԵՄ-ՀՀ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» 366-րդ հոդվածով նախատեսված Քաղաքացիական հասարակության պլատֆորմի հայաստանյան հասարակական կազմակերպությունների եւ հիմնադրամների կազմի ձևավորման կարգի 18-րդ կետի` ընտրվելու իրավունք ունեն ՀԸԳՀ-ով սահմանված ոլորտներից որևէ մեկում վերջին 3 տարիների ընթացքում գործունեություն ծավալած և այդ ծրագրային թեմաներով զեկույցներ հրապարակած, գործատուների միավորում կամ արհմիություն չհանդիսացող հասարակական կազմակերպությունները կամ հիմնադրամները, որոնց անդամների, այդ թվում` ղեկավար մարմինների անդամների 75 տոկոսն ընգրկված չեն պետական կառավարման մարմիններում: Երևանի պետական համալսարանը հիմնադրամ է, որի հիմնադիրը, ըստ ԵՊՀ-ի կանոնադրության, Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս ՀՀ կառավարության: Հիմնադրամի ղեկավար մարմինը հանդիսացող հոգաբարձուների խորհրդի կազմի 50 տոկոսը ներկայացնում է ՀՀ պետական կառավարման ապարատը ի դեմս ՀՀ կառավարության անունից առաջադրված անդամների, որպիսիք են.
- Սուրեն Պապիկյան — ՀՀ պաշտպանության նախարար
- Արթուր Մարտիրոսյան — ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
- Աննա Վարդապետյան — ՀՀ գլխավոր դատախազ
- Սարգիս Հայոցյան — ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ
- Եղիշե Կիրակոսյան — Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ
Եվս հինգը առաջադրվել են ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության կողմից, և այսպիսով կառավարությունը ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի կազմում ունի հիսուն տոկոս ներկայացվածություն: Միքայել Հովհաննիսյանն իր ընտրվելու պահին հանդիսացել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աշխատակից, սակայն ներկայումս այդպիսին չի հանդիսանում` կազմակերպության պաշտոնական կայքում հիշատակված լինելով որպես նախկին աշխատակից: Փոխարենը հանդիսանում է Երևանի պետական համալսարանի աշխատակից: Բավարար չի պնդելը, որ նա լիազորված է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից, քանի որ նա փաստացի ԵՊՀ-ի աշխատող է:
Երկրորդ հիմնավորումն այն է, որ ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ-ը և ԵՄ-Հայաստան պլատֆորմը շատ հաճախ նույնականացվում են, և ԵՄ-Հայաստան պլատֆորմի անդամի կողմից մյուս պլատֆորմում քաղաքացիական հասարակությանը վնասող նախաձեռնությունների հարուցումը պարունակում է ԵՄ-Հայաստան պլատֆորմի հեղինակությանը էական վնաս պատճառելու ռիսկ:
ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի
լրատվական ծառայություն