30 Օգոստոսի, 2023
Հանրային քննարկում՝ 5-րդ հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի շուրջ

30 օգոստոսի 2023թ․

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, , ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համատեղ ջանքերով կազմակերպեց Հայաստանի Հանրապետության 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի հանրային քննարկում։

Քննարկմանը մասնակցել է 50-ից ավելի մասնակից քաղաքացիական հասարակության կազմակերպություններից և ցանցերից, փաստաբանական, բիզնես և հակակոռուպցիոն փորձագիտական հանրությունից, պետական մարմիններից: Բանախոսները հանդես եկան բացման խոսքով։

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյան

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը իր խոսքում նշեց, որ քաղհասարակությունը իր գործուն դերն է ունեցել նախորդ ռազմավարությունների մշակման գործում և հույս ունի, որ 2023-2026 թվականների ռազմավարության մշակման գործում նույնպես կարևոր դեր է կատարելու։
«Անխտիր բոլորի ռեալ ներգրավումն է անհրաժեշտ, որպեսզի կոռուպցիայի դեմ պայքարը իրականություն դառնա։ Աշխարհում բոլոր երկրների համար դա մարտահրավեր է և մշտական մարտահրավեր է։ Հնարավոր չի լինի ասել, որ մենք հասել ենք այնպիսի հաջողությունների, որ այլևս անելիք չունենք այս ուղղությամբ։ Սա այն ուղղություններից մեկն է, որտեղ միշտ անելիք լինելու է։ Միշտ ունենալու ենք ձեր բոլորի կարիքը այս հարցում»,- նշեց փոխնախարարը։

Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյան

Այնուհետև բացման խոսքով հանդես եկավ Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։ Նա նշեց, որ ՏՀԶԿ վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կազմակերպության անդամ երկրներում կոռուպցիոն դեպքերի 68 տոկոսը գնումների ոլորտում են արձանագրվում։ Ֆինանսների նախարարության ընդհանուր քաղաքականությունը գնումների ոլորտում բացարձակ թափանցիկություն ապահովելն է։

«Ցանկացած կոռուպցիոն դեպք նշանակում է ՀՀ քաղաքացիների՝ տաժանակիր աշխատանքով վաստակած միջոցների վատնում։ Մեր նպատակն է բոլոր այդպիսի դեպքերը բացահայտել, հնարավորինս նվազեցնել։ Հասկանում ենք՝ այն երազանքը, որ կոռուպցիոն դեպքերը կհասնեն 0-ի, գրեթե անհնարին է, քանի որ զարգացած աշխարհը չի կարողանում այդ խնդիրը լուծել, բայց պետք է փորձենք դա անել։ Մենք շարունակելու ենք մեր քայլերը բացարձակ թափանցիկության հասնելու ճանապարհով»,-նշեց փոխնախարարը՝ հավելելով, որ ռազմավարության ոչ արդյունավետ իրականացումը միջոցների վատնման հնարավորություն է տալու։

ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ համակարգող Հովսեփ Խուրշուդյան

Իր բացման խոսքում՝ ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ համակարգող Հովսեփ Խուրշուդյանը նշեց Հայաստանում կոռուպցիայի ընկալման ինդեքսի բացասական դինամիկան, համարելով դա խիստ մտահոգիչ եւ անընդունելի տենդենց։ Միաժամանակ նա ողջունեց Արդարադատության եւ Ֆինանսների փոխնախարարների ներկայությունը լսումներին եւ կարեւորեց քաղաքացիական հասարակություն-Կառավարություն երկխոսությանը կառուցվածքային բնույթը, ինչը մի կողմից ցույց է տալիս, որ Կառավարությունը բաց է առկա խնդիրները հասարակության հետ քննարկելու համար, նաեւ քաղաքական կամք է դրսեւորում դրանք լուծելու։ Խուրշուդյանը նշեց, որ համաձայն 2022թ․ ԱլԳ ինդեքսի՝ Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա։ Նա նաեւ ողջունեց ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ-ի առաջին աշխատանքային խմբի ակտիվ ներգրավվածությունը հակակոռուպցիոն ռազմավարության ձևավորման գործում։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն իր բացման խոսքում նշեց, որ ինչպես կազմակերպությունը, այնպես էլ գործընկերները կանգնած են ՀՀ-ում հակակոռուպցիոն բարեփոխումների ակունքներում և նրանց համար շատ կարևոր է, որպեսզի այդ բարեփոխումները ճիշտ ուղով գնան։ «Արդարադատության նախարարությունը միշտ հանդիսացել է  մեր գործընկերը, անկախ պաշտոնատար անձանցից։ Մեր ամենամեծ ձեռքբերումը պետությունն է, անկախ ՀՀ-ն և հակակոռուպցիոն քաղաքականությունն էլ օգնելու է մեզ, որպեսզի ունենանք ավելի լավ կառավարման համակարգ, կոռուպցիայից զերծ համակարգ, ունենանք բարեվարք հանրային ծառայողների դաս»,- ասաց Կարեն Զադոյանը՝ նշելով, որ ամեն ինչ անելու են ռազմավարության իրականացումը հաջողությամբ պսակելու համար։

ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանը

Իր բացման խոսքում ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանը նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը իրենց կազմակերպության առաջնահերթությունների շարքում է։ Պլատֆորմն արդեն մեկ խորհրդատվական կարծիք այդ ոլորտում մշակել է։ «Կարևորում ենք հակակոռուպցիոն այնպիսի ռազմավարության մշակումն ու ընդունումը, որը կլինի հնարավորինս ներառական, հաշվի կառնի ոլորտում առկա ամենասուր խնդիրները, հասցեական լուծումներ կներառի այդ խնդիրների համար։ Կարևոր են նաև այս թեմայով հանրային քննարկումները և դրա համար ինքներս ձեռնամուխ ենք եղել այս քննարկման կազմակերպմանը։ Հորդորում եմ, կոչ եմ անում հանրային քննարկումները ոլորտային հարթակների, կոալիցիաների, հավաքական ուժ ներկայացնող ինստիտուցիոնալ կառույցների միջոցով կազմակերպել»,- նշեց Լուսինե Հակոբյանը։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյան

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը համոզված է. մինչև կոռուպցիան չդառնա ամոթ, սարսափելի և ոչ ձեռնտու, քիչ բան կփոխվի հասարակության շրջանում։ «Պետք է զոհաբերության մակարդակի ջանք գործադրել, որպեսզի մեզ համար ինչ-որ արարքներ լինեն ամոթալի»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը՝ կարևորելով կրթության դերն արատավոր երևույթների դեմ պայքարում։

 

 

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Հակոբ Ավագյան

Բացման խոսքում Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն
կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Հակոբ Ավագյանը չհամաձայնեց Հովսեփ Խուրշուդյանի այն դիտարկմանը, թե Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա։ Նրա խոսքով՝ դեռ վաղ է գնահատականներ տալը։ «Ինչպես հստակ օրինակներ բերեց Արդյունաբերողների միության փոխնախագահ պարոն Մարտիրոսյանը, կոռուպցիան միայն «քեշ» փողով կաշառքը չէ։ Մենք մեր ամենօրյա կյանքում տեսնում ենք այդպիսի դեպքեր, օրինակ՝ վարչական մարմնի ղեկավարը պետական մեքենայով գնում է քարոզարշավի. կոռուպցիա՞ է, թե՞ ոչ։ Եթե սկսենք այս ամենը գնահատել, ոնց որ թե վերադառնում ենք այն տարիներին, որոնց դեմ սկսվել էր պայքարը։ Բացի այդ, սեղանի շուրջ նստած են մարդիկ, որոնք իրենց կյանքի կեսը նվիրել են հասարակական գործունեությանը ու շատ կարևոր է, որ զգանք՝ լսված ենք»,- նշեց Հակոբ Ավագյանը։

Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի պարտականությունները կատարող Հասմիկ Տիգրանյանը

Բացման խոսքերից հետո Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի պարտականությունները կատարող Հասմիկ Տիգրանյանը ներկայացրեց հակակոռուպցիոն ռազմավարության ընդհանուր նախագծի և դրանից բխող գործողությունների պլանը։ Նրա խոսքով՝ 5 ռազմավարական նպատակների ներքո են իրականացվելու գործողությունները։ Դրանք են՝

  • Կոռուպցիայի կանխարգելում,
  • Կոռուպցիայի հակազդում,
  • Հակակոռուպցիոն կրթություն և իրազեկում,
  • Գործարար բարեվարքություն, գործարար շահերի պաշտպանություն, պետություն-գործարար վարչարարության դյուրացում,
  • Հակակոռուպցիոն մոնիթորինգի և գնահատման համակարգի կատարելագործում։

Կառուցակարգերի ամրապնդման համատեքստում նախատեսվում է կոռուպցիայի կանխարգելման միասնական օրենք ընդունել, որտեղ բոլոր կարգավորումները մեկ միասնական ակտում կներառվեն։ Իրավունքների պաշտպանության մեխանիզմներն են կատարելագործվելու. քննարկվում է ՄԻՊ-ի հզորացման համատեքստում դա դիտարկելը և գործարար ոլորտին կրթելը, որպեսզի իրավագիտակցության մակարդակը բարձրանա՝ իմանան, թե իրենց որ իրավունքի խախտման դեպքում որ մարմնին պետք է դիմեն և առավել հետևողական լինեն։

Նախատեսվում է պետական գնումների ոլորտի կատարելագործում, թափանցիկություն և հաշվետվողականություն, արդար մրցակցություն ապահովել։ Տիգրանյանը նաև ընդգծեց, որ կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականություն պետք է ցուցաբերեն նաև քաղաքացիները և հետևողական լինեն, որպեսզի այդպիսի խնդիրները վեր հանվեն, ինչպես նաև պահանջատեր լինեն իրենց իրավունքների հարցում։

Քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետն անդրադարձավ նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտին ու նշեց. օրենսդրությունը պետք է բարելավվի, որպեսզի այլ երկրներում գտնվող ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձը դառնա ավելի դյուրին։

Նրա խոսքով՝ այժմ քննարկվում է նաև պետգնումների շրջանակում «սպիտակ ցուցակի» ներդրման հնարավորությունը, որպեսզի հակակոռուպցիոն մեխանիզմներ ներդրած սուբյեկտները կարողանան այն խթանել։

Նախարարության ներկայացուցչի ելույթին արձագանքեց ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանն ու խոսեց հակակոռուպցիոն ռազմավարության մշակման գործընթացի ու ընթացիկ իրավիճակի մասին։ Նա նշեց, որ կարևոր արձանագրում է ուզում անել. «Ես ուզում եմ ձեզ մի գաղտնիք բացահայտեմ։ Երբ Ջերմուկում հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդը հավաքվեց՝ պարզվեց, որ ՀՀ վարչապետը` խորհրդի նախագահը տեղյակ չէ, որ մենք հակակոռուպցիոն ռազմավարություն չունենք, ես եմ այդ մասին բարձրաձայնել։ Դրանից հետո որոշվել է աշխատանքային խումբ ստեղծել՝ ռազմավարությունը մշակելու համար»։

Կարեն Զադոյանը նշեց նաև, որ ստեղծված աշխատանքային խումբը տեղյակ չի եղել ռազմավարության միջոցառումների ծրագրի մշակման մասին և դրա մասին իմացել է, երբ դրա մշակումը արդեն ավարտվել է։ Նրա խոսքով՝ հարցը բարձրացվելու է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում։

«Ռազմավարությունը պետք է մշակվի թափանցիկ և մասնակցային։ Ռազմավարության մշակման համար ձևավորված աշխատանքային խումբը պետք է տեղյակ լինի ռազմավարության միջոցառումների ծրագրի մշակման գործընթացից և որևէ խումբ քողարկված կերպով չպետք է փորձի մշակել ռազմավարության նախագիծ։ Դա կլինի իշխանության հետ փոխկապակցված ՀԿ, թե ոչ։ Մենք այս գնահատականները հրապարակային տալու ենք»,-նշեց նա։

ԻՀԱ նախագահն անդրադարձավ նաև ռազմավարության բովանդակությանը։ Նրա խոսքով՝ կարիք չկա, որպեսզի ռազմավարության ծավալն այդքան մեծ լինի, 100 էջանոց փաստաթղթի կարիք չկա։ Բովանդակային մասը, ըստ Կարեն Զադոյանի, պետք է առնվազն 2/3 մասով կրճատվի և այնտեղ պետք է տեղ գտնեն կարևոր կետերը. «Ինչպես նաև ռազմավարության մեջ պետք է խոսվի ոչ այնքան կատարված գործողություններից և ձեռքբերումներից, ինչքան խնդիրներից և մարտահրավերներից՝ մանրամասնորեն ներկայացնելով դրանք. «Ցավոք, ես այդ տեքստից նման տպավորություն չեմ ստացել։ Մենք լուրջ խնդիրներ ունենք»։

հակակոռուպցիոն փորաձգետ Մարիամ Զադոյան

Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը անդրադարձավ գնումների ոլորտին և դրանում առկա մարտահրավերներին։ Ապա հակակոռուպցիոն փորաձգետ Մարիամ Զադոյանը խոսեց հակակոռուպցիոն ռազմավարության 3 նպատակների և ուղղությունների մասին։ Իսկ հակակոռուպցիոն փորձագետ, ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ առաջին աշխատանքային խմբի համակարգող Սյուզաննա Սողոմոնյանը անդրադարձավ ևս 2 նպատակների, որոնք ներառված են ռազմավարության նախագծում՝ Հակակոռուպցիոն կրթությանը ու հանրային իրազեկմանը, Հակակոռուպցիոն մոնիթորինգի և գնահատման համակարգի կատարելագործմանը։

ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ առաջին աշխատանքային խմբի համակարգող Սյուզաննա Սողոմոնյան

Ծավալված քննարկումների ընթացքում մասնակիցները ներկայացրեցին իրենց դիտարկումները, արեցին արժեքավոր առաջարկներ։

Հանրային քննարկումների մասին ամբողջական հաշվետվությունը կարող եք տեսնել հետեւյալ հղմամբ՝ https://armla.am/50866.html