5 Հունիսի, 2023
ՀԱՊ Քարտուղարություն ՀԿ Խորհրդի անդամների հայտարարությունը

Հայտարարություն

Մենք` «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարություն» հասարակական կազմակերպության (հետայսու` Քարտուղարություն) խորհրդի անդամներս, գտնում ենք, որ ս.թ. մայիսի 25-ի ՀԱՊ համաժողովի ընթացքում 14 կազմակերպությունների ներկայացրած դիմում-պահանջագրի 4-րդ և 5-րդ կետերում արծարծված ՀԱՊ Քարտուղարության գործադիր տնօրենին առնչվող հարցերը դուրս են ՀԱՊ-ի համաժողովի և ՀԱՊ պատվիրակների ժողովի իրավասությունից և, ըստ այդմ, չեն կարող քննության առարկա դառնալ վերջիններիս կողմից:

ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ Քարտուղարություն ՀԿ Կանոնադրության 2.1 մասի համաձայն կազմակերպության գործունեության առարկան է՝ Արևելյան գործընկերության (ԱլԳ) քաղաքացիական հասարակության ֆորումի ծրագրերի կատարմանը նպաստելը, ու Կազմակերպությունը նպատակ է հետապնդում կազմակերպական և տեխնիկական աջակցություն ցուցաբերել ՀԱՊ-ին: Այդուհանդերձ, այն առանձին, ինքնուրույն և ինքնակառավարվող մարմին է, որի Կանոնադրության 1.16. մասի համաձայն ստեղծվում և իր գործունեությունը ծավալում է հրապարակայնության, անդամության կամավորության, անդամների իրավահավասարության, ինքնակառավարման, ղեկավարության կոլեգիալության սկզբունքներով։

Այսպիսով` ոչ ՀԱՊ համաժողովը և ոչ էլ պատվիրակների ժողովը որևէ ուղղակի մասնակցություն չեն ունեցել և չէին կարող ունենալ Քարտուղարության տնօրենի ընտրության և աշխատանքի ընդունման գործառույթների իրականացմանը, քանի որ Քարտուղարությունն առանձին ՀԿ է, որը, լիազորված լինելով ՀԱՊ համաժողովի կողմից, «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունել է կանոնադրություն և ստեղծել կանոնադրությամբ նախատեսված կառավարման մարմիններ, որոնք էլ իրենց լիազորությունների շրջանակներում մրցութային կարգով ընտրել և աշխատանքի են ընդունել Քարտուղարության տնօրենին: Նույն կարգավորումների համաձայն էլ Քարտուղարության կառավարման մարմիններն են իրավասու քննության առնելու և լուծելու Քարտուղարության գործադիր տնօրենի գործունեությանն առնչվող խնդիրները:

Քարտուղարության խորհուրդը տևական ժամանակ է, ինչ տեղյակ է ՀԱՊ համակարգողի կողմից Քարտուղարության գործադիր տնօրենի գործունեության առնչությամբ բարձրաձայնված խնդիրներին, որոնց իր լիազորությունների շրջանակներում անդրադարձել է ս.թ. ապրիլից ի վեր: Մասնավորապես` ս.թ. ապրիլի 29-ին Քարտուղարության խորհուրդը լսել է ՀԱՊ համակարգողի մտահոգությունները Քարտուղարության գործադիր տնօրենի գործունեության վերաբերյալ և որոշում ընդունել Քարտուղարության տնօրենի ենթադրյալ խախտումների կապակցությամբ վարույթ նախաձեռնելու մասին: Մայիսի 10-ին սկսված եւ մայիսի 17-ին շարունակված իր նիստում Քարտուղարության խորհուրդը  հինգ  ժամ  տևած  քննարկումից  հետո  որոշում  է  ընդունել

նկատողություն չհայտարարել Քարտուղարության գործադիր տնօրենին: Միևնույն ժամանակ, հարկ է արձանագրել, որ Քարտուղարության խորհուրդն այդ որոշումը կայացնելիս հստակեցրել է, որ բավարար չի դիտարկում Քարտուղարության տնօրենի բացատրությունները, սակայն որոշել է գրավոր նկատողություն չկիրառել նրա նկատմամբ` նրան տալով ևս մեկ հնարավորություն կառուցողական հուն վերադառնալու: Անհրաժեշտ ենք համարում արձանագրել, որ մինչ այդ ևս խորհրդի տարբեր անդամներ ունեցել են նաև ոչ ֆորմալ հանդիպումներ Քարտուղարության տնօրենի հետ` հորդորելով նրան նորմալացնել իր աշխատանքային հարաբերությունները ՀԱՊ համակարգողի հետ: Ցավով արձանագրել ենք, այդ թվում` մայիսի 10-ին կայացած նիստով, որ մեր հորդորները անտեսվել են, և Քարտուղարության տնօրենն իր բուն աշխատանքային պարտականություններն իրականացնելու փոխարեն ընտրել է ՀԱՊ համակարգողի և դիմում-պահանջագիրը ստորագրած ՀԱՊ անդամների տարաձայնությունները անպատեհ շահագործելու ճանապարհը, որը որևէ աղերս չունի կառուցողականության հետ:

Կոչ ենք անում ՀԱՊ համաժողովին և ՀԱՊ պատվիրակների ժողովին քննության չառնել Քարտուղարության գործադիր տնօրենին առնչվող վերոհիշյալ խնդիրները` հաշվի առնելով ի թիվս վերոգրյալի նաև այն հանգամանքը, որ այս առնչությամբ ընդունած ՀԱՊ-ի որևէ որոշում իրավական հետևանքներ չի կարող ունենալ, քանի որ կհակասի «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդված 3-րդ մասին, 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին, 19-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, ինչպես նաև ՀԱՊ Կանոնադրության 3.16.1 և 3.16.2 մասերին: Այս վերջին մասի համաձայն`

«ՀԱՊ Քարտուղարությունն իր կանոնադրությանը համապատասխան կազմակերպական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում ՀԱՊ-ին՝ ԱլԳ ծրագրերի կատարման»:

ՀԱՊ Քարտուղարություն ՀԿ Խորհրդի նախագահ/ՀԱՊ համակարգող Հովսեփ Խուրշուդյանը ՀԱՊ Քարտուղարություն ՀԿ խորհրդի նիստին վերաբերող նյութերը, նիստի ձայնագրությունը, աշխատանքային որոշ նամակագրություններ մեր համաձայնությամբ արդեն տարածել է ՀԱՊ անդամներին՝ ի գիտություն: Սույն հայտարարությանը կցվում է նաեւ ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ Քարտուղարություն ՀԿ Խորհրդի մայիսի 10-ի նիստի արձանագրությունը:

ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ Քարտուղարություն ՀԿ Խորհրդի անդամներ՝ Գրիգոր Երիցյան

Լուսինե Հակոբյան Էլեն Մանասերյան Աշխեն Մուշեղյան Կարեն Չիլինգարյան

Երեւան, 05 հունիսի 2023թ.

Ներբեռնել