20 Դեկտեմբերի, 2023
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆՈՒՂԻՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ

ՍԱԹԻԿ ԲԱԴԵՅԱՆ
«ԲԻԹՈՒԷՍ» ՀԱՅԿԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԿ
ԱԼԳ ՔՀՖ ՀԱՊ 5-ՐԴ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ

Սոցիալական ձեռներեցության (ՍՁ) հիմնական նպատակը հասարակության և երկրում սոցիալական խնդիրների լուծումն է։ ՍՁ-ն միայն տնտեսական ոլորտի խնդիր չէ, այն ունի մշակութային, մտավոր, արժեքային հենքը փոխելու, մարդկանց սոցիալական համերաշխության և սոցիալական արդարության արժեքներին ավելի մոտեցնելու գործառույթ։ ՍՁ-ների հայեցակարգը նոր է ի հայտ եկել Հայաստանում, իսկ առաջին ձեռնարկությունները պաշտոնապես ստեղծվել են 2005 թվականին։ Այդ ժամանակից ի վեր ի հայտ են եկել բազմաթիվ ՍՁ-ներ, որոնք ձեռներեցությամբ իրականացնում են սոցիալական առաքելություն: Չնայած այն հանգամանքին, որ ՍՁ-ն շատ արդիական է այսօրվա Հայաստանի համար, այն լավ չի ընկալվում հասարակության լայն շերտերի կողմից։ ՍՁ-ների զարգացումը Հայաստանում ներկայումս գտնվում է մի շարք միջազգային դոնոր կազմակերպությունների և տեղական հասարակական կազմակերպությունների ուշադրության կենտրոնում։ Կան մի շարք դոնորական ծրագրեր, որոնք ուղղված են սոցիալական ձեռնարկությունների և արդյունաբերության էկոհամակարգի զարգացմանը։ Ներկայումս կան բազմաթիվ կայացած ՍՁ-ներ, որոնք կարող են օրինակ ծառայել, և որոնց մոդելը կարող է տարածվել նաև Հայաստանի այլ համայնքներում՝ նպաստելով համայնքների կայուն զարգացմանը։ Այդուհանդերձ, հասարակության լայն շերտերի շրջանում ՍՁ-ն շարունակում է մնալ անհասկանալի ու բարդ կոնցեպտ։ Այս առումով, հայաստանյան հասարակության շրջանում ՍՁ-ի վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացման անհրաժեշտություն կա, որին պիտի նախորդի տեղեկացվածության աստիճանի գնահատումը։ Այս ամենի համատեքստում, առանցքային է դառնում հասարակության շրջանում ՍՁ-ի վերաբերյալ իրազեկվածության աստիճանի գնահատումը, ոլորտում գործող հիմնական սուբյեկտների խնդիրներն ու մարտահրավերները, ինչպես նաև նրանց զարգացման տեսլականը, որը ծրագրի հետազոտության հիմնական նպատակն է։

Ծրագիրն իրականացվել է երկու հիմնական ուղղությամբ՝

Ուղղություն 1․ Փորձագիտական վերլուծության արդյունքում իրականացվել է սոցիալական ձեռներեցության վերաբերյալ հասարակության   իրազեկության  գնահատման աշխատանքներ և դրանց համապարփակ ներկայացում զեկույցի միջոցով։

Ուղղություն 2․ Ծրագրի երկրորդ փուլով  կազմակերպվել է հանդիպում-քննարկում՝ Հայաստանում ՍՁ ոլորտի ընթացիկ իրավիճակի և զարգացման ոլորտի վերաբերյալ։  Հանդիպման շրջանակներում ավելի քան 40 շահառուներ ոչ ֆորմալ միջավայրում հնարավորություն են ստացել քննարկելու սոցիալական ձեռներեցությամբ զբաղվելու առանձնահատկությունների, դրսևորման տարբեր ձևերի մասին, ծանոթացել են ՍՁ տարբեր մոդելների, ապա թիմային աշխատանքի միջոցով գեներացրել են ձեռներեցության միջոցով սոցիալական, բնապահպանական ու համայնքային խնդիրների լուծման նոր գաղափարներ։

Հետազոտությունն ամբողջությամբ կարելի է կարդալ այստեղ.