6 Ապրիլի, 2022
Կայացավ ՀԸԳՀ ՔՀ պլատֆորմի առաջին առցանց հանդիպումը

2022 թվականի ապրիլի 4-ին տեղի ունեցավ ՀԸԳՀ-ով (CEPA) նախատեսված Քաղաքացիական հասարակության պլատֆորմի (այսուհետ՝ ՀԸԳՀ ՔՀՊ) Հայաստանից ընտրված անդամների անդրանիկ առցանց հանդիպումը։ Հանդիպման նպատակն էր պաշտոնապես տալ Պլատֆորմի աշխատանքների մեկնարկը, քննարկել առաջիկա անելիքները և սահմանել Պլատֆորմի՝ մոտ ապագայի հիմնական առաջնահերթությունները։ Պլատֆորմի անդամները մտքեր փոխանակեցին ներքին և արտաքին հաղորդակցության վերաբերյալ և համաձայնեցին Հայաստանի կառավարության և ԵՄ կառույցների հետ ակտիվ երկխոսության գնալու անհրաժեշտության շուրջ։ Ընդգծվեց նաև քաղաքացիական հասարակության լայն շրջանակների հետ համագործակցության կարևորությունը։

Հանդիպմանը միացավ նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը` մասնակիցներին իր ողջույնի խոսքը փոխանցելու համար: Դեսպանը վերահաստատեց ԵՄ հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանին ՀԸԳՀ-ի շրջանակներում և դրանից դուրս ձեռնարկված բարեփոխումների ջանքերում: Նա նաև ընդգծեց քաղաքացիական հասարակության՝ մարդու իրավունքների պաշտպանության և ապատեղեկատվության դեմ պայքարի ոլորտների բարդ թեմաների շուրջ միասնական ձայնով խոսելու, ինչպես նաև դաշտի այլ դերակատարների հետ կառուցողական համագործակցության անհրաժեշտությունը:

 «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանն ընտրվեց ՀԸԳՀ ՔՀՊ համակարգող: