10 Հոկտեմբերի, 2023
ԵՄ-ն պետք է Հայաստանին եվրոպական հեռանկար տա

Գերմանական 4 առանցքային քաղաքական հիմնադրամների Հվ․ Կովկասի ղեկավարների՝ Գերմանիայի իշխանություններյն եւ ԵՄ-ին ուղղված հոդված-կոչը Ֆրանկֆուրտեր ալգեմայնե զեյթունք գերմանական առաջատար լրատվամիջոցում (բնօրինակը, ինչպես նաեւ նախորդող երեք կարեւոր իրադարձությունների հղումները մեկնաբանություններում)
Մարսել Ռոթիգ, Ստեֆան Մալերիուս, Սոնյա Շիֆերս, Քաթրին Բաննախ

Գերմանիան և Եվրոպան այժմ պետք է շտապ ներգրավվեն Հայաստանի հետագա ապակայունացումից խուսափելու, Ադրբեջանի դաժան գործողությունները զսպելու և տարածաշրջանում բռնկումը կանխելու համար։
Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բռնի նվաճումից հետո Հայաստանը կանգնած է մեծ մարտահրավերների և անորոշ ապագայի առաջ։ Ռուսաստանը չի կատարել Հայաստանի ավանդական պաշտպանիչ տերության և դաշնակցի իր դերը, ճնշում է երկրի վրա և դե ֆակտո անցել է Ադրբեջանի կողմը։ Մի կողմից, Ռուսաստանի անգործությունը տարածաշրջանում ռուսական ազդեցության անկման նշան է։ Մյուս կողմից, ակնհայտ է, որ Ռուսաստանը խրախուսում եւ ուժգնացնում է բազմաթիվ հայերի հիասթափությունը 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից ի վեր ժողովրդավարական ճանապարհով լեգիտիմացված ղեկավարությունից՝ Նիկոլ Փաշինյանի ոչ պոպուլյար կառավարությանը պաշտոնանկ անելու և այն Մոսկվային հավատարիմ ուժերով փոխարինելու նպատակով։
Պատմական վերանայումներով և ագրեսիվ հռետորաբանությամբ Ադրբեջանի ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղում տարած հաղթանակից հետո այժմ կոչ է անում Հայաստանի տարածքով դեպի իր էքսկլավ Նախիջևան արտատարածքային միջանցք ստեղծել: Իրական վտանգ կա, որ հաշվի առնելով հայկական թուլությունը, Ռուսաստանի լուռ համաձայնությունը և Արևմուտքի տատանվող արձագանքը, Ադրբեջանը կրկին կդիմի բռնության՝ իր առավելագույն պահանջներն իրականացնելու համար։ Միջազգային իրավունքի համաձայն, հայկական տարածքի վրա ադրբեջանական հարձակումը և Հայաստանի հարավում հողերի զավթումը ավելի հավանական են դարձել Լեռնային Ղարաբաղում ռազմական սրացումից հետո: Ինչպես ցույց տվեցին վերջին մի քանի ամիսների իրադարձությունները, կոչերն այլեւս բավարար չեն։ Այս դեպքում ԵՄ-ն ագրեսիային պետք է պատասխանի կոշտ պատժամիջոցներով, ինչպես դա արեց Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո:
Գերմանիան և Եվրոպան այժմ պետք է շտապ ներգրավվեն՝ Հայաստանի հետագա ապակայունացումից խուսափելու, Ադրբեջանի դաժան գործողությունները զսպելու և տարածաշրջանում հրդեհը կանխելու համար։ Հայկական երիտասարդ ժողովրդավարությունը եվրոպական ապագա տանող ճանապարհին աջակցության կարիք ունի, նույնիսկ եթե այդ ճանապարհը ժայռոտ կլինի Ռուսաստանից կախվածության պատճառով:
Գերմանիան և Ֆրանսիան պետք է ստանձնեն համատեղ առաջնորդի դեր Եվրոպական միության շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի հետ խաղաղությանն ուղղված ջանքերի համար։ Նրանք այժմ պետք է հստակ քաղաքական ազդանշաններ ուղարկեն, ինչպիսիք են վիզային ռեժիմի ազատականացումը և Հայաստանի մասնակցությունը Խաղաղության եվրոպական գործիքին: Բացի այդ, Հայաստանում եվրոպական դիտորդական առաքելությունը պետք է ավելացվի անձնակազմով և ընդլայնվի նրա մանդատը։ Ադրբեջանի վրա պետք է ազդել, որպեսզի առաքելության ներկայությունը հնարավոր լինի սահմանի ադրբեջանական կողմում և Լեռնային Ղարաբաղում։ Նման զիջումը հստակ ազդանշան կլինի Ադրբեջանի կողմից խաղաղության և ԵՄ-ի հետ հետագա համագործակցության ցանկության մասին:
Միաժամանակ, Գերմանիան և Ֆրանսիան պետք է աշխատեն պատժամիջոցների պլանների վրա, եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա։
Լեռնային Ղարաբաղից աելի քան 100.000 հայերի ինտեգրվելը Հայաստանի համար թիվ մեկ խնդիրն է լինելու. Գերմանիան և ԵՄ-ն արդեն ստանձնել են պարտավորություններ, բայց նրանք պետք է ընդլայնեն դրանք և պատրաստվեն երկարաժամկետ մարդասիրական օգնության, օրինակ՝ բնակելի թաղամասերի կառուցման, հոգեսոցիալական աջակցության և տեղահանվածների համար տնտեսական հեռանկարների տրամադրման, օրինակ՝ գյուղատնտեսության և արհեստի բնագավառներում փոքր վարկերի միջոցով։
Գերմանիան պետք է զգալիորեն ընդլայնի իր քաղաքական և դիվանագիտական ներկայությունը Հայաստանում. Խոսքը առաջին հերթին Հայաստանի հարավում տեսանելիության մասին է։ Ֆրանսիան, որը գլխավոր հյուպատոսություն է բացել Սյունիքի մարզում, կարող է օրինակ ծառայել։ Գերմանիան և Ֆրանսիան այդպիսով կարևոր հակակշիռ կկազմեն տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի ներկայությանը։ Անվտանգության ներկա իրավիճակից ելնելով` անհրաժեշտ է նաև Երևան գործուղել մշտական գործող գերմանացի ռազմական կցորդի։ Գերմանական վիզաների երեւանյան գրասենյակի աշխատակիցները նույնպես պետք է ավելացվեն. գերմանական վիզայի համար ամիսներ տեւած սպասման ժամկետները անընդունելի իրավիճակ է, որը հատկապես հիասթափեցնող է Հայաստանի երիտասարդ, գերազանց կրթված մարդկանց համար:
Որպես Ադրբեջանի մերձավոր գործընկեր՝ Թուրքիան առանցքային դեր ունի ճգնաժամից դուրս գալու հարցում։ Հայաստանի և Թուրքիայի միջև սկսված նորմալացման գործընթացը պետք է շատ ավելի վճռական աջակցություն ստանա Եվրոպայի կողմից։ Թուրքիան հսկայական շահեր կունենա կայուն իրավիճակից և Հայաստանի հետ իր սահմանների բացումից. ԵՄ-ն պետք է Անկարային հասկացնի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնության հետագա սրումը չի բխում Թուրքիայի շահերից։ Գերմանիան նույնպես կարևոր դեր ունի այստեղ։
Ավելի քան 30 տարի Լեռնային Ղարաբաղի պահպանումը Հայաստանը միավորող քաղաքական տեսլականն էր։ Լեռնային Ղարաբաղի կորստի, Ռուսաստանից շրջվելու և Ադրբեջանի հետ պատերազմի վտանգի պայմաններում հայկական ժողովրդավարությունը չունի երկարաժամկետ տեսլական: Այնտեղի երիտասարդները վաղուց են տեսնում իրենց ապագան որպես Եվրոպայի մաս: Այդ իսկ պատճառով կարևոր է Հայաստանին տալ եվրոպական հեռանկար։ Դրա համար այսօր կարևոր է հիմքերը կառուցել։

Մարսել Ռոթիգը Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի երկրի ներկայացուցիչն է Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում
Ստեֆան Մալերիուսը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավարն է
Սոնյա Շիֆերսը Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարն է
Քաթրին Բաննախը Ֆրիդրիխ Նաումանի ազատության հիմնադրամի Հարավային Կովկասի ծրագրի ղեկավարն է