1 Փետրվարի, 2024
Հակակոռուպցիոն պայքարի գլխավոր հենասյունը հակակոռուպցիոն կրթությունն է. կայացել է թեմային նվիրված ֆորում

2023 թվականի հունվարի 30-ին կայացել է Հակակոռուպցիոն կրթության և հանրային իրազեկման հարցերին նվիրված ֆորում։ Ֆորումը կազմակերպվել և անցկացվել է Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից` ՀՀ արդարադատության նախարարության, ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ առաջին աշխատանքային խմբի համագործակցությամբ՝ «JUREMONIA. Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակներում։
Միջոցառմանը բացման և ողջույնի խոսքերով հանդես են եկել Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախագահ, ԵՄ-ի կողմից է ֆինանսավորվող «JUREMONIA. Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի ներկայացուցիչ, ԱլԳ ՔՀՖ-ի ՀԱՊ առաջին աշխատանքային խմբի անդամ Արտակ Կիրակոսյանը և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Մովսես Արիստակեսյանը։
Ֆորումին որպես բանախոսներ հանդես են եկել ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Լառա Պետրոսյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի Կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Աննա Մանուկյանը և հանձնաժողովի կրթության փորձագետ Լիլիթ Մաթևոսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության իրավաբանական վարչության պետի տեղակալ, հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատու Հակոբ Քնաջյանը, և ԱլԳ ՔՀՖ-ի ՀԱՊ առաջին աշխատանքային խմբի համակարգող, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը։
Ֆորումի ընթացքում քննարկվել է ՀՀ 2023-2026թթ․ Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման գործողությունների ծրագրի Հակակոռուպցիոն կրթությանն ու հանրային իրազեկմանը վերաբերող հարցերը, գործողությունների ընթացքը, խնդիրները, ինչպես նաև այն ուղղությունները, որտեղ անհրաժեշտ է ՔՀԿ-ների ներգրավումն ու աջակցությունը ՀՀ կառավարությանը։
Ֆորումին մասնակցել և հակակոռուպցիոն կրթության, հանրային իրազեկման, հակակոռուպցիոն մարմինների անկախության ապահովման, ինչպես նաև ՄԺԾԾ-ում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու վերաբերյալ կարևոր հարցադրումներով հանդես են եկել ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ-ի անդամները, այդ թվում՝ Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիայի նախագահ Արզուման Հարությունյանը, «ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ Քարտուղարություն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախագահ Արտակ Կիրակոսյանը, Քաղաքականության հետազոտական կենտրոնի տնօրեն Արմեն Գրիգորյանը։
Ֆորումին մասնակցել են նաև ներկայացուցիչներ մի շարք ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, այդ թվում՝ Արդարադատության նախարարությունից, Քննչական կոմիտեից, Հակակոռուպցիոն կոմիտեից, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Ներքին գործերի նախարարությունից, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից, Երևանի քաղաքապետարանից, Կրթության տեսչական մարմնի, Հանրային հեռարձակողի խորհրդից, միջազգային կազմակերպություններից, այդ թվում՝ Հայաստանում Բուլղարիայի դեսպանությունից, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից, «Միջազգային բանտային բարեփոխումներ» (Penal Reform Iinternational (PRI)) միջազգային կազմակերպությունից, ԵՄ Թվինինգ ծրագրից, ԵԽ երևանյան գրասենյակից, Հայաստանում ՀԸԳՀ-ի իրականացմանն ուղղված ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրից, ԲՈՒՀ-երից, այդ թվում՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից, Հայաստանում ֆրանսիական համալսարանից, Հայաստանի ամերիկյան համալսարանից, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանից, և մի շարք ՔՀԿ-ներից։