Գևորգ Մանուկյան
ՀՍԻԿ ՀԿ (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ ԱԽ1)
«Ճանապարհ` դեպի սահմանադրականություն» ենթածրագիրն ուղղված էր Հայաստանում կառավարման արդյունավետությանը, իշխանության գործառույթների իրական տարանջատմանը, դատական իշխանության անկախության և ժողովրդավարության ուղիով երկրի բնականոն զարգացմանը խոչընդոտող սահմանադրական դրույթների հիմնախնդրի լուծմանը։
1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Հանրապետության (ՀՀ) Անկախության Հռչակագրի ընդունումից հինգ տարի անց, 1995թ. հուլիսի 05-ին համաժողովրդական հանրաքվե անցկացվեց ՀՀ առաջին սահմանադրության ընդունման համար։ Հետագայում, 2005թ. նոյեմբերի 27-ի և 2015թ. դեկտեմբերի 06-ի հանրաքվեների միջոցով Սահմանադրության մեջ կատարվեցին մասնակի փոփոխություններ։ Եվս մեկ անգամ երկրի հիմնական օրենքում փոփոխություն կատարվեց, առանց հանրաքվեի, Ազգային ժողովի (ԱԺ) կողմից, 2020թ. հունիսի 22-ին։ Այդ փոփոխությունների արդյունքում, թեև կատարվել են որոշակի բարելավումներ, սակայն, վերը նշված սահմանադրական խոչընդոտները մնացել են անփոփոխ։ Այդ մասին վկայում են անկախության ժամանակաշրջանում անցկացված գրեթե բոլոր հանրաքվեների և համապետական ընտրությունների արդյունքների անթաքույց կեղծումները, իշխանական լծակների, բռնությունների կիրառումները, արդար դատաքննության սպասող հազարավոր, այդ թվում՝ մի քանի տասնյակ հանրային հնչեղություն ունեցող, աղմկահարույց գործերը։ Այդ մասին վկայում են նաև՝ ցայժմ չբացահայտված 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպիչների բացահայտման գործը, ավելի քան երեք տասնյակ պետական ու քաղաքական բարձրաստիճան գործիչների սպանությունների, ինքնասպանությունների դեռևս չբացահայտված լինելը։ Իսկ 2008թ. մարտի 01-ի գործի վերաքննությունը սկսվեց միայն 2018թ. գարնան հեղափոխությունից հետո և դեռևս պահպանվող դատական հին համակարգի պայմաններում ընթանում է դանդաղ, շարունակաբար բախվելով տարատեսակ խոչընդոտների։
Սույն ծրագիրը նպատակ է ունեցել նպաստել Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման ճանապարհին առկա սահմանադրական խոչընդոտների վերացմանը՝ իշխանության իրական տարանջատում, անկախ դատական իշխանություն, իրավունքի տիրապետություն և մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգ նախատեսող ՀՀ նոր սահմանադրության գիտականորեն հիմնավորված հայեցակարգի մշակման և ՀՀ Կառավարությանն ու ՀՀ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին ներկայացնելու միջոցով։
Հետազոտությունն ամբողջությամբ կարդալու համար սեղմեք այստեղ:
Հետազոտությունն իրականացվել է ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարության «Աջակցություն ՀԱՊ աշխատանքային խմբերի գործողություններին» ծրագրի շրջանակում, Եվրոպական միության աջակցությամբ: