30 Մայիսի, 2024
ԵՄ արեվելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի հայաստանի ազգային պլատֆորմի ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ ԱԳՆ-ում

2024 թվականի մայիսի 20-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հյուրընկալել էր ԵՄ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմի պատվիրակությանը։ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի ազգային համակարգող Էդգար Խաչատրյանի նախաձեռնությամբ և Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան, Եվրամիությունում Հայաստանի առաքելության ղեկավար Տիգրան Բալայանի աջակցությամբ կայացած հանդիպման նպատակն էր հարթակի ներկայացուցիչներին տեղեկացնել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների վերջին զարգացումների մասին, քննարկել ընթացիկ խնդիրները և բացահայտել հնարավոր լուծումները:
Դեսպան Բալայանը և ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ, դեսպան Սամվել Մկրտչյանը ողջունեցին հարթակի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։ Դեսպան Բալայանը ներկայացրեց Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնման ռազմավարական առաջնահերթությունները։
Հանդիպման ընթացքում մասնակիցները մտահոգություն հայտնեցին Հայաստանի եվրաինտեգրմանն առնչվող քաղաքականության մշակման մեջ քաղաքացիական հասարակության սահմանափակ ներգրավվածության վերաբերյալ և առաջարկեցին հետագա խորհրդակցությունների համար կիսվել իրենց փորձով: Հիմնական թեմաները ներառում էին վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հեռանկարները և այնպիսի մարտահրավերների լուծումը, ինչպիսիք են հետընդունման համաձայնագիրը և սահմանների կառավարման քաղաքականությունը:
Քննարկումները կենտրոնացած էին նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում ռազմավարություններ իրականացնելու պետական կառույցների մասնագիտական կարողությունների և ԵՄ հետ ավելի բարձր մակարդակի համագործակցության պահանջները բավարարելու նրանց կարողության վրա: Բնապահպանական ՀԿ-ներն ընդգծեցին ՀԸԳՀ-ի բնապահպանական դրույթների մասնագիտական վերանայման անհրաժեշտությունը և COP-29 բյուրոյում Հայաստանի ներկայացուցչի հետ ՀԿ խորհրդակցությունների դյուրացման կարևորությունը:
Ի լրումն, ՔՀԿ-ները քննադատորեն անդրադարձան հայ-ադրբեջանական ներկայիս հարաբերություններին՝ ընդգծելով ԵՄ դերը Հայաստանի դիմակայունության ամրապնդման գործում՝ Ուկրաինայում շարունակվող պատերազմի, Ադրբեջանի կառավարության ագրեսիայի և ավելի լայն գլոբալ աշխարհաքաղաքական տատանումների պայմաններում: Նրանք նաև քննարկեցին 2020 թվականի 44-օրյա պատերազմից և դրան հաջորդած Լեռնային Ղարաբաղի հայերի ամբողջական էթնիկ զտումներից հետո ադրբեջանցի ռազմական հանցագործների դեմ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը։ Ներկաները նաև ընդգծեցին Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պաշտպանության և ռազմագերիների վերադարձի ապահովմանն ուղղված ջանքերի հրատապ անհրաժեշտությունը։