ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի
Հայաստանի ազգային պլատֆորմի պատվիրակների ժողովին
ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ համակարգող Հովսեփ Խուրշուդյանին
ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ Գործադիր մարմնին
ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ Քարտուղարությանը
ԴԻՄՈՒՄ-ՊԱՀԱՆՋԱԳԻՐ
Մենք՝ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի պատվիրակների ժողովի ներքոստորագրյալ անդամներս, անթույլատրելի համարելով ՀԱՊ համակարգող Հովսեփ Խուրշուդյանի հակականոնադրական նախաձեռնություններն ու գործողությունները, պլատֆորմի մարմիններում ղեկավար պաշտոններն իր ձեռքում կենտրոնացնելու, սեփական լիազորությունների անհիմն և անհամաչափ ընդլայնմանն ուղղված քայլերը, կազմակերպության գործունեության քաղաքականացման փորձերը, կառավարման ընթացքում գործընկերների նկատմամբ դրսևորած կամայականությունները ՝ պահանջում ենք 2023 թվականի մայիսի 25-ի ժողովում առաջնահերթության կարգով քննարկման առարկա դարձնել Հովսեփ Խուրշուդյանի՝ ՀԱՊ համակարգողի պաշտոնին համապատասխանելու հարցը։ Մեր այս պահանջը հիմնված է, մասնավորապես, հետևյալ փաստերի վրա.
1) Լինելով ՀԱՊ համակարգող՝ Հովսեփ Խուրշուդյանը չի խորշել դառնալ նաև ՀԱՊ Քարտուղարության Խորհրդի նախագահ, ինչը, ըստ գործող Կանոնադրության 4.1 կետի, շահերի բախում է։ Իսկ ՀԱՊ Կանոնադրության մեջ իր մասնակցությամբ փոփոխություններ և լրացումներ մշակող աշխատանքային խմբի առաջարկություններից ակնհայտ է դառնում, որ նա հավակնում է ստանձնել նաև Գործադիր մարմնի նիստերի նախագահությունը՝ այստեղ էլ իրեն վերապահելով այն նույն լիազորությունները, որոնք նախատեսված են Խորհրդի նախագահի համար։
2) Հովսեփ Խուրշուդյանը, Կանոնադրությամբ նախատեսված ընթացակարգերի խախտմամբ, ձեռնամուխ է եղել ՀԱՊ 1-ին և 3-րդ աշխատանքային խմբերի համակարգողներին պաշտոնանկ անելու գործընթացին՝ առանց նրանց հետ հարցը նախապես քննարկելու կամ գոնե նախօրոք դրա մասին տեղյակ պահելու (1-ին խմբի պարագայում համակարգողը նույնիսկ չի հրավիրվել ժողովին)։
3) Ներկայանալով որպես ՀԱՊ համակարգող՝ Հովսեփ Խուրշուդյանն առանց պլատֆորմում քննարկում անցկացնելու և գոնե պարզ մեծամասնության համաձայնությունը ստանալու, հանդես է եկել քաղաքական հայտարարություններով, միանձնյա որոշմամբ քաղաքական ուժերի հետ վարել է բանակցություններ, նախաձեռնել և անցկացրել է միջոցառումներ, ստորագրել (կամ փորձել է ստորագրել) քաղաքական բնույթի փաստաթղթեր։ Լավ հասկանալով, որ Կանոնադրությամբ այդպիսի իրավասություններ չունի՝ Հովսեփ Խուրշուդյանը վերոհիշյալ կանոնադրական փոփոխություններով առաջարկում է տալ իրեն նման լիազորություններ, ինչը հղի է ՀԱՊ՝ որպես քաղաքացիական հասարակության ինստիտուտի քաղաքականացման վտանգով։
4) Արդեն երկու ամիս է, ինչ Հովսեփ Խուրշուդյանը Քարտուղարության գործադիր տնօրեն Անի Կոջոյանից վերցրել է կազմակերպության կնիքը և չի վերադարձնում, քանզի միանձնյա որոշել է, որ նա պետք է լքի տնօրենի պաշտոնը։ Մինչդեռ, կնիքը վերցնելն ու միտումնավոր չվերադարձնելը, հարկային դաշտում համապատասխան լիազորությունները գործադիր տնօրեն Անի Կոջոյանին չփոխանցելը, կազմակերպության բանկային հաշվեհամարները նրա անունով չանվանափոխելը խաթարել են Քարտուղարության բնականոն աշխատանքը։ Այս ամենը ոչ միայն ապակառուցողական է, այլ նաև «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և ՀԱՊ Քարտուղարության կանոնադրության 8․3, 8․4 և 8․5 կետերի խախտումներ, որոնք արժանի են իրավական քննության։
5) Քանի որ պաշտոնից ազատվելու պահանջը Անի Կոջոյանը համարել է անհիմն և հրաժարվել է ենթարկվել, Հովսեփ Խուրշուդյանը նրա դեմ նախաձեռնել է ճնշումների մի շղթա՝ Քարտուղարության գործադիր տնօրենին հաջորդաբար մի քանի նկատողություն տալու և նրան աշխատանքից հեռացնելու համար։ Այդ նպատակով անցկացվել է Քարտուղարության Խորհրդի նիստ, որը տևել է ավելի քան 4 ժամ, և այդ ընթացքում Հովսեփ Խուրշուդյանը, հատկապես նկատելով, որ իր ակնկալած որոշումը չի անցնում, դրսևորել է անվայել պահվածք, գոռացել է և նվաստացուցիչ արտահայտություններ թույլ տվել։ Որպես ապացույց կարող եք ծանոթանալ Անի Կոջոյանի մոտ պահվող այդ նիստի ձայնագրությանը։ Ի դեպ, այսպիսի ճնշման հետևանքով աշխատանքից ազատվել է հաղորդակցության մասնագետ Աննա Մեխակյանը, որի պրոֆեսիոնալ և մարդկային բարձր հատկանիշները մեզ համար ակնհայտ էին, իսկ հեռանալու պատճառները՝ ի սկզբանե անհասկանալի։ Մինչդեռ, աշխատանքից ազատվելու Աննա Մեխակյանի դիմումի բովանդակությունը լույս է սփռում այդ պատմության վրա։ Այդ դիմումը նույնպես պահվում է Անի Կոջոյանի մոտ։
Հովսեփ Խուրշուդյանի՝ ՀԱՊ համակարգողի պաշտոնին համապատասխանելու հարցը քննելու, նրա լիազորությունները դադարեցնելու պահանջը ներկայացնելիս մենք առաջնորդվում ենք ՀԱՊ Կանոնադրության 3.11.3, 4.1, 4.4 կետերով և ակնկալում ենք, որ կստանանք ՀԱՊ պատվիրակների մեծամասնության աջակցությունը։
Աշոտ Մելիքյան, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Միքայել Հովհաննիսյան, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ
Գայանե Աբրահամյան, «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» ՀԿ
Նունե Սարգսյան, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
Արթուր Պապյան, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ – Հայաստան
Ինգա Զարաֆյան, «ԷկոԼուր» ՀԿ
Ամալյա Համբարձումյան, «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ
Թեմիկ Խալափյան, «Տրտու» մշակութային ՀԿ
Անահիտ Գևորգյան, Մարտունու կանանց համայնքային խորհուրդ
Աբրահամ Արտաշեսյան, Համայնքների ֆինանսիստների միավորում
Սուսաննա Շահնազարյան, Գորիսի մամուլի ակումբ
Լիանա Ասոյան, «Բլեջան» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ
Դիանա Եղիազարյան, Երիտասարդական ակումբների դաշնություն
Նաիրա Առաքելյան, Արմավիրի զարգացման կենտրոն
Երևան, 25 մայիսի, 2023 թվական