ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, 2022թ.
ԱԼԳ ՔՀՖ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԵԼԱՌՈՒՍ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ՎԼԱԴԻՄԻՐ ՄԱՑԿԵՎԻՉԻ ԱՊՕՐԻՆԻ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2022 թվականի փետրվարի 4-ին բելառուս հասարակական գործիչ և գիտնական Վլադիմիր Մացկևիչը հայտարարել է անժամկետ հացադուլ` նշելով, որ 10 օր անց կհրաժարվի նաև ջրից և կանցնի, այսպես կոչված, «չոր» հացադուլի։ Վլադիմիր Մացկևիչը կարևոր դերակատարում է ունեցել ԱլԳ Քաղհասարակության ֆորումի զարգացման գործում և առայսօր Ֆորումի կարևոր անդամներից մեկն է:
Այս ծայրահեղ քայլը պայմանավորված է նրանով, որ հասարակական կարգի խախտման և կազմակերպման շինծու մեղադրանքով 2021թ. օգոստոսի 4-ին Մացկևիչի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց և նրան կալանավորելուց կես տարի է անցել, սակայն նախաքննության մարմնի անգործության պայմաններում գործն այդպես էլ չի փոխանցվել դատարան։ Այս իրողությունը վկայում է այն մասին, որ Մացկևիչը Բելառուսի իշխանությունների կողմից պահվում է որպես պատանդ և քրեական հետապնդման ենթարկվում բացառապես իր քաղաքական հայացքների համար։ Կարելի է վստահաբար ասել, որ Լուկաշենկոյի ռեժիմը նման եղանակով պարզապես քաղաքական հաշվեհարդար է տեսնում իր քաղաքական հակառակորդների նկատմամբ։ Մացկևիչը պահանջում է հստակեցնել իրեն ներկայացվող մեղադրանքի հիմքերը, փոխել խափանման միջոցը և գործը փոխանցել դատարան։
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմն իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում Վլադիմիր Մացկևիչին և նրա ընտանիքին: Խստորեն դատապարտելով Բելառուսի իշխանությունների անմարդկային և հակաժողովրդավարական վերաբերմունքը` հիշեցնում ենք, որ Բելառուսը Միավորված ազգերի կազմակերպության անդամ է, որի համար համապարտադիր են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրի նորմերը: Դաշնագրի 2-րդ հոդվածի ուժով Բելառուսը պարտավոր է հարգել իր իրավազորության տակ գտնվող բոլոր անձանց իրավունքները` առանց որևէ տարբերության, այդ թվում` քաղաքական կամ այլ համոզմունքների հիմքով:
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը կոչ է անում Բելառուսի իշխանություններին անհապաղ կատարել Մացկևիչի ավելի քան արդարացի պահանջները և դադարեցնել նրա` անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու, արդար դատաքննության և անձնական ազատության իրավունքների ոտնահարումը և ապահովել նրա արտահայտվելու ազատության իրավունքը։
Ծանոթություն․ ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը հայաստանյան քաղաքացիական հասարակության 230-ից ավելի կառույցների կամավոր միավորում է, որի անդամներն իրենց լավագույն ջանքերն են ներդնում՝ կյանքի կոչելու ՔՀՖ առաքելությունը, արժեքները և նպատակները Հայաստանում, ինչպես նաև ԱլԳ ամբողջ տարածաշրջանում: ՀԱՊ-ը հետամուտ է ԱլԳ ծրագրերի իրականացմանը, երկրի ներքին խնդիրների լուծումները ԵՄ չափորոշիչներին համապատասխանեցնելուն, հասարակության բոլոր շերտերի մասնակցայնության և տեղեկացվածության ապահովմանը, ժողովրդավարական բարեփոխումների հետևողական իրականացմանը:
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ ՀԿ-ների ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ: