ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, 2021թ
ԱԼԳ ՔՀՖ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆԻ ՕԴԱՅԻՆ ԱՎԱԶԱՆԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Վերջին տարիներին Երևան քաղաքում մշտապես գրանցվել է օդի աղտոտվածության բարձր մակարդակ: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) նախորդ տարիներին տարեկան գերազանցվել է տասնյակ, նույնիսկ հարյուր անգամ։
Ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների՝ միայն անցած շաբաթվա՝ նոյեմբերի 4-10-ի (2021թ.) ընթացքում, փոշու պարունակությունը գերազանցել է ՍԹԿ-ն Երևանի Կենտրոն վարչական շրջանում, Արաբկիրում, Նոր Նորքում: Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում շատ հաճախ գրանցվում են մթնոլորտային օդում ազոտի և ծծմբի երկօքսիդի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների պարունակության գերազանցումներ (http://armmonitoring.am):
Այդ փոշու մի մասն առաջանում է Երևանում գործող հանքերից։ Սակայն, հետաքննող լրագրողների (www.hetq.am) իրականացրած հետաքննության համաձայն, որևէ ուսումնասիրություն չի կատարվել, և հայտնի չէ, թե փոշու որքան մասն է հանքերից արտանետվում։
2021թ. հունվարի դրությամբ՝ Երևան քաղաքի վարչական տարածքում 23 հանքավայրի ընդերքօգտագործման իրավունք է տրամադրված: Երևանում առավելապես արդյունահանվում է բազալտ, ավելի քիչ՝ գիպսատար ապար և կավ: Հանքավայրերը հիմնականում գտնվում են այն վարչական տարածքներում, որտեղ փոշու մոնիտորինգի դիտակայաններ չկան, հետևաբար պարզ չէ, թե նշված տարածքներում ՍԹԿ ցուցանիշները քանի անգամ են գերազանցում, երբ այդ տարածքներից դուրս իրականացված մոնիթորինգի տվյալներն արդեն իսկ մտահոգիչ են։
Անկախացումից ի վեր Երևան քաղաքի կանաչ տարածքներն ինտենսիվորեն հատվել են, չորացվել, Երևանի կանաչ զանգվածը հսկայական կորուստներ է կրել, ամայացվել են Դալմայի այգիները, որոնց դերը նաև օդի աղտոտվածության մեղմացումն էր։
Հետաքննող լրագրողների հետազոտության արդյունքում պարզվել է նաև, որ հանքավայրերի մեծ մասը շահագործվում է առանց նվազագույն կանոնների պահպանման, որոշներն էլ ապօրինի են՝ առանց հողօգտագործման պայմանագրերի: Հանքարդյունաբերական գործունեություն է իրականացվել նույնիսկ «Հայանտառ» ՊՈԱԿ-ին պատկանող անտառային հողերի վրա՝ անտառատնկման փոխարեն։ Մայրաքաղաքում շահագործվող հանքերի նկատմամբ պատշաճ վերահսկողություն չի իրականացվում:
Բացի այդ, ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում, մասնավորապես ԵՄ ԱլԳ երկրներում, հատկապես քաղաքային միջավայրում կենսապայմանների որակի բարձրացման նորագույն լուծումներ են ներդրվում: Մինչդեռ Երևանում օդի որակը շարունակում է մնալ կրիտիկական: Երևանի օդային ավազանի էլ ավելի աղտոտման պատճառ է հանդիսանում նաև քաղաքի աշխարհագրական դիրքը. ինվերսիոն շերտերի պատճառով առաջանում է բարձր աղտոտվածություն օդի երկրամերձ շերտում: Շարունակական աղտոտվածությունը տարաբնույթ հիվանդությունների պատճառ է դառնում:
Հետևաբար, մենք՝ ԵՄ ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի անդամներս,
հիմք ընդունելով հանքարդյունաբերական ձեռնարկություններով ու շինարարական նախագծերով Երևան քաղաքի չափազանց ծանրաբեռնվածությունը,
հաշվի առնելով, որ վերջին տարիներին անընդմեջ Երևան քաղաքում գրանցվել է օդի աղտոտվածության բարձր մակարդակ,
հաշվի առնելով, որ առանց այն էլ տրանսպորտի, էներգետիկայի, քաղաքաշինության, ջրօգտագործման և թափոնների կառավարման ոլորտներում առկա բացերի պատճառով ոչ միայն Երևանի օդային ավազանն է աղտոտված, այլ նաև շարունակական բացասական ազդեցության են ենթարկվում շրջակա միջավայրի մյուս տարրերը՝ ջուրը, հողը, էկոհամակարգերն ընդհանրապես,
հաշվի առնելով, որ մեկ բնակչին բաժին ընկնող կանաչ տարածքների տիպային հարաբերակցությունը Երևանում հաշվարկվել է 7,6 քմ, որն իրականում ավելի ցածր է և վերանայման կարիք ունի ու ցածր է ԱՀԿ-ի կողմից խորհուրդ տրվող նվազագույն արժեքից՝ մեկ շնչի հաշվով 9 քմ-ից,
պահանջում ենք՝
զերծ մնալ Երևանում նոր հանքարդյունաբերական նախագծերի, արդյունաբերական ձեռնարկությունների, ինչպես նաև շինարարական խոշոր ու կետային ռիսկային կառուցապատման նախագծերի ձեռնարկումից:
Քաղաքային իշխանություններին ու տեսչական մարմիններին կոչ ենք անում՝
հետևողական լինել արդեն իսկ գործող ընկերությունների ու իրականացվող նախագծերի ՇՄԱԳ պահանջների կատարման առումով, կիրառել օրենքով սահմանված կարգով աղտոտումների զսպման ու միջավայրի բարելավման գործողություններ, ինչպես նաև ապահովել հանրության լայն, թիրախավորված և ոչ ընտրական իրազեկում շրջակա միջավայրի հնարավոր փոփոխություններ ենթադրող ներկայիս և պլանավորվող գործողությունների վերաբերյալ՝ դրանց ամենավաղ փուլում:
Մյուս կողմից՝ կոչ ենք անում Երևան քաղաքի բնակիչներին, որ
հետևողական լինեն, մասնակցեն շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ որոշումների կայացման գործընթացներին՝ իրացնելով իրենց՝ առողջ միջավայրում ապրելու բնական իրավունքը։ Ողջունում ենք Աջափնյակ վարչական շրջանի բնակիչների ակտիվությունը, որոնք մանրամասնորեն ուսումնասիրելով Սպանդարյանի բազալտի և տուֆի հանքավայրի հայցվող տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման նախատեսվող գործունեության նախագիծը և հայտնաբերելով իրենց կյանքի որակին, առողջությանը, շրջակա միջավայրին սպառնացող վտանգները, դիմել էին վարչական շրջանի ղեկավարին՝ պահանջելով չտալ համայնքի թույլտվությունը նման գործունեության համար, որը հաշվի էր առնվել:
Ակնկալում ենք, որ այսուհետ որևէ նախագիծ պլանավորելուց, առավել ևս՝ շահագործման թույլտվություն տալուց առաջ, նախ կուսումնասիրվեն բոլոր ռիսկերը, և ամենակարևորը՝ որոշում կայացնողները հաշվի կնստեն համայնքի բնակիչների ու մասնագետների հետ։
Ծանոթություն․ ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը հայաստանյան քաղաքացիական հասարակության 230-ից ավելի կառույցների կամավոր միավորում է, որի անդամներն իրենց լավագույն ջանքերն են ներդնում՝ կյանքի կոչելու ՔՀՖ առաքելությունը, արժեքները և նպատակները Հայաստանում, ինչպես նաև ԱլԳ ամբողջ տարածաշրջանում: ՀԱՊ-ը հետամուտ է ԱլԳ ծրագրերի իրականացմանը, երկրի ներքին խնդիրների լուծումները ԵՄ չափորոշիչներին համապատասխանեցնելուն, հասարակության բոլոր շերտերի մասնակցայնության և տեղեկացվածության ապահովմանը, ժողովրդավարական բարեփոխումների հետևողական իրականացմանը:
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ ՀԿ-ների ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ: