ԱԼԳ ՔՀՖ ՂԵԿԱՎԱՐ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ Ի ՍԱՏԱՐՈՒՄՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ՎԵՐՋԻՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեն պաշտպանում եւ սատարում է Հայաստանի եւ Ադրբեջանի վերջին հակամարտության գերիների վերաբերյալ ԵՄ՝ 2021թ. ապրիլի 28-ի հայտարարությունը: Այդ հայտարարության մեջ ԵՄ-ն ընդգծում է 2020թ. նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի համաձայնագրի ամրագրումը եւ կրկնում է, որ նոր ջանքեր են անհրաժեշտ երկու կողմերի միջեւ վստահություն կառուցելու եւ կայուն խաղաղության հասնելու համար:
Հայտարարությանը համահունչ՝ մենք ողջունում ենք մինչ այժմ գրանցված դրական, բայց սահմանափակ արդյունքները՝ կապված գերիների ազատ արձակման, մարդկային մասունքների փոխանցման եւ հումանիտար օգնության տրամադրման հետ: Ինչպես խորհուրդ է տալիս ԵՄ-ն, մենք եւս վճռականորեն պաշտպանում ենք այն դիրքորոշումը, որ երկու կողմերն էլ պետք է զերծ մնան թշնամական եւ վիրավորական հռետորաբանությունից, մնացած բոլոր ռազմագերիներին եւ անազատության մեջ պահվող անձանց պետք է թույլ տրվի վերադառնալ իրենց տները, եւ խրախուսում ենք համատեղ ջանքերի գործադրումը, ընդլայնված համագործակցությունն ու թափանցիկությունը հակամարտության տարածքից ականների եւ այլ պայթուցիկ սարքերի հայտնաբերման եւ անվտանգ հեռացման համար՝ խուսափելով նոր զոհերից:
Մենք դրական ենք գնահատում նաեւ ԵՄ հայտարարության երրորդ կետը, որում շեշտվում է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավոր են կատարել դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ միջոցառումները:
ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեն բարձր է գնահատում ԵՄ-ի հանձնառությունը` ուղղված Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկարատեւ խաղաղության եւ հարգալից երկխոսության հաստատմանը: ԵՄ-ի այսպիսի հստակ եւ հակիրճ հաղորդակցությունը եւ մարդու իրավունքների ոտնահարումներին արագ արձագանքը ճանապարհ են բացում ավելի խորը եւ ամուր գործընկերության համար
Ամփոփելով, կցանկանայինք հիշեցնել բոլոր կողմերին եւ շեշտել այդ գործընթացներում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավման կարեւորությունը` թափանցիկություն, ինչպես նաեւ ձեռնարկված միջոցառումների պատշաճ իրականացում եւ վերահսկողություն ապահովելու համար: Հուսով ենք, որ ԵՄ-ի այս հայտարարությունը դրական եւ խաղաղ զարգացումներ կբերի տարածաշրջանին, որպեսզի բոլոր մարդիկ, անկախ իրենց բնակության վայրից, այժմ կարողանան իրենց ապահով զգալ
Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեի անդամներ