Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանը միանալու գործընթացի մեկնարկի վերաբերյալ
27 մարտի, 2025թ․, Երևան
Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը (ԱԳ ՔՀՖ ՀԱՊ) ողջունում է Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքը, որով պաշտոնապես մեկնարկում է Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանը անդամակցության գործընթացը։ Սա պատմական և շրջադարձային պահ է, որը վերաիմաստավորում է Հայաստանի ռազմավարական ուղղվածությունը և եվրոպական ինտեգրումը դնում է պետության կառուցման օրակարգի կենտրոնում։
Ինչպես նշված է նոր ընդունված օրենքում․
«Հայաստանի Հանրապետությունը՝ նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, դիմակայունությունն ու իրավունքի գերակայությունը, հայտարարում է Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացի մեկնարկը»։
Այս հայտարարությունը զուտ խորհրդանշական չէ. այն ունի խորքային քաղաքական, իրավական և հասարակական նշանակություն։ Այն հիմք է դնում Հայաստանի նոր ժամանակակից պատմության մի փուլի, որը հիմնված է ժողովրդավարության, մարդու իրավունքների, լավ կառավարման և իրավունքի գերակայության սկզբունքների վրա։ Գլոբալ ու տարածաշրջանային աճող մարտահրավերների պայմաններում այս քայլը հստակեցնում է Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումը և բացում է խաղաղության, կայուն զարգացման ու անվտանգության ուղի՝ եվրոպական արժեքային համակարգի շրջանակում։
Հայաստանի քաղաքացիական հասարակությունը երկար տարիներ հետևողականորեն հանդես է եկել որպես եվրոպական ինտեգրման ջատագով։ Վերջին տասնամյակում Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը շարունակաբար աջակցել է ԵՄ չափանիշներին համապատասխան բարեփոխումներին, խթանել մասնակցային ժողովրդավարությունը և նպաստել հանրային կառույցների կայացմանը։ Այս ամենի վկայությունն է նաև այն փաստը, որ նշված օրենքի նախագիծը Ազգային ժողով է հասել «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնության ջանքերով, որի հիմնադիր անդամները հիմնականում ԱԳ ՔՀՖ ՀԱՊ անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներ են։
«Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ երկամսյա ժամկետում անհրաժեշտ էր հավաքել նվազագույնը 50 հազար վավեր ստորագրություն, որպեսզի «Եվրաքվե»-ի նախաձեռնող խումբը հնարավորություն ստանար օրենքի նախագիծ ներկայացնելու Ազգային ժողով։ Սակայն արդյունքում անհրաժեշտ ստորագրությունները հավաքվել էին օրենքով նախատեսված ժամկետից էլ շուտ։
Մենք վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ ուղեկցելու այս գործընթացը, ապահովելու հանրային վերահսկողություն, խթանելու թափանցիկությունը և բարձրացնելու քաղաքացիների ձայնը։
Մենք կոչ ենք անում Կառավարությանը գործել հետևյալ ուղղություններով՝
- Մշակել և հրապարակել ԵՄ անդամակցության համապարփակ ազգային ռազմավարություն, ապահովելով դրա թափանցիկ և ներառական քննարկումը քաղաքացիական հասարակության և շահագրգիռ կողմերի հետ,
- Սահմանել հստակ ճանապարհային քարտեզ, որը կներառի ժամկետներ, բարեփոխումների առաջնահերթություններ և չափելի ուղենիշներ՝ համաձայն Կոպենհագենի չափանիշների,
- Վերացնել ինստիտուցիոնալ և իրավական անհամապատասխանությունները, մասնավորապես՝ հստակ արտահայտել ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրությունը՝ հաշվի առնելով դրա նորմատիվ դաշտի անհամատեղելիությունը ԵՄ օրենսդրության հետ։
Որպես գործընթացի համակարգման և պատասխանատվության արդյունավետության երաշխիք՝ ԱԳ ՔՀՖ ՀԱՊ-ը կոչ է անում ստեղծել ՀՀ փոխվարչապետի առանձին պաշտոն, որը պատասխանատու կլինի ԵՄ անդամակցության ամբողջ գործընթացի համակարգման և առաջնորդման համար` գաղափար, որն արդեն իսկ հնչեցվել է Ազգային Ժողովի գործըենկերների կողմից և լայն աջակցություն է ստացել թե քաղաքացիական հասարակության, և թե ոչ խորհդարանական ժողովրդավարական քաղաքական ուժերի կողմից։ Այս պաշտոնը պետք է ունենա լիազորություններ՝ ղեկավարելու միջգերատեսչական աշխատանքները, վերահսկելու բարեփոխումների իրականացումը և հանդես գալու որպես հիմնական գործընկեր՝ ԵՄ-ի և միջազգային այլ կառույցների հետ հարաբերություններում։ Այս գործընթացը պահանջում է բարձր մակարդակի քաղաքական առաջնորդություն և կենտրոնացված համակարգում։
Բացի այդ, մենք հորդորում ենք ՀՀ կառավարությանը սկսել պաշտոնական բանակցություններ ԵՄ-ի հետ՝ ընդունված Օրենքի տառին և ոգուն համապատասխան, առավել արդիական համաձայնագրի ստորագրման վերաբերյալ, այդ թվում՝ Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու (DCFTA) ձևավորման նպատակով։ Այս քայլերը կարևոր են եվրոպական ինտեգրման իրական օգուտները ապահովելու համար՝ մուտք ԵՄ շուկա, ներդրումների ներգրավում, տեխնոլոգիական առաջընթաց և ինստիտուցիոնալ բարեփոխումների խթանում։
Հայաստանի՝ ԵՄ անդամակցության ճանապարհին առաջ շարժվելիս քաղաքացիական հասարակությունը պետք է դիտարկվի որպես ռազմավարական գործընկեր։ Հանրային ներգրավվածությունն ու վերահսկողությունը, քաղաքականության ձևավորման բաց և մասնակցային գործընթացները կարևոր նախապայմաններ են՝ բարեփոխումների ժողովրդավարական բնույթն ապահովելու համար։
Այս գործընթացը ունի նաև անվտանգության կարևոր բաղադրիչ։ Հայաստանի՝ ԵՄ-ին մերձեցումը ամրապնդում է նրա ինքնիշխանությունը և դիմակայունությունը՝ տարածաշրջանային ճնշումների պայմաններում։ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության շարունակական ներկայությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին պետք է պահպանվի և ընդլայնվի մինչև կայուն խաղաղության համաձայնագրի կնքումը և վստահության ամրապնդման մեխանիզմների հաստատումը։
ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկը Հայաստանի համար համարձակ և հեռատես ընտրություն է։ Այն վերաձևակերպում է Հայաստանի միջազգային դերը և հստակ ազդակ է հղում ինչպես երկրի քաղաքացիներին, այնպես էլ միջազգային գործընկերներին․ Հայաստանի ապագան գտնվում է ժողովրդավարական, կայուն և կանոնակարգված եվրոպական համակարգում։
Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը պատրաստ է աջակցել այս պատմական ուղուն՝ իր փորձագիտական ներուժով, հանրային երկխոսության խթանմամբ և ակտիվ ներգրավվածությամբ՝ որպեսզի եվրոպական ինտեգրումը դառնա ոչ միայն արտաքին քաղաքական նպատակ, այլ իրականություն՝ բոլորի համար։
ԱԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմ
27 մարտի, 2025թ․