Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը ԶՊՄԿ կողմից իր նախկին աշխատակիցների դեմ ներկայացված դատական հայցի վերաբերյալ
10 հունիսի, 2025 թ. Երևան
Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը դատապարտում է «Զանգեզուրի պնղձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) աշխատանքից ազատված նախկին 8 գործադուլավորների նկատմամբ ԶՊՄԿ-ի կողմից
2025 թվականի մայիսին ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված հայցի հանգամանքը, որով ընկերությունը նրանցից պահանջում է 4.758.480.000 (չորս միլիարդ յոթ հարյուր հիսունութ միլիոն չորս հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ, իբր ընկերությանը պատճառված վնասների փոխհատուցման գումար: Առավել մտահոգիչ է, որ ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ բավարարվել է ԶՊՄԿ հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը, և 2025թվականի մայիսի 20-ին արգելանք է դրվել այդ քաղաքացիների գույքի վրա։
Համակարծիք ենք, ՀՀ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) քաղհասարակության խմբակցության 2025 թ. մայիսի 29-ին տարածած հայտարարության և 2025 թ. հունիսի 4-ին քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպությունների տարածած հայտարարության այն պնդումներին, որ նման հայցադիմումները բացասական ազդեցություն են ունենում արտահայտման ազատության, իրավունքների եւ խնդիրների բարձրաձայնման առումով և հանդիսանում են զսպող և լռեցնող մեխանիզմներ, որը միջազգային ժողովրդավար ինստիտուտների կողմից բնորոշվում է որպես հանրային մասնակցության դեմ ռազմավարական գործիք-ՀՄԴՌԳ (SLAPP-strategic lawsuit against public participation): Այն հաճախ է կիրառվում հասարակության և մասնավորապես աշխատողների հանդեպ, այն նպատակով, որ նրանք չբարձրաձայնեն իրավունքների խախտումների ու աշխատանքային հարաբերություններում առաջացող խնդիրների մասին։
Հայաստանի Հանրապետությունը, հանձնառություն ունենալով, կառուցել ժողովրդավարական երկիր, պետք է ձեռնարկի հանրային մասնակցության դեմ ռազմավարական գործիքից ՀՀ քաղաքացիներին պաշտպանելու օրենսդրական մեխանիզմների ներդման գործընթացներ՝ հետևելով իր գործընկեր հանդիսացող Եվրոպական միության և Եվրոպական խորհրդի չափորոշիչներին և առաջարկություններին (ԵՄ դիրեկտիվներ, ԵԽ ռեկոմենդացիաներ): Դա բխում է Հայաստան-ԵՄ համափարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի (CEPA) տրամաբանությունից։ SLAPP գործընթացները, ՀՀ քաղաքացիների, բնապահպանների, ակտիվիստների, իրավապաշտպանների և լրատվամիջոցների գործունեության դեմ խոչընդոտ են ՀՀ-ի՝ Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին օրենքի մակարդակով ամրագրված ինտեգրման ձգտումներին: Վերջին տարիներին առկա է այդպիսի ավելի քան 30 դեպք, որոնք հիմնականում դրսեւորվել են հանքարդյունաբերական ընկերությունների կողմից քաղաքացիների դեմ ներկայացված հայցերով։
2025 թվականի հունվարի 31-ից մինչեւ փետրվարի 10-ը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ (ԶՊՄԿ) գործադուլ իրականացրած աշխատակիցները բարձրաձայնել են իրենց իրավունքների, խնդիրների և սոցիալական արդարության պահանջի մասին։ Գործադուլ իրականացնելու իրավունքը քաղաքակիրթ և ժողովրդավար հասարակություններում կարևորագույն և անօտարելի իրավունք է։
Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունը հանդիսանում է հայցը ներկայացրած ընկերության համասեփականատեր, ՀՀ կառավարությունից պահանջում է՝
— Միջամտել և միջնորդել, որպեսզի ԶՊՄԿ-ի կողմից ԶՊՄԿ նախկին աշխատողների նկատմամբ ներկայացված հայցադիմումը հետ կանչվի։
— Լիարժեքորեն լուծել ԶՊՄԿ գործադուլի մասնակիցների բարձրաձայնած եւ գործադուլի պատճառ հանդիսացած խնդիրները և այդ մասին ներկայացնել հանրային հաշվետվություն:
— Վերականգնել աշխատանքից ազատված քաղաքացիներին իրենց նախկին հաստիքներում։
— Աշխատանքներ ձեռնարկել ՀՀ-ում ՀՄԴՌԳ/SLAPP գործընթացներից քաղաքացիներին պաշտպանելու օրենսդրության մշակման և ներդրման համար։
-Իրականացնել աշխատանքային օրենսդրության փոփոխություններ՝ գործադուլի իրավունքը հասանելի և կիրառելի դարձնելու համար՝ այն համապատասխանեցնելով Աշխատանքի միջազգային կազմակերպության թիվ 87 կոնվենցիային և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիային, ինչպես նաև վերացնելով դրա իրականացմանը չափազանց բարդ և խոչընդոտող երկարատև ընթացակարգերը։
— Ապահովել իրական երաշխիքներ, որպեսզի արհմիությունները կարողանան առանց խոչընդոտների իրականացնել իրենց լիազորությունները և օգտվել կոլեկտիվ բանակցություններ վարելու իրավունքից։