Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը դատապարտում է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի չեղարկումը
2025 թվականի հոկտեմբերի 3, Երեւան
Այս տարվա սեպտեմբերի 30-ին լրացավ երկու տարին Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայ ժողովրդի լիակատար բռնագաղթեցման իրենց պատմական հայրենիքից, որտեղ նրանք անընդմեջ ապրել են վերջին 3000 տարիների ընթացքում: Այս աննախադեպ պատերազմական հանցագործությունը, որին նախորդել էր ինը ամսվա շրջափակումը եւ պաշարումը, որը հանգեցրել էր մարդասիրական ճգնաժամի եւ որը ուղեկցվեց հայկական մշակութային ժառանգության՝ ճարտարապետական հուշարձանների, եկեղեցիների եւ վանքերի ոչնչացմամբ, կրկին կազմակերպվել էր Ալիեւի բռնատիրական ռեժիմի կողմից՝ Ռուսաստանի հետ համատեղ, որը տարածաշրջանում ներկայացված էր իր «խաղաղապահներով»: Լեռնային Ղարաբաղից փախստականների ընդհանուր թիվը հասել է 150.000-ի:
Այս տարվա սեպտեմբերի 27-ին լրացավ հինգ տարին այն բանից, երբ Ադրբեջանի Հանրապետությունը սկսեց եւս մեկ ագրեսիվ եւ չհրահրված պատերազմ, որին աջակցում էին Թուրքիան, Իսրայելը եւ Պակիստանը, եւ որին մասնակցում էին Սիրիայից եկած հազարավոր իսլամիստ ջիհադիստներ: Այս պատերազմի ընթացքում հայ բնակչությունը լիովին վտարվեց Հադրութի շրջանի տարածքից, ինչպես նաեւ մասամբ՝ Մարտունու եւ Մարդակերտի շրջաններից։
Այս տարվա սեպտեմբերի 2-ին լրացավ 34 տարին Ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումից՝ Ադրբեջանական ԽՍՀ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) եւ հարակից Շահումյանի շրջանի սահմաններում։ Այս որոշումը կայացվել է ի պատասխան նորաստեղծ Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի բնակչության դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի, որը շարունակեց խորհրդային իշխանությունների կողմից սկսված ցեղասպան քաղաքականությունը՝ Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Նախիջեւանում, Շամխորում, Չարդախլուում, Գետաշենում եւ այլ շրջաններում ջարդերով եւ էթնիկ զտումներով, ինչպես նաեւ խորհրդային զորքերի հետ համատեղ ադրբեջանական ՕՄՕՆ հատուկ նշանակության ուժերի կողմից իրականացված «Կոլցո» գործողության։ Լեռնային Ղարաբաղի անկախությունը հռչակվել է «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու կարգի մասին» ԽՍՀՄ օրենքին լիովին համապատասխան։
Այս տարվա նոյեմբերի 9-ին լրանում է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի կողմից հրադադարի մասին հռչակագրի ստորագրման հինգերորդ տարեդարձը, որով հակամարտության կողմերը պարտավորվում էին մնալ իրենց զբաղեցրած դիրքերում, իսկ Ադրբեջանը երաշխավորում էր քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների անարգել ու անվտանգ անցումը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով։ Այս հայտարարությունը չի չեղարկվել ստորագրող կողմերից որեւէ մեկի կողմից, սակայն դրա դրույթները խախտվել են Ադրբեջանի եւ Ռուսաստանի կողմից՝ առանց վերջինների կողմից որեւէ պատասխանատվություն կրելու։
2025 թվականի սեպտեմբերի 1-ին ԵԱՀԿ նախարարների խորհուրդը, հիմնվելով Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների կողմից այս տարվա օգոստոսի 8-ին ստորագրված համատեղ կոչի վրա, որոշեց փակել ԵԱՀԿ Մինսկի գործընթացը եւ դրան կից կառույցները։ Մինսկի գործընթացը փակելու որոշումը միաձայն ընդունվել է ԵԱՀԿ բոլոր 57 մասնակից պետությունների կողմից։
Հիմնվելով վերը նշված փաստերի եւ այն փաստի վրա, որ
— Ադրբեջանի կողմից չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բռնազավթումը հերթական ռազմական ագրեսիայի հետեւանք էր, ինչը ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկիի եզրափակիչ ակտի եւ միջազգային իրավունքի այլ նորմերի կոպիտ խախտում էր․
— Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվեց մարդասիրական ճգնաժամի ստեղծմամբ, քաղաքացիական բնակչության վտարմամբ եւ նրա պատմական ժառանգության ոչնչացմամբ, որի արդյունքում, միջազգային հանրության անտարբերության պայմաններում, Ալիեւի բռնապետական ռեժիմն ավարտեց Արցախի ժողովրդի էթնիկ զտումը․
— այս գործողությունները դարձան Ալիեւի բռնապետական ռեժիմի ցեղասպանական քաղաքականության տրամաբանական ավարտը, որը 44-օրա պատերազմից հետո բացահայտ հայտարարել է, որ պարզապես օգտագործել է Մինսկի գործընթացը ժամանակ շահելու, նախապատրաստվելու եւ, ի վերջո, Լեռնային Ղարաբաղի խնդիրը ուժով «լուծելու» համար՝ խախտելով բոլոր պայմանավորվածությունները․
— չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների մակարդակը, ըստ Human Rights Watch-ի եւ Freedom House-ի հեղինակավոր վարկանիշների, մի կարգ ավելի բարձր էր, քան Ադրբեջանում, որը նույն վարկանիշների համաձայն աշխարհի ամենավատ բռնապետություններից մեկն է, որտեղ ոչնչացված է իրական քաղաքացիական հասարակությունը եւ ընդդիմությունը, իսկ բռնապետությանը դիմադրող քաղաքացիական ակտիվիստների բացարձակ մեծամասնությունը կամ բանտերում է, կամ սպանված, կամ էլ արտագաղթել է․
— Լեռնային Ղարաբաղը գրավելուց հետո ադրբեջանական զորքերը ներխուժեցին Հայաստանի տարածք՝ գրավելով նրա ինքնիշխան տարածքի ավելի քան 250 քառակուսի կիլոմետրը, որը նրանք շարունակում են պահել մինչ օրս՝ միաժամանակ սպառնալով գրավել նոր հայկական տարածքներ, մասնավորապես՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»․
— նույնիսկ խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո Ադրբեջանը շարունակում է պահել մոտ 30 ռազմագերի եւ պատանդ․
— համաձայնությունը ստորագրելու ԵԱՀԿ անդամ պետություններին ուղղված այնպիսի մի փաստաթղթի տակ, որում կոչ է արվում լուծարել Մինսկի գործընթացը, կամ Ադրբեջանի անօրինական գործողությունների եւ հանցագործությունների դեմ միջազգային դատարաններից իրավական հայցերը հետ վերցնելու, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական սահմանից Եվրամիության դիտորդներին հետ կանչելու համաձայնությունը Հայաստանի ղեկավարությումը տվել է Ադրբեջանի կողմից նոր պատերազմի սպառնալիքի ներքո։ Ադրբեջանի կողմից հետագա ագրեսիայից խուսափելու համար Հայաստանի վարչապետը նույնիսկ չի համարձակվում բարձրացնել Լեռնային Ղարաբաղից 150,000 փախստականների օրինական իրավունքների հարցը, եւ առավել եւս՝ Ադրբեջանից կես միլիոնից ավելի հայ փախստականների իրավունքների․
— նույնիսկ այն բանից հետո, որ ուժի սպառնալիքով Հայաստանից բոլոր հնարավոր եւ անհնար զիջումները ստանալուց եւ ամբողջությամբ Բաքվում գրված խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո, որտեղ չեն հիշատակվում փախստականների իրավունքները կամ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման եւ ինքնակառավարման իրավունքը, բռնապետ Ալիեւը շարունակեց սադրիչ հայտարարություններ անել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ սեպտեմբերի 25-ի նիստում, որոնք ուղղված էին Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ փաստերի մանիպուլյացիային եւ նենգափոխմանը, 3 անգամ պատարզմ սկսած Ադրբեջանին որպես զոհ ներկայացնելուн, ինչպես նաեւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելուն․
— չնայած Մինսկի խմբի համանախագահ երկրները (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա) արտահայտել են իրենց հավատարմությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, այդուհանդերձ նրանք դեմ արտահայտվեցին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2008 թվականի մարտի 14-ին բանաձեւի ընդունմանը, որը պահանջում էր «բոլոր հայկական ուժերի անհապաղ, ամբողջական եւ անվերապահ դուրսբերում Ադրբեջանի Հանրապետության բոլոր օկուպացված տարածքներից», քանի որ նրանք բանաձեւը համարեցին միակողմանի, որի արդյունքում դրա օգտին քվեարկեց միայն 39 երկիր, որոնց մեծ մասը Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի իսլամական միապետություններ եւ ավտոկրատիաներ․
եւ նաեւ,
— ընդհանուր առմամբ ողջունելով ԱՄՆ միջնորդական ջանքերը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները կարգավորելու ու տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ, ինչպես նաեւ երկու երկրների համաձայնությունը՝ ճանաչելու միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ապաշրջափակելու ճանապարհներն ու հաղորդակցությունները այն երկրների ինքնիշխանության շրջանակներում, որոնց տարածքով անցնում են, ներառյալ՝ TRIPP-ը.
— շնորհակալություն հայտնելով Եվրոպական Միությանը հայ-ադրբեջանական սահմանին իր դիտորդների տեղակայման համար, որը հանգեցրել է տարածաշրջանում հարաբերական խաղաղության եւ կայունության, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղից փախստականներին տրամադրված մարդասիրական օգնության եւ Հայաստանի եւ, մասնավորապես, Ադրբեջանին սահմանակից նրա շրջանների դիմադրողականությունն ապահովելու հարցում հետեւողական քայլերի համար.
— հիմնվելով Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի 2021թ․ մայիսի 6-ի հայտարարության վրա, որով աջակցություն էր հայտնում ԵՄ հայտարարությանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին հակամարտության ժամանակ ռազմագերիների վերաբերյալ, ԱլԳ ՔՀՖ համանախագահների 2022թ․ դեկտեմբերի 23-ի հայտարարության վրա՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ԱլԳ ՔՀՖ ղեկավար կոմիտեի անդամների 2023թ․ սեպտեմբերի 21-ի հայտարարության վրա, որով կոչ էր արվում անհապաղ դադարեցնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտումները, ինչպես նաեւ իր 2022թ․ մարտի 4-ի, օգոստոսի 15-ի, սեպտեմբերի 19-ի, դեկտեմբերի 23-ի, 2023թ․ մարտի 10-ի, օգոստոսի 16-ի, 2024թ․ մարտի 26-ի եւ 2025թ․ մարտի 3-ի հայտարարությունների վրա․
Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի
Հայաստանի ազգային պլատֆորմը
— անընդունելի է համարում Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության էթնիկ զտման միջոցով խնդրի «լուծումը» լեգիտիմացնելու փորձերը, ինչպես նաեւ ուժի իրավունքի գերակայությունը միջազգային իրավունքի ուժի նկատմամբ, որը միայն սրում է հակամարտությունը եւ դարձնում է այն հետաձգված։
— դատապարտում է ԵԱՀԿ նախարարական խորհրդի որոշումը՝ լուծարելու ԵԱՀԿ Մինսկի գործընթացը եւ դրան առնչվող կառույցները, որոնք Արցախի ժողովրդի վերջին հույսն էին՝ իրենց ճակատագիրը միջազգային իրավունքի շրջանակներում լուծելու համար, այս որոշումը համարելով ԵԱՀԿ-ի, նրա յուրաքանչյուր անդամի եւ, մասնավորապես, իր Մինսկի խմբի համանախագահների՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հրաժարում պատասխանատվությունից, միջազգային իրավունքից, մարդու եւ ժողովուրդների իրավունքներից, տարրական համամարդկային արժեքներից եւ միջազգային հանրության կապիտուլյացիա ագրեսիվ, խավիարանավթային արեւելյան բռնապետության առջեւ,
— կոչ է անում Միացյալ Նահանգներին եւ Ֆրանսիային՝ որպես լուծարված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, վերադառնալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագրի, իրենց հայրենիքում անվտանգ ապրելու իրավունքի ապահովման հարցում իրենց ստանձնած պարտավորություններին եւ այդ նպատակով հրավիրել միջազգային համաժողով՝ միջազգային իրավունքի եւ ազգերի ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով, իսկ մինչ այդ ստեղծել միջազգային փաստահավաք առաքելություն՝ հակամարտության բոլոր կողմերի գործողությունները միջազգային իրավունքի տեսանկյունից գնահատելու համար,
— կոչ է անում միջազգային հանրությանը եւ նրա քաղաքական կառույցներին ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ Ադրբեջանի կողմից պահվող բոլոր ռազմագերիներին եւ պատանդներին ազատ արձակելու համար,
— կոչ է անում Եվրամիությանը, Միացյալ Նահանգներին եւ բոլոր ժողովրդավարական երկրներին ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ Լեռնային Ղարաբաղում եւ այլուր էթնիկ զտումների կազմակերպման եւ այլ ռազմական հանցագործություններին մեղսակից բոլոր ադրբեջանցի պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու համար,
— կոչ է անում ՄԱԿ-ին, Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային եւ բոլոր ժողովրդավարական երկրներին ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղից բոլոր փախստականների անվտանգ վերադարձը իրենց հայրենիք, նրանց բոլոր իրավունքների վերականգնումը, այդ թվում՝ սեփականության իրավունքի, եւ ՄԱԿ-ի մանդատի ներքո միջազգային խաղաղապահ առաքելության կողմից նրանց անվտանգությունն ապահովելու ուղղությամբ,
— կոչ է անում Եվրամիությանը, Միացյալ Նահանգներին եւ բոլոր ժողովրդավարական երկրներին ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ աջակցելու տարածաշրջանի բոլոր երկրներում ժողովրդավարացման գործընթացին եւ նվազեցնելու Ռուսաստանի ապակառուցողական ազդեցությունը։