21 Հուլիսի, 2023
Քննարկվել են ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի խորհրդատվական կարծիքներ

Քննարկվել են ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի խորհրդատվական կարծիքները

Այսօր, հուլիսի 21-ին ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչների եւ այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ Երեւանում քննարկվել են ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի մշակած խորհրդատվական կարծիքները։

Քննարկմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը եւ ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Քաղաքացիական հասարակության պլատֆորմի գործընկերներին կատարված աշխատանքի համար եւ կարեւորել ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկման շրջանակներում կառավարության եւ քաղաքացիական հասարակության միջեւ ձեւավորված ինստիտուցիոնալ համագործակցությունը:

ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, ի թիվս այլ հարցերի, կարեւորել է քաղհասարակության դերը ՀԸԳՀ-ի իրականացման մշտադիտարկման հարցում և ընդգծել այդ ջանքերը հնարավորինս մասնակցային կազմակերպելու անհրաժեշտությունը` այդ ոլորտում նախկինում քաղհասարակության կատարած աշխատանքների հաշվառմամբ:

Համանախագահ Լուսինե Հակոբյանը ընդգծել է ՀԸԳՀ-ով ստանձնած պարտավորությունների կատարման մշտադիտարկման ոլորտում քաղհասարակության ջանքերն ի մի բերելու Պլատֆորմի մտադրությունը, այդ թվում` «Գործընկերություն հանուն բաց հասարակության» և «Հակակոռուպցիոն կոալիցիայի» ջանքերը:

Լուսինե Հակոբյանը շեշտել է, որ ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների ոլորտում ՀԸԳՀ-ով ստանձնած Հայաստանի պարտավորությունները, որպես Համաձայնագրի էական տարրեր, գտնվում են Պլատֆորմի ընդգծված ուշադրության տիրույթում : Այդ կապակցությամբ մտահոգություն է արտահայտել վերջին զարգացումների կապակցությամբ, այդ թվում` ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի` արագացված դատաքննություն հիշեցնող պաշտոնանկության ևնույն նիստով ՔՊ ֆրակցիայի քարտուղարիվարքագծի վերաբերյալ որևէ գնահատականի բացակայության, դատական համակարգում տեղի ունեցող ընտրովի արդարադատության և այլ երևույթների մասին: Կարևորել է Հռոմի ստատուտով ստանձնած պարտավորությունների սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը և հույս հայտնել, , որ մոտ ապագայում Ստատուտը կվավերացվի:

Առանձին երեք նիստերով քննարկվել են հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանի «Հակակոռոպցիոն կրթության եւ շահերի բախման վերաբերյալ միջազգային եւ Հայաստանյան օրենսդրության եւ պրակտիկայի ուսումնասիրություն՝ ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ով ստանձնած հանձնառությունների լույսի ներքո» զեկույցը, Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի «Կայուն ձեռնարկատիրությունը եւ կայուն զբաղվածությունը ՀՀ-ում» զեկույցը եւ ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչներ Աննա Բարիկյանի, Արսեն Իգիթյանի, Տիրուհի Նազարեթյանի «Միավորման ազատությունը եւ սոցիալական գործընկերությունը Հայաստանի Հանրապետությունում» զեկույցը։

Մասնակիցները նաեւ հարցուպատասխանի միջոցով են առավել մանրամասն ծանոթացել զեկույցներին եւ ստացել իրենց հուզող հարցերի պատասխանները։

Տեղեկատվություն․

2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ ստորագրված, եւ 2021 թվականի մարտի 1-ից պաշտոնապես ուժի մեջ մտած Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ- CEPA) 366 հոդվածով ստեղծվել է քաղհասարակության երկկողմ Պլատֆորմ՝ բաղկացած Եվրամիության քաղհասարակության ներկայացուցիչներից եւ Հայաստանյան քաղհասարակության ներկայացուցիչներից։

Հայաստանից Պլատֆորմի մաս են կազմում հայաստանյան ՀԿ-ների, Արհմիությունների կոնֆեդերացիայի եւ Գործատուների միությունների ներկայացուցիչները։

Պլատֆորմի նպատակն է ՀԸԳՀ- CEPA-ի իրականացման վերաբերյալ Հայաստանի իշխանություններին խոհրդատվություն տրամադրելն ու դրա իրականացումը մշտադիտարկելը։

ՀԸԳՀ-ով նախատեսված համագործակցությունը եւ բարեփոխումները առնչվում են այնպիսի ոլորտների, ինչպիսիք են․

-Տնտեսական համագործակցությունը,

-Քաղաքական երկխոսությունը եւ բարեփոխումները

-Արտաքին եւ անվտանգության քաղաքականության ոլորտում համագործացկությունը

-Արդարադատությունը, ազատությունը եւ անվտանգությունը։

2018թ. հուլիսի 2-ի ՀՀ վարչապետի թիվ 906-Ն որոշմամբ ստեղծվել է Համաձայնագրի եւ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով, որը նախագահում է փոխվարչապետը Մհեր Գրիգորյանը։