24 Հունվարի, 2021
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ. ԳՆԱՀԱՏՈՒՄՆԵՐ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Քաղաքական և տնտեսական ռազմավարական

հետազոտությունների կենտրոն ՀԿ (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ ԱԽ1)

Վերջին առնվազն երեսուն տարում միջազգային հարաբերությունների հիմնական թրենդը գլոբալ աշխարհակարգում ազգ-պետությունների դերակատարության աստիճանական նվազումն էր։ Միջազգային կազմակերպությունները, տրանսազգային խոշոր ընկերությունները և երկրագնդի առավել հարուստ անձանց կողմից ստեղծված բարեգործական հիմնադրամները երբեմն շատ ավելի մեծ ազդեցություն ունեին, քան առանձին պետություններ։ Տնտեսական փոխգործակցությունը հանգեցրել էր ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի, ինչը դարձել էր ժամանակակից տնտեսական կյանքի հիմքը։ Թվում էր, թե ոչինչ չի կարող կասեցնել գլոբալիզացիայի ընթացքը, որը էլ ավելի էր արագացել տեղեկատվական տեխնոլոգիաների աննախադեպ զարգացման շնորհիվ։ Միջազգային տարբեր վերլուծական կենտրոններում շատ էին հրապարակումները ազգ-պետությունների դերի հետագա անխուսափելի նվազման, իսկ երկարաժամկետ հեռանկարում նաև նրանց վերացման հավանականության մասին։ 

2019թ. դեկտեմբերին Չինաստանում սկիզբ առած նոր կորոնավիրուսի համաճարակը սկզբում կարծես թե որևէ վտանգ չէր սպառնում գլոբալիզացիայի հաղթարշավին։ Մինչև 2020թ. հունվարի վերջը համաշխարհային տնտեսության միակ մտահոգությունը Չինաստանում փակված գործարանների փոխարեն արտադրության նոր աղբյուրներ գտնելն էր։ Տնտեսագետների մի մասը ենթադրում էր, որ այս իրավիճակը կարող է արագացնել Չինաստանի կողմից «աշխարհի գործարանի» գործառույթի կատարման աստիճանական նվազման գործընթացը։ Թվում էր՝ Չինաստանում աշխատուժի աստիճանական թանկացմամբ, ԱՄՆ – Չինաստան առևտրային պատերազմով, իսկ 2020թ. սկզբից նաև կորոնավիրուսի բռնկմամբ պայմանավորված այս գործընթացը կարող էր լուրջ վնասներ հասցնել Չինաստանի տնտեսությանը, բայց ի վիճակի չէր խաթարել գլոբալիզացիայի հաղթարշավը։

Սակայն վերջին տասը ամիսների ընթացքում աշխարհում տեղի ունեցավ գրեթե աներևակայելին։ Համաճարակի հետագա տարածումը կանխելու նպատակով բազմաթիվ պետություններ ոչ միայն փակել են սահմանները, այլև երկար ժամանակով փաստացի դադարեցրել էին տնտեսական գործունեությունը՝ բացառություն անելով միայն մարդկանց կենսագործունեությունը ապահովող ձեռնարկությունների համար։ Համաշխարհային տնտեսության արյունատար անոթների դերակատարություն ունեցող ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի էական սահմանափակումը լուրջ հարված է գլոբալիզացիային և միևնույն ժամանակ՝ «տնտեսական ազգայնականության» նախանշան։

Հետազոտությունն ամբողջությամբ կարդալու համար սեղմեք այստեղ:

Հետազոտությունն իրականացվել է ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարության «Աջակցություն ՀԱՊ աշխատանքային խմբերի գործողություններին» ծրագրի շրջանակում, Եվրոպական միության աջակցությամբ: