3 Փետրվարի, 2021
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

Լիաննա Ասոյան

«Բլեջան» ՀԿ (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ ԱԽ3)

Մինչև 20-րդ դարի առաջին տասնամյակը Սևանա լիճն ուներ բնական էկոհավասարակշռություն, ջրի մակարդակի (ծովի մակարդակից բարձրությունը մոտ 1916 մ) բնական տատանմամբ: Լճին բնորոշ էին օլիգոտրոֆ (սնվում են մթնոլորտային տեղումներով, հանքանյութեր քիչ են պարունակում) լճերի հիմնական հատկանիշները` ջրի բարձր լուսաթափանցելիություն (միջինը 14 մ), ջրում լուծված թթվածնի բարձր պարունակություն (6.0 մգ/լ-ից ոչ պակաս), պլանկտոնի ցածր պարունակություն և բարձրորակ մաքուր ջրերին բնորոշ սաղմոնազգի ձկների (Սևանի իշխան) օպտիմալ ձկնապաշար: Սակայն սկսած 30-ական թվականներից՝ երկրի էներգետիկ կարիքները հոգալու, Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադը ջրով ապահովելու և ոռոգովի հողատարածքները ընդլայնելու նպատակով Հրազդան գետի միջոցով սկսվեց ջրի լրացուցիչ չափաքանակի բացթողում, որի արդյունքում լճի մակարդակը իջավ (մինչև 20,2 մ-ով), միջին խորությունը պակասեց` 41,3 մ-ից մինչև 26,5 մ, ջրի ծավալը 58,5 մլրդ մ3 -ից կրճատվեց մինչև 32 մլրդ մ3: Սևանա լճի մակարդակի իջեցմանը զուգընթաց՝ լճում արձանագրվեցին բացասական երևույթներ, հատկապես ինտենսիվացան էվտրոֆացման (ճահճացման) պրոցեսները:

Լճի էկոհամակարգի վերականգնման և պահպանման նպատակով ձեռնարկվեցին մի շարք մեծածավալ միջոցառումներ։ Որոշվեց լճի մակարդակը բարձրացնել 6,5 մ։ Կառուցվեցին Արփա-Սևան, ապա Որոտան-Արփա ջրատար թունելները։ Հիմնականում 2002 թվականից սկսած՝ կրճատվեցին ջրբացթողումների ծավալները: Արդյունքում լճի մակարդակը մոտ 3,5 մ բարձրացավ: Սակայն ներկայումս շարունակում է խախտված մնալ լճի բնական էկոհավասարակշռությունը, այն գտնվում է անկայուն վիճակում:

Հետազոտությունն ամբողջությամբ կարդալու համար սեղմեք այստեղ:

Հետազոտությունն իրականացվել է ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարության «Աջակցություն ՀԱՊ աշխատանքային խմբերի գործողություններին» ծրագրի շրջանակում, Եվրոպական միության աջակցությամբ: