26 Նոյեմբերի, 2023
Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը՝ Երուսաղեմի Հայկական թաղամասի վերաբերյալ

26 նոյեմբերի 2023թ., Գյումրի-Երևան

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը խստորեն դատապարտում է Իսրայելի հանդեպ Համասի իրականացրած ահաբեկչության ակտը և դրան հետևած՝ Իսրայելի բանակի կողմից Գազայի հատվածի բնակելի թաղամասերի հումանիտար պաշարման և ոչ ընտրողաբար ռմբահարումները։ Երկուստեք գործողությունների հետևանքով սպանվել են հազարավոր իսրայելցի և պաղեստինցի խաղաղ բնակիչներ։ Տարածաշրջանում առաջացել է ծայրահեղ հումանիտար ճգնաժամ։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում երկու ժողովուրդներին՝ խաղաղ բնակչության շրջանում բազմաթիվ զոհերի կապակցությամբ։
Միաժամանակ, ծավալվող պատերազմը չպետք է քողածածկույթ դառնա Իսրայելի իրավապահ մարմինների և պետական աջակցություն վայելող ընկերությունների ապօրինությունների համար, որոնք իրականացվում են Երուսաղեմի հայ համայնքի դեմ։ Մասնավորապես, արդեն տևական ժամանակ է, ինչ ականատեսն ենք Երուսաղեմի 1700-ամյա Հայկական թաղամասի, հայ համայնքի և Հայոց պատրիարքարանի նկատմամբ իրականացվող անթույլատրելի ճնշումների և ապօրինի գործողությունների։
Մենք դատապարտում ենք իսրայելական ոստիկանության և զինված ուժերի անօրինական և անհիմն գործողությունները՝ Երուսաղեմի Հին քաղաքի Հայոց պատրիարքարանին և հայ համայնքին պատկանող հողերում ու տարածքներում։ Այդ գործողությունները, Իսրայելի իշխանությունների ուղղակի հովանավորությունն ունեցող «Xana Capital» ընկերությունը հիմնավորում է Երուսաղեմի Հայոց թաղամասի, «Կովերու պարտեզ» կոչվող տարածքի հանդեպ կասկածելի և մութ եղանակով ձեռք բերված 99-ամյա վարձակալության իրավունքի մի գործարքով, որը Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը չեղարկել է՝ ապօրինի լինելու հիմքով։
Կոչ ենք անում Իսրայելի իշխանություններին, այդ թվում՝ ոստիկանությանը և զինված ուժերին, զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կոտնահարեն հայ համայնքի կրոնական, էթնիկ  և սեփականության իրավունքները, կխաթարեն կրոնական և էթնիկ դարավոր հավասարակշռությունը Երուսաղեմի Հին քաղաքում։
Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել Երուսաղեմի Հին քաղաքի Հայկական թաղամասի՝ հայ համայնքին և Հայոց պատրիարքարանին դարերով պատկանող «Կովերու պարտեզ» կոչվող տարածքի զավթմանն ուղղված գործողությունները։
Մեր անվերապահ զորակցությունն ենք հայտնում այս դժվարին օրերին Երուսաղեմի Հին քաղաքում շուրջ 1700-ամյա հայկական ներկայության և ամբողջականության համար պայքարող հայ համայնքին։

Հակիրճ տեղեկություն ստեղծված իրավիճակի մասին.
Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը, երկու տարի առաջ, 99 տարի ժամկետով, իսրայելական «Xana Capital» ընկերությանը վարձակալության էր հանձնել շուրջ 1700-ամյա Հայկական թաղամասի մի մասը (25%)՝ «Կովերու պարտեզ» անունով։ Այս տարածքը գտնվում է Սիոն լեռան վրա։ Սա Երուսաղեմի Հին քաղաքի ամենաբարձր կետն է։ Տվյալ տարածքում գտնվում են 5 հայ ընտանիքներին պատկանող տներ, հայկական կրթական կենտրոններ, ակումբներ և այլն։
Տեղի հայ համայնքը դեմ էր վարձակալության գործարքին, քանի որ գործարքը կատարվել էր գաղտնի՝ Հայոց պատրիարքարանի կանոնադրության դրույթների և գործող օրենքների խախտումներով։ Հաշվի առնելով այս հանգամանքները՝ Հայոց պատրիարքարանը օրեր առաջ միակողմանի չեղարկել է վարձակալության պայմանագիրը «Xana Capital» ընկերության հետ։
Ինչից հետո, ըստ էության, Իսրայելի իշխանությունների հովանավորությունն ունեցող «Xana Capital» ընկերության, ոստիկանության և զինված ուժերի ներկայացուցիչները մուտք են գործել հայ համայնքին և Պատրիարքարանին պատկանող այս տարածք և սկսել են ապօրինաբար քանդել պարիսպները, ասֆալտը և այլն։ Մի քանի հայ երիտասարդներ փորձել են խանգարել այս անօրինական գործողություններին և ձերբակալվել են։ Զինված ուժայինները պարբերաբար գնում-գալիս են Հայկական թաղամասի այս տարածք։
Փաստացի, իսրայելական իշխանությունների հովանավորությամբ, «Xana Capital» ընկերությունը ցանկանում է զավթել Հայոց թաղամասի 25%-ը։
Հայ համայնքի ներկայացուցիչները վրաններ են տեղադրել և պարեկություն են իրականացնում այս տարածքում, որպեսզի թույլ չտան Հայ համայնքին պատկանող տարածքի օկուպացիան։
Իսրայելում Ֆրանսիայի դեսպանատունը և Երուսաղեմի քրիստոնեական եկեղեցիներն ու մի շարք այլ կազամկերպություններ արդեն հանդես են եկել «իսրայելական կողմի» անօրինական գործողությունները դատապարտող և հայ համայնքին ու Պատրիարքարանին աջակցող հայտարարություններով։
Իրավիճակը շարունակում է մնալ լարված և անորոշ։

 ԵՄ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմ