Երևան, Հայաստան – 2025 թվականի մարտի 7 – Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը (ՀԱՊ) հաջողությամբ իրականացրեց Հայաստանի Եվրոպական միությանը անդամակցության վերաբերյալ համաժողովը:
Համաժողովը համախմբեց քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին և փորձագետներին, որի ընթացքում ծավալվեցին խորքային քննարկումներ Հայաստանի՝ ԵՄ ինտեգրման ուղուն առնչվող մարտահրավերների և հնարավորությունների վերաբերյալ: Մասնակիցները արդյունավետ կերպով ներգրավվեցին հետևյալ հինգ առանցքային թեմատիկ ոլորտների բովանդակային քննարկումներում՝
- Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, անվտանգություն, լավ կառավարում և կայունություն,
- Տնտեսական ինտեգրում և ԵՄ տնտեսական քաղաքականության մոտարկում
- Շրջակա միջավայր, կլիմայի փոփոխություն և էներգետիկ անվտանգություն,
- Մարդկանց միջև շփումներ, և
- Սոցիալական երկխոսություն, սոցիալական և աշխատանքային քաղաքականություն:
Համաժողովի ընթացքում յուրաքանչյուր հինգ թեմատիկ ոլորտների վերաբերյալ ներկայացվեցին զեկույցներ առաջատար փորձագետների կողմից, որին հաջորդեցին խորը և համապարփակ քննարկումներ մասնակիցների միջև: Մասնակիցները նաև մշակեցին գործուն առաջարկություններ Հայաստանի կառավարության համար՝ առաջ մղելու ԵՄ ինտեգրումը: «Մենք գոհ ենք համաժողովի ընթացքում արձանագրված ներգրավվածության և կառուցողական երկխոսության մակարդակից», — ասաց ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ ղեկավար Էդգար Խաչատրյանը: «Մշակված պատկերացումներն ու առաջարկությունները որպես արժեքավոր ռեսուրս կծառայեն Հայաստանի կառավարության համար»:
Համաժողովի առանցքային արդյունքների թվում են.
- Հինգ թեմատիկ ոլորտների վերաբերյալ առաջատար փորձագետների ներկայացումներ և քննարկումներ:
- ԵՄ ինտեգրումն առաջ մղելու համար Հայաստանի կառավարությանն ուղղված գործուն առաջարկությունների քննարկում և մշակում:
- Համաձայնեցված առաջարկությունների իրականացման հնարավոր գործողությունների ծրագրի քննարկում և ձևավորում՝ ներառյալ հանձնարարված պարտականությունները և սահմանված ժամկետները: