31 Մարտի, 2023
Հայաստանի ազգային պլատֆորմը մտահոգ է ՀՀ իշխանությունների՝ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածության առաջադրմամբ

30 մարտի 2023թ., Երեւան

Եվրամիության Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը իր մտահոգությունն է հայտնում կառավարող ՙՙՔաղաքացիական պայմանագիր՚՚ կուսակցության կողմից որպես Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի առաջադրման կապակցությամբ: Մենք ցավով արձանագրում ենք, որ իշխանությունները գնալով ավելի անհաղորդ են դառնում քաղաքացիական հասարակության ձայնին եւ իրենց կադրային քաղաքականության մեջ առաջնորդվում են ոչ այնքան հանրակարգերի /ինստիտուտների/ արդյունավետ գործունեության անհրաժեշտությամբ, ոչ այնքան նշանակվող պաշտոնյաների մասնագիտական կարողություններով եւ որակներով, վերջապես՝ ոչ այնքան Սահմանադրության եւ օրենքի տառով եւ ոգով, որքան սեփական իշխանության ամրապնդմամբ:

ԵՄ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը հիշեցնում է ամիսներ առաջ իշխանությանն ուղղված իր հորդորի մասին՝ Մարդու իրավունքների պաշտպան ընտրել հասարակության շրջանում բարձր հեղինակություն ունեցող անձանց թվից, ինչը նաեւ ՀՀ Սահմանադրության պահանջ է: Նույնը իշխանություններին հորդորել էին անել հասարակական այլ գործիչներ:

Մենք գտնում ենք, որ ո՛չ իշխանության եւ ո՛չ էլ ընդդիմության թեկնածուները չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրությամբ ՄԻՊ-ի թեկնածուին առաջադրվող պահանջներին: Ուստի հորդորում ենք ՀՀ Ազգային ժողովին անհապաղ հանրային քննարկումներ կազմակերպել այս հարցով, իսկ ՄԻՊ թեկնածություն առաջադրելիս
առաջնորդվել ՀՀ Սահմանադրության պահանջներով: