Մայիսի 25, 2023, ք. Երեւան
Տեղի ունեցած ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ համաժողովին մասնակցում էին 29 ՀԱՊ անդամ, որոնցից 24 ՔՀՖ պատվիրակ: Եւս 12 պատվիրակ, ըստ ՀԱՊ-ում ընունված պրակտիկայի, իրենց ձայները փոխանցել էին համաժողովի մասնակիցներին: Համաժողովը նախագահում էր ՀԱՊ ազգային համակարգող Հովսեփ Խուրշուդյանը:
Նախագահողը առաջարկեց քննարկել եւ հաստատել Համաժողովի՝ 5 օր առաջ տարածված եւ որեւէ առարկություն չստացած օրակարգը: Ձայն խնդրեց Աշոտ Մելիքյանը եւ առաջարկեց որպես առաջնային հարց քննարկել Հովսեփ Խուրշուդյանի՝ ՀԱՊ համակարգողի պաշտոնին համապատասխանելու հարցը, որը արտացոլված է 14 հոգու ստորագրած դիմում-պահանջագրում: Նա խնդրեց թույլ տալ Սարգիս Հարությունյանին ընթերցել պահանջագիրը, ով էլ հնարավորություն ստացավ դա անել:
Նախագահողը առաջարկեց նախ հաստատել օրակարգը, ապա այլ հարցերի թվում հաստատել նաեւ դիմում-պահանջագրին անդրադառնալու ձեւաչափի քննարկման հարցը, հասկանալու համար դա քննարկվելու է անմիջապես, թե ձեւավորվելու է հանձնաժողով, որը կքննարկի դիմումում նշված մեղադրանքները եւ ՀԱՊ համակարգողի՝ դրանց վերաբերյալ արվելիք պարզաբանումները:
Քվեարկության դրված Համաժողովի օրակարգի՝ որպես հիմք ընդունելու առաջարկը ստացավ 18 կողմ ձայներ, 16 դեմ եւ երկու ձեռնպահ: Օրակարգը չհաստատվեց:
Ապա քվեարակության դրվեց 14 կազմակերպությունների դիմում-պահանջագիրը՝ 2023 թվականի մայիսի 25-ի ժողովում առաջնահերթության կարգով քննարկման առարկա դարձնել Հովսեփ Խուրշուդյանի՝ ՀԱՊ համակարգողի պաշտոնին համապատասխանելու հարցը, որը հավաքեց 17 կողմ, 16 դեմ եւ 3 ձեռնպահ: Արդյունքում՝ օրակարգում 14 կազմակերպությունների դիմում-պահանջագրի բովանդակային քննարկման դնելու առաջարկը եւս չհաստատվեց:
Հաջորդը քվեարկության դրվեց դիմում-պահանջագրում նշված մեղադրանքներն ու դրանց վերաբերող պարզաբանումները քննելու հանձնաժողով ստեղծելու հարցը օրակարգ մտցնելու մասին առաջարկը: Կողմ՝ 7, դեմ՝ 12, ձեռնպահ՝ 15 ձայներով այս առաջարկը եւս չընդունվեց:
Այնուհետեւ քվեարկության դրվեց հունիսի 9-ին նոր համաժողով հրավիրելու առաջարկը, որում որպես առաջնահերթ հարց կքննարկվի 14 կազմակերպությունների դիմում-պահանջագիրը: Քվեարկության արդյունքում առաջարկը ստացավ 28 կողմ, 1 դեմ եւ 7 ձեռնպահ ձայներ:
ՀԱՊ համակարգողը պարտավորվեց մինչեւ հաջորդ համաժողովը ՀԱՊ անդամներին ներկայացնել պարզաբանումներ դիմում-պահանջագրում նշված մեղադրանքների վերաբերյալ:
Դրանով համաժողովը ավարտեց իր աշխատանքները:
ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ Քարտուղարություն