3 Նոյեմբերի, 2021
ՀԱՊ 3-րդ աշխատանքային խումբը քննարկել է հրատապ բնապահպանական խնդիրները, առաջարկներ ներկայացրել պատկան մարմիններին

Քաղաքացիական հասարակության դերը շրջակա միջավայրին առնչվող որոշումների կայացման գործում քննարկելու նպատակով Արևելյան գործընկերության Քաղհասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) երրորդ աշխատանքային խմբի անդամ կազմակերպությունները սեպտեմբերի 25-26-ին անցկացրին երկօրյա աշխատաժողով, որին մասնակցեցին նաև անկախ փորձագետներ ու պետական մարմինների ներկայացուցիչներ։ Առանցքում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» օրենքի նոր նախագիծն էր, Սևանա լճի և այլ ջրավազանների աղտոտվածության հիմնախնդիրները, փոքր ՀԷԿ-երի խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր մեխանիզմները:

Աշխատաժողովն անցկացվեց Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում, որի տարածքը յուրօրինակ թանգարան է բաց երկնքի տակ: Աշխատաժողովի համար Լճաշենն ընտրվել էր՝ հաշվի առնելով նաև ոլորտային խնդիրների լուծման գործում համայնքի դերի բարձրացման, հասարակության մասնակցության, սոցիալական ձեռնարկատիրության միջոցով բնապահպանական օգուտների ստեղծման օրինակելի փորձի առկայությունը։ Երկու օրվա ընթացքում նախատեսված բոլոր հարցերի շուրջ թեմատիկ քննարկումների պատասխանատուները ներկայացրին նախնական հավաքագրված տեղեկատվությունը, որի հիման վրա ծավալվեցին ակտիվ քննարկումներ։

Լճաշենում տեղի ունեցած Աշխատաժողովի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության (ՇՄԱԳՓ) մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ընթացքում մասնակիցների կողմից ներկայացվեցին կարծիքներ, առաջարկություններ և դիտողություններ ինչպես նախագծի շուրջ, այնպես էլ ոլորտին առնչվող մի շարք այլ հարցերի վերաբերյալ: Մասնավորապես նշվեց, որ շահագրգիռ ՀԿ-ների ու մասնագետ-փորձագետների կողմից բազմիցս կարևորվել է հանրապետությունում ՇՄԱԳՓ գործընթացների օրենսդրական կարգավորման բարեփոխումներին զուգընթաց մեր երկրի բնապահպանական քաղաքականության մշակման անհրաժեշտությունը: Նշվեց, որ անհրաժեշտ է նախ մշակել հստակ նպատակներով ու սկզբունքներով, ազգանպաստ Հայեցակարգ, որի հիման վրա էլ պետք է մշակել ու հաստատել անչեղարկելի, մշտական և կայուն մոտեցումներով բնապահպանական կուռ ու հեռահար ազգային քաղաքականություն, որի առանցքային գաղափարը լինի երկրի բնական ռեսուրսների ճիշտ, խելամիտ ու բանական օգտագործումը՝ ի նպաստ ներկա ու ապագա սերունդների կյանքի ու առողջության:

3-րդ ԱԽ անդամները, կարևորելով Սևանա լիճը որպես Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող առաջնահերթություն,  բարձրաձայնել են լճին սպառնացող վտանգներն ու առաջարկել նախ ապահովել ՀՀ կառավարության 18.12.2008թ. թիվ 1563-Ն «Սևան ազգային պարկ»-ի և դրան հարող տարածքներում հողամասերի վարձակալության, կառուցապատման իրավունքի տրամադրման և քաղաքաշինական գործունեության իրականացման մասին» որոշման 8-րդ, 10-րդ և 11-րդ կետերի պահանջների կատարումն ամբողջությամբ, մասնավորապես՝ յուրաքանչյուր վարձակալի պայմանագրում հստակ ամրագրել, որ վերջինս պարտադիր կերպով պետք է իրեն տրամադրված հողամասերից 20% ազատ տարածք թողնի՝ ապահովելով հանրության կողմից լողափի անարգել oգտագործման հնարավորությունը, և արգելել լողափի գոտում բաժանիչ պարիuպների կամ ցանկապատերի տեղադրումը:

Առնվազն 1 տարով ամբողջությամբ արգելել Սևանա լճից ձկան որսը, ապա իրականացնել պաշարների հստակ գնահատում, այնուհետև որսագործիքների հստակ չափերի սահմանումով, հսկողությամբ ու վերահսկողությամբ թույլատրել արդյունագործական որսը։ Նշվեց, որ անհրաժեշտ է լճից դուրս բերել բոլոր ցանցավանդակները, հստակ գնահատել լճի բարձրացման հետևանքով ջրածածկվող տարածքները, ափերը նախապես լիարժեք պատրաստել բարձրացմանը, աշխատանք տանել կենսաբանական մաքրման կայանների կառուցման ուղղությամբ և այլն։

Հաշվի առնելով Սևանա լճի էկոհամակարգին հասցվող վնասները, ինչպես նաև բնապահպանական օրենսդրության խախտումները, մասնավորապես «Սևանա լճի մասին» օրենքը, ԲՀՊՏ-ների մասին և այլ բնապահպանական օրենքներ, առաջարկվել է վերանայել Սևանա լիճ թափվող գետերի վրա ՓՀԷԿ-երի շահագործման թույլտվությունները և արգելել նոր ՓՀԷԿ-երի կառուցումը այդ գետերի վրա:

Քննարկվել է համայնքների տնտեսական ու սոցիալական զարգացման կախվածությունը կառավարության կողմից համայնքներին տրամադրվող դոտացիաներից, սուբսիդիաներից ու սուբվենցիաներից՝ որպես լիարժեք ինքնակառավարման ունակությունից զրկող հանգամանք։ Նպատակահարմար է համարվել համայնքներում կայուն ներքին ռեսուրսներով ու ֆինանսական մուտքերով ապահովված, միաժամանակ՝ բնապահպանական ուղղվածություն ունեցող շրջանառու ներդրումային հիմնադրամների ստեղծման ու դրանց միջոցով համայնքների սոցիալ-տնտեսական կարիքներին համահունչ նախագծեր ու ծրագրեր ֆինանսավորելու փորձը։

Աշխատաժողովի արդյուքնում ձևավորված առաջարկությունների ամբողջական փաթեթը ներկայացվել է Շրջակա միջավայրի նախարարին, Հրազդան գետի ու Երևանյան լճի աղտոտվածության մասին առաջարկությունները՝ նաև Երևանի քաղաքապետին։ 

ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ ԱԽ3-ի արտագնա աշխատանքային հանդիպումն իրականացվել է ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ քարտուղարության՝ ՀԱՊ աշխատանքային խմբերի գործունեության աջակցության շրջանակում։