4 Դեկտեմբերի, 2024
“ԱԳ ՔՀՖ Հայաստանի Ազգային Պլատֆորմը դատապարտում է վրացական իշխանությունների բռնությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ”

Հայաստանի Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱԳ ՔՀՖ) Ազգային պլատֆորմը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով վրացական իշխանությունների կողմից խաղաղ ցուցարարների դեմ կիրառված բռնի գործողությունները։ Խոր մտահոգությամբ և ցավով պլատֆորմը հետևում է վերջին օրերին եղբայրական Վրաստանում տեղի ունեցող բռնություններին, որտեղ իշխանությունները խաղաղ հավաքների դեմ կիրառել են անհամաչափ ուժ, ներառյալ՝ արցունքաբեր գազ, ջրային թնդանոթներ և ֆիզիկական բռնություններ։

Հայտարարության մեջ նշվում է, որ բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում՝ ուսանողներ, երիտասարդներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, վիրավորվել են ոստիկանության և անվտանգության ուժերի կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով։ Պլատֆորմը խստորեն դատապարտում է ժողովրդի՝ իր կամքը ազատ արտահայտելու, խաղաղ հավաքներ անցկացնելու և ժողովրդավարական գործընթացներին մասնակցելու իրավունքների նկատմամբ նման ոտնձգությունները։ Այն կոչ է անում վրացական իշխանություններին և անվտանգության ուժերին ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կարող են անդառնալի ողբերգական հետևանքների հանգեցնել՝ ընդգծելով, որ նման ոչ ժողովրդավարական զարգացումները Վրաստանում կարող են բացասական ազդեցություն ունենալ ամբողջ տարածաշրջանի քաղաքական իրավիճակի վրա։

Հայաստանի ԱԳ ՔՀՖ Ազգային պլատֆորմը հայտնում է իր զորակցությունը վրաց ժողովրդին՝ մաղթելով արագ ապաքինում այն անձանց, ովքեր տուժել են վերջին խաղաղ քաղաքացիական անհնազանդության գործողությունների ժամանակ ոստիկանության անհամաչափ ուժի կիրառման հետևանքով։ Պլատֆորմը սատարում է Վրաստանի ԱԳ ՔՀՖ Ազգային պլատֆորմին, ինչպես նաև բոլոր այն կազմակերպություններին և անհատներին, ովքեր պայքարում են ժողովրդավարության, ազատության, մարդու իրավունքների և Վրաստանի՝ իր ժողովրդի կողմից ընտրված եվրոպական ուղու ամրապնդման համար։

Հայտարարության մեջ կրկին հաստատվում է Հայաստանի ԱԳ ՔՀՖ Ազգային պլատֆորմի նվիրվածությունը Վրաստանի ժողովրդավարական ձգտումների աջակցմանը և դատապարտվում են ցանկացած գործողություններ, որոնք խաթարում են երկրի եվրոպական ուղին և ժողովրդավարության սկզբունքները տարածաշրջանում։

ԿԱՐԴԱԼ ԱՄԲՈՂՋ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ