Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԳՆ շենքի դիմաց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու պահանջով ակցիա էին իրականացնում հայաստանյան մի շարք քաղաքացիական և քաղաքական ուժեր։ Արտաքին գործերի նախարարությանը ներկայացված նամակ-պահանջագրում ակցիայի մասնակիցները կառավարությունից պահանջում էին դաշինքից դուրս գալուն ուղղված գործուն քայլերի իրականացում։
Ակցիայի մասնակից ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ համակարգող Հովսեփ Խուրշուդյանն իր ելույթում նշեց, որ իշխանությունը ոչ թե պետք է անհանգստանա Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերություններում հնարավոր հետագա սահմանափակումների կամ Ռուսաստանից գնվող գազի գնի բարձրացման համար, այլ պետք է գտնի անվտանգային, այդ թվում նաև՝ էներգետիկ անվտանգության, այլընտրանքային ճանապարհներ։ Իշխանության պարտականությունն է իրականացնել ռիսկերի գրագետ կառավարում։ ՀԱՊԿ-ում գտնվելը խոչընդոտում է Հայաստանին՝ գտնելու այլընտրանքային անվտանգության ռեսուրսներ։
“Վստահ եղեք, — նշեց Հովսեփ Խուրշուդյանը, — որ եթե մենք քայլ անենք, միջազգային հանրությունը, Արևմուտքը, Եվրամիությունը կաջակցեն մեզ”։
Դիտեք ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ համակարգող Հովսեփ Խուրշուդյանի ելույթն ամբողջությամբ։


