30 Նոյեմբերի, 2022
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողով

Նոյեմբերի 28, 2022թ․, Երեւան

Նոյեմբերի 26-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի դահլիճում տեղի ունեցավ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողովը։ Պալտֆորմի ազգային համակարգող Հովսեփ Խուրշուդյանը մասնակիցներին ներկայացրեց վերջին ամիսներին ՀԿ-ի ձևավորման ուղղությամբ իր կատարված աշխատանքները, Հայաստանի քաղաքացիական հասարակություն-ՀՀ կառավարություն կառուցվածքային երկխոսության շրջանակներում ՀԱՊ գործընկերների հետ համատեղ իրականացված միջոցառումները: Նա նաեւ ՀԱՊ անդամներին ներկայացրեց ՙՙԱլԳ ՔՀՖ ՀԱՊ Քարտուղարություն՚՚ ՀԿ նոր աշխատակազմը՝ գործադիր տնօրեն Անի Կոջոյանին, հաղորդակցության մասնագետ Աննա Մեխակյանին եւ այլոց։

Համաժողովի առաջին նիստում քննարկվեց ՀԱՊ կանոնադրության մեջ առաջարկվող փոփոխությունները՝ կապված պարտադիր անդամավճարի ներդրման եւ ՀԱՊ հայտարարությունների առցանց ընդունման ընթացակարգին։ Որոշվեց ՀԱՊ բոլոր անդամների համար սահմանել տարեկան 12000 դրամ անդամավճար, որը կուղղվի ՀԱՊ ընթացիկ գործունեության ֆինանսավորմանը, ինչպես նաեւ վավերացնել ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեի որոշումը՝ ԱլԳ ՔՀՖ այն անդամների համար 50 Եվրո տարեկան անդամավճար սահմանելու մասին, որոնց տարեկան շրջանառությունը գերազանցում է 50000 Եվրոն, որը կուղղվի ԱլԳ ՔՀՖ բյուջե: Երեք տարի անընդմեջ այս անդամավճարները չվճարող կազմակերպությունները կզրկվեն, համապատասխանաբար, ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ եւ ԱլԳ ՔՀՖ անդամությունից: ՀԱՊ Կանոնադրության մեջ այս փոփոխությունը ուժի մեջ է մտնելու 2023թ. հունվարի 1-ից:

ՀԱՊ հայտարարությունների առցանց ընդունման ընթացակարգին վերաբերող փոփոխությունները որոշվեց վերջնական քվեարկության դնել հաջորդ համաժողովի ընթացքում։

Համաժողովին բացի Քարտուղարությանն առնչվող հարցերից քննարկվեցին նաև ԱլԳ ՔՀՖ 14-րդ տարեկան համաժողովին ընդառաջ ՀԱՊ պատվիրակության մասնակցությանն առնչվող մի շարք հարցեր։

Համաժողովի երկրորդ նիստը նվիրված էր «Հայաստանը ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրում եւ Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդգրկուն գործընկերության համաձայնագրի կատարման ընթացքը» թեմային: Նիստին ներկա էր Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը և ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանը, ովքեր ներկայացրեցին Հայաստան-ԵՄ հարաբերությունների ներկա վիճակը, Արևելյան գործընկերության պահպանման և զարգացման կարեւորությունը, դրանում ՀՀ եւ ԵՄ հետաքրքրվածությունը: Արծարծվեցին նաեւ ԱլԳ մյուս երկների հետ համագործակցելու, դրանց հետ փորձի փոխանակմանն առնչվող մի շարք հարցեր։ ԵՄ դեսպանն անդրադարձավ նաև Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդգրկուն գործընկերության համաձայնագրի կատարման ընթացքին, մասնավորապես, առաջնահերթություն համարվող ոլորտներին, այդ թվում՝ օրենքի և իրավունքի գերակայությանը, բնապահպանությանը, կանանց եւ ԼԳԲՏՔ իրավունքների պատշպանությանը և գենդերային հավասարությանը։

Համաժողովի երրորդ նիստը «Հայաստանի եւ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի ընթացքում կատարված ռազմական հանցագործությունները, դրանց վերաբերյալ միջազգային հետաքննությունը եւ պատժելիության ապահովումը» թեմայով էր, որին մասնակցեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը, միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, «Իրավաբաններն ընդդեմ խոշտանգման» ՀԿ ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչ, իրավապաշտպան Արաքս Մելքոնյանը։ Նիստի ընթացքում բանախոսները ներկայացրեցին Հայաստանի եւ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի ընթացքում կատարված ռազմական հանցագործությունների վերաբերյալ զեկույցները։ Բանախոսները լսարանին նաև ներկայացրեցին 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքները, մարդու իրավունքների խախտումները, ռազմագերիների խնդիրները, միջազգային ատյաններում ՀՀ ներկայացրած հայցերը, միջազգային հետաքննության անհրաժեշտությունն ու անպատժելիության հետեւանքները։

Յուրաքանչյուր նիստից հետո ՀԱՊ անդամները հնարավորութուն ունեցան հարցեր ուղղել բանախոսներին եւ ստանալ սպառիչ պատասխաններ:

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի

լրատվական ծառայություն