25 Հոկտեմբերի, 2023
Նպաստել Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետությունների միջև անվտանգ խմելու ջրի հավասար հասանելիության վերաբերյալ փորձի և լավագույն գործելակերպի փոխանակմանը՝ ՄԱԿ-ի ԵՏՀ-ի/ԱՀԿ-ի «Ջրի և առողջության մասին» արձանագրության շրջանակում»» ծրագիրը

««Նպաստել Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետությունների միջև անվտանգ խմելու ջրի հավասար հասանելիության վերաբերյալ փորձի և լավագույն գործելակերպի փոխանակմանը՝ ՄԱԿ-ի ԵՏՀ-ի/ԱՀԿ-ի «Ջրի և առողջության մասին» արձանագրության շրջանակում»» ծրագիրը համատեղ իրականացվել է ԱլԳ ՔՀՖ քարտուղարության աջակցությամբ՝ «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի (ՀԿՀԱԱՇՄ) ՀԿ-ի (առաջատար կազմակերպություն), Մոլդովայի «Դնեստր գետի պահապաններ — Էկո-ՏԻՐԱՍ» և Վրաստանի «Բնապահպանական հետազոտությունների միջազգային կենտրոն» (IFCER) կազմակերպությունների կողմից։ Մոլդովան արձանագրության կողմ է և ունի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր, Վրաստանն արձանագրության կողմ չէ և ունի ասոցացման համաձայնագիր ԵՄ-ի հետ, Հայաստանն արձանագրության կողմ չէ և ԵՄ-ի հետ ունի Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (ՀԸԳՀ):

Ծրագիրը նպաստեց տարածաշրջանային հարթության և համագործակցության ամրապնդմանը՝ ԱլԳ 3 երկրում (Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետություններ) ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության ապահովման գործում տեղեկատվության հավաքագրման ու տարածման և փորձի փոխանակման միջոցով՝ 1992 թ.-ի «Անդրսահմանային ջրային հոսքերի և միջազգային լճերի պաշտպանության և օգտագործման մասին կոնվենցիային» կից ՄԱԿ-ի ԵՏՀ-ի/ԱՀԿ-ի «Ջրի և առողջության մասին» արձանագրության շրջանակում:

Ծրագիրն օժանդակեց շահագրգիռ կողմերի (ՀԿ-ներ, տեղական համայնքներ, կանանց խմբեր և այլն) ավելի մեծ ներգրավվածությանը գյուղական համայնքների համար անվտանգ խմելու ջրի հավասար հասանելիության խթանման գործում՝ բարձրացնելով անվտանգ խմելու ջրի իրավունքի մասին բնակչության, ներառյալ կանանց իրազեկվածությունը։ Ծրագրի շրջանակում իրականացվեցին թեմատիկ հետազոտություն, համայնքահեն գործողություններ և ներկայացվեցին առաջարկություններ համապատասխան որոշումներ կայացնողների համար՝ կենտրոնանալով այն գյուղական բնակավայրերի վրա, որտեղ խմելու ջրամատակարարումն իրականացվում է ցիստեռններով/բաքերով շրջիկ մեքենաների միջոցով (Հայաստան) կամ ջրհորերի միջոցով (Մոլդովա և Վրաստան), ինչը նշանակում է, որ այդ բնակավայրերում կենտրոնացված խմելու ջրամատակարարման ենթակառուցվածքները բացակայում են։ Այսպիսով, ծրագիրն իր նպաստը բերեց տարբեր համատեքստեր ունեցող երկրներում քաղաքացիական հասարակության դերակատարների վստահության ամրապնդման գործում:

Ծրագրի շրջանակում 2023թ․-ի հոկտեմբերի 25-ին՝ Երևանի «Օպերա Սուիթ» հյուրանոցի «Մոցարտ» սրահում կազմակերպվեց ««ՄԱԿ-ի ԵՏՀ-ի/ԱՀԿ-ի «Ջրի և առողջության մասին» արձանագրության իրականացումը Հայաստանում, Վրաստանում և Մոլդովայում»» խորագրով հանդիպումը, որին ներկա էին ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի, ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, Մոլդովայի և Վրաստանի վերոհիշյալ կազմակերպությունների ներկայացուցիչներ։