ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԱՊԱԳԱՆ
Հայաստան-Եվրոպա համաժողով Նոյեմբերի 9-10, 2023, Բրյուսել
ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացում. նոր մարտահրավերներ և անսահմանափակ հնարավորություններ
Հայաստանի և եվրոպական երկրների հարաբերություններն ունեն հազարամյակների պատմություն: Այժմ եկել է ժամանակը վերադառնալու արմատներին, թարմացնելու հին կապերը և դրանք նորովի վերաիմաստավորելու՝ Եվրոպային Հայաստանի ավելի խորը ինտեգրման գործընթաց սկսելու համար: Հայ հասարակության ցանկությունը՝ տեսնելու այս ինտեգրումը, այժմ ավելի քան երբևէ ուժեղ է, քանի որ դրա քաղաքական, տնտեսական և անվտանգային դրդապատճառները զգալի հրատապություն են ձեռք բերել։ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԱՊԱԳԱՆ» Հայաստան-Եվրոպա համաժողովը նախաձեռնել են Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) և Եվրոպայում հայերի միությունը (կենտրոնոկոյանը՝ Սոֆիայում, մասնաճյուղերը Բրյուսելում, Մադրիդում և այլ եվրոպական մայրաքաղաքներում)՝ ԵՄ-Հայաստան (ՀԸԳՀ) Քաղաքացիական հասարակության պլատֆորմի և Ազգերի զարգացման ինստիտուտ հիմնադրամի աջակցությամբ։ Այն, ըստ էության, ս․թ․ սեպտեմբերի 30-ին կայացած Անկախության ֆորումի շարունակությունն է։ Միջոցառման նպատակն է ստեղծել մի հարթակ, որը կմիավորի նշանավոր հասարակական, քաղաքական գործիչների, փորձագետների, հասարակական կարծիքի առաջնորդների եվրոպական հարկի տակ՝ քննարկելու Հայաստանի եվրաինտեգրման ներուժն ու առկա խոչընդոտները և տարբեր ոլորտներում համագործակցության առկա հնարավորությունները։ Միջոցառումը կծածկի քաղաքական, իրավական, տնտեսական և անվտանգային ոլորտները: Բացի այդ, համաժողովի նախաձեռնողները մտադիր են այն դարձնել ամենամյա և հետագայում ներառել այլ ոլորտներ, ինչպիսիք են մշակույթը, կրթությունը, գիտությունը, շրջակա միջավայրը և այլն: Վերջերս հայ հասարակության տրամադրություններում ի հայտ եկած կտրուկ փոփոխությունները և Հայաստանի արտաքին քաղաքականության վերանայումը մեր երկիրը մեկ քայլ մոտեցրեցին պատշաճ և առողջ հանրային քննարկման միջոցով Եվրոպայի հետ ինտեգրման խորացմանը։ Հայաստանի և Եվրոպայի միջև կապերի ամրապնդումը, որն այժմ հայ հասարակության պատվերն է, այն խնդիրն է, որը նախ պետք է քննարկվի մասնագիտական հարթակներում, այնուհետև հասցվի հասարակությանը իրազեկման քարոզարշավների միջոցով, որոնք թույլ կտան ձևավորել այս նախաձեռնության տեսլականը պրոֆեսիոնալ մակարդակով: Հայաստանի քաղաքացիական հասարակությունը, ինչպես նաև նրա քաղաքական կուսակցությունները, որոնք տարիներ շարունակ պայքարում են Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման համար, կարող են և պետք է շարունակեն նպաստել այս գործընթացներին։ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը կանգնած է Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի կանոնադրության վավերացման նախաձեռնության ակունքներում, և ՀԱՊ-ի ու համաժողովին մասնակցող քաղաքական ու քաղաքացիական ուժերի դիրքորոշումն այն է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության վերանայման հրատապ անհրաժեշտություն կա։ Ի՞նչն է գալիս հաջորդիվ: Ի՞նչ տեսլական է հետապնդում ՀՀ անվտանգային ռազմավարությունը և առհասարակ հնարավո՞ր է ռազմավարական շրջանադարձ։ Ո՞ւմ հետ պետք է Հայաստանը կառուցի իր տնտեսական անվտանգությունն ու պաշտպանական ռազմավարությունը։ Որո՞նք են ինստիտուցիոնալ գործիքները Հայաստան պետության ինքնիշխանության ամրապնդման հարցում: Ինչպե՞ս կարող է Սփյուռքը նպաստել Հայաստանի Հանրապետության զարգացմանը։ Ինչպե՞ս կարող է Հայաստանը ուժեղացնել իր դերը Արևելյան գործընկերությունում։ Ինչպե՞ս կարող են կառուցվել ժողովրդավարության, օրենքի գերակայության և խաղաղության վրա հիմնված համագործակցության կամուրջներ տարածաշրջանում: Ո՞րն է հաջորդ քայլը Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (ՀԸԳՀ) սահմանված բոլոր նպատակների իրականացումից հետո: Ի՞նչ հնարավորություններ և հեռանկարներ կան Հայաստան-ԵՄ քաղաքական և տնտեսական ինտեգրման, ընդհուպ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու համար։ Այս և շատ այլ հարցեր կքննարկվեն համաժողովի ընթացքում: Համաժողովի ավարտին կընդունվեն ԵՄ-ին և Հայաստանի կառավարությանը ուղղված առաջարկություններ, ինչպես նաև Հռչակագիր։ Միջոցառումը ուղիղ հեռարձակվելու է հեռուստատեսությամբ, ինչպես նաեւ լուսաբանվելու է ԶԼՄ- ներում և սոցիալական ցանցերում: