31 Մարտի, 2023
Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի հերթական համաժողովի մասնակիցները հյուրընկալեցին Հայաստանում Շվեդիայի դեսպանին

Համաժողովի առաջին նիստում մասնակիցները հանդիպեցին Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնի հետ, ով ներկայացրեց Հայաստան-Շվեդիա հարաբերությունների զարգացման հեռանկարները և Եվրամիության Խորհրդում Շվեդիայի նախագահության /2023թ. հ % ունվարի 1-ից մինչեւ հունիսի 30-ը/ առաջնահերթությունները։ Դեսպանը խոսեց նաեւ Շվեդիայի արտաքին եւ ներքին քաղաքական ռազմավարական չորս հիմնական ուղղությունների մասին՝ ժողովրդավարություն և մարդու իրավունքներ, շուկայական տնտեսական հարաբերություններ, բնապահպանություն, խաղաղ և ներառական հարաբերություններ։ Վերջում դեսպանը պատասխանեց մասնակիցների հարցերին, արձագանքեց Հայաստանի եւ Արցախի անվտանգությանը, վերջինի շարունակվող շրջափակմանը վերաբերող նրանց մտահոգություններին: Նիստը վարեց ՀԱՊ ազգային համակարգող Հովսեփ Խուրշուդյանը։

Համաժողովի երկրորդ նիստի ընթացքում ՀԱՊ Քարտուղարության գործադիր տնօրեն Անի Կոջոյանը ներկայացրեց ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ հաղորդակցության ռազմավարության նախագիծը, վերջինիս ընդհանուր կառուցվածքը, նպատակը և խնդիրները, ինչպես նաև հիմնական ոլորտային ուղղությունները։ Նիստի ընթացքում որոշվեց ևս մեկ անգամ շրջանառել հաղորդակցության ռազմավարության նախագիծը աշխատանքային խմբերի շրջանում և ամբողջացնել ոլորտային ուղղությունների բաժինը։

Հաջորդ նիստի ընթացքում քննարկվեցին ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող Հովսեփ Խուրշուդյանի առաջարկած երկու հայտարարությունների նախագծեր. 1. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի եւ 2. Հռոմի ստատուտի վերաբերյալ: Քվեարկության արդյունքում երկու հայտարարություններն էլ ընդունվեցին։

ՀԱՊ համակարգողը համաժողովի մասնակիցներին ներկայացրեց նաեւ Կառավարության կողմից 2023թ. մարտի 9-ին հանրային քննարկման դրված «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի խնդրահարույց դրույթներից մեկի կապակցությամբ ՀԱՊ-ի կողմից դիրքորոշում հայտնելու անհրաժեշտությունը, քանի որ այն հակասում է Եվրամիության հետ կնքած Համապարփակ և ընդլայված գործընկերության համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտականություններին։ Որոշվեց այդ հաղորդագրությունն ուղարկել ՀԱՊ համապատասխան աշխատանքային խումբ՝ քննարկելու եւ առաջարություններ ներկայացնելու նպատակով։

Համաժողովին ՀԱՊ երրորդ աշխատանքային խումբը ներկայացրեց Հայաստանի բնապահպանական խնդիրներին առնչվող կարեւոր դիտարկումներ։ Որոշում կայացվեց այդ դիտարկումների փաթեթն ուղարկել ՀԱՊ անդամներին լրամշակման համար։

Իրենց դիմումների հիման վրա եւ քվեարկության արդյունքում՝ ՀԱՊ համաժողովի ժամանակավոր անդամի կարգավիճակ ստացան ՙՙՏաթեւիկ՚՚ բարեգործական հասարակական կազմակերպությունը, Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը եւ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն։ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի լրատվական ծառայություն