29 Դեկտեմբերի, 2021
Հայաստանի ազգային պլատֆորմն ամփոփեց տարեկան գործունեությունը

ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը 2021թ․ դեկտեմբերի 28-ին տեղի ունեցած համաժողովում ամփոփեց տարեկան գործունեությունը։ Հաշվետվություններով հանդես եկան ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող Լուսինե Հակոբյանը և ՀԱՊ քարտուղարության գործադիր տնօրեն Հերիքնազ Հարությունյանը։ Նշվեց, որ չնայած պատերազմով, ՔՈՎԻԴ-19-ի համավարակով, ինչպես նաև երկրում տիրող ներքաղաքական լարվածությամբ պայմանավորված համընդհանուր անկումային տրամադրություններին, Պլատֆորմը կարողացել է իրականացնել ռազմավարական ծրագրով  նախանշված աշխատանքները։ Հայաստանյան հասարակության համար օրախնդիր այնպիսի հարցեր, ինչպիսիք են պատերազմի հետևանքով գերեվարված և արդեն ավելի քան մեկ տարի Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային հուշարձանների պահպանությունը և տեղահանված ընտանիքների սոցիալական աջակցությունը, բարձրացվել են Եվրամիության և միջազգային հաստատությունների պատասխանատու  պաշտոնյաների հետ հանդիպումներում։

Մասնակիցները խոսել են ՔՀՖ տարեկան համաժողովին Հայաստանի պատվիրակների բարձրացրած հարցերին հետագա ընթացք տալու, Հայաստանի կառավարության հետ քաղաքացիական հասարակության երկխոսության հնարավորությունների օգտագործման կարևորության մասին։ Համաժողովի մասնակիցներին ներկայացվել է ԵՄ-ՀՀ քաղաքացիական հասարակության երկկողմանի պլատֆորմի ձևավորման ընթացքը, կոչ է արվել ակտիվորեն մասնակցել ընտրություններին։

ՀԱՊ աշխատանքային խմբերի աջակցության շրջանակներում կատարվել են Հայաստանի Հանրապետությունում տնտեսական և օրենսդրական բարեփոխումներին, ոլորտային մի շարք խնդիրներին, Արցախյան պատերազմից հետո ստեղծված սոցիալ-հոգեբանական իրավիճակին  վերաբերող արժեքավոր ուսումնասիրություններ։ Տնտեսական իրավունքի կենտրոնի ջանքերով ստեղծվել է Բյուջետային ծրագրերի հասարակական մոնիթորինգի իրականացման համառոտ  ձեռնարկ ՔՀԿ-ների համար։

ՀԱՊ 3-րդ աշխատանքային խմբի «Քաղաքացիական հասարակության դերը բնապահպանական հարցերում որոշումների կայացման գործում» խորագրով Գեղարքունիքի Լճաշեն համայնքում անցկացված երկօրյա աշխատաժողովում ոչ միայն քննարկվել են բնապահպանական գրեթե ամբողջ ներկապնակն ընդգրկող բազմաթիվ հարցեր, այլ նաև պատրաստվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունների և դիտողությունների փաթեթ, որն  ուղարկվել  է ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն և Երևանի քաղաքապետարան։

«Սոցիալական ձեռնարկատիրությունը որպես դինամիկ ինտեգրվող տնտեսության և սոցիալական երկխոսության մոդել» ծրագրի շրջանակներում ուսանելի և հագեցած աշխատաժողով է անցկացրել ՀԱՊ 5-րդ աշխատանքային խումբը, որը նույնպես եղել է արտագնա՝ Գեղարքունիքի մարզում։

Համաժողովում կարևորվել է Պլատֆորմին անդամակցող կազմակերպությունների համագործակցությունը, միասնաբար գործելու և պլատֆորմի գործունեության համար անհրաժեշտ ռեսուրսների հայթայթման հնարավորությունների օգտագործումը։ 

Ազգային համակարգողն անդրադարձել է նաև Սպառողների աջակցության կենտրոնի նախագահ Աշոտ Միրզոյանին ՀԱՊ անդամակցությունից զրկելու խնդրին՝ ՔՀՖ տարեկան համաժողովի ժամանակ վերջինիս հնչեցրած ատելության խոսքի, ՔՀՖ արժեքներին և էթիկական նորմերին անհարիր գրառումներ կատարելու համար։