30 Սեպտեմբերի, 2023
Կայացավ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՖՈՐՈՒՄԸ

30 սեպտեմբերի 2023թ․, Երեւան

ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՖՈՐՈՒՄԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄԸ այսօր հրավիրել էր ժողովրդավարական ուժերի համաժողով՝ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՖՈՐՈՒՄ։
Ֆորումը, որին մասնակցում էին հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ կայացավ Երեւանի Անի Գրանդ հյուրանոցի Պանորամիկ սրահում։ Միջոցառման նպատակն էր միասնաբար հանդես գալ և հնչեցնել ժողովրդավարական քաղաքացիական և քաղաքական ուժերի ձայնը՝ ի տես Հայաստանի անկախությանը եւ ինքնիշխանությանը սպառնացող մարտահրավերների, որոնց մասին օրերս բարձրաձայնել էր ՀՀ վարչապետը։ Ակնհայտ է, որ սպառնալիքները ծագում են Ռուսաստանից եւ Ադրբեջանից եւ դրանց դիմակայելու վստահելի ուղին Ռուսաստանից Հայաստանի կախվածություն ամրագրող իրավա-պայմանագրային հիմքի վերանայումն է եւ հավաքական Արեւմուտքի հետ Հայաստանի սրընթաց ինտեգրման մեկնարկը։

Գնահատելով Հայաստանի Հանրապետության անկախությանը սպառնացող վտանգները եւ արձագանքելով ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի կոչին՝ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՖՈՐՈՒՄԻՆ մասնակցեցին վեց քաղաքական կուսակցությունների նախագահներ եւ փոխնախագահներ (այդ թվում՝ իշխող կուսակցությունից), տասնյակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհատ քաղաքացիներ, ինչպես նաեւ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։

Ֆորումի ընթացքում մասնակիցները իրենց դիրքորոշումները արտահայտեցին եւ մտքեր փոխանակեցին Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ, ապա քննարկեցին եւ ընդունեցին հայտարարություն։

Ֆորումի օրակարգը

Հայտարարություն

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարություն

Ֆորումը ուղիղ հեռարձակմամբ լուսաբանում էին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը, 1in․am եւ Civic.am առցանց հեռուստատեսությունները, այլ լրատվամիջոցներ։ Ամբողջական տեսաձայնագրությունը կարող եք դիտել հետեւյալ հղմամբ․