25 Հունիսի, 2023
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Հովսեփ Խուրշուդյանի հայտարարությունը ՔՀՖ Հայաստանից ընտրված մի խումբ պատվիրակների ինքնիրավչության վերաբերյալ

25 հունիսի 2023թ.

Ս.թ. հունիսի 23-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի՝ Վազգեն Սարգսյան փողոց, 26/3 հասցեում գտնվող մասնաշենքի 8-րդ հարկի դահլիճում տեղի ունեցավ ՀԱՊ համաժողովը: ՀԱՊ համակարգողի նախապես տարածած օրակարգի համաձայն նույն օրը, նույն տեղում, պատվիրակների 1/3-ի պահանջով հրավիրվել էր նաեւ Պատվիրակների ժողով: Համաժողովը մերժեց Աշոտ Մելիքյանի պահանջը տեղափոխել Պատվիրակների ժողովը մինչեւ Էթիկայի կանոնակարգի հաստատումը եւ Էթիկայի խորհրդի ընտրությունները, ինչպես նաեւ չլիազորեց Պատվիրակների ժողովին որոշում կայացնել հունիսի 9-ին կայացած Պատվիրակների ժողովի ժամանակ քվեարկված եւ բավարար ձայներ չհավաքած՝ ՀԱՊ համակարգողի լիազորությունների դադարեցման հարցի վերաքվեարկություն կազմակերպելու հարցով: ՀԱՊ համաժողովի որոշումից հետո Աշոտ Մելիքյանը հայտարարեց, որ իրենք լքում են Համաժողովը եւ անց են կացնելու Պատվիրակների ժողով այլ տեղում: 

Թե որքանով էր իրավաչափ Պատվիրակների ժողովի հրավիրման պահանջը մի հարցի քննարկման եւ որոշման համար, որը այդ հարցը բարձրաձայնողի՝ ՔՀՖ պատվիրակ Երեւանի մամուլի ամումբի նեկայացուցիչ Սեդա Շիգանյանի պահանջով մինչ այդ արդեն ուղարկվել էր ԱլԳ ՔՀՖ Համապատասխանության կոմիտեի եւ Ղեկավար կոմիտեի քննությանը, եւ որոնց որոշումը դրա վերաբերյալ դեռ առկա չէ, ինչպես նաեւ ընդհանրապես ՀԱՊ համակարգողի լիազորությունների դադարեցմանն ուղղված գործընթացը՝ առանց Կանոնադրության մեջ դրա հիմքերի եւ իրավաչափ ընթացակարգի առկայության, կամ գաղտնի քվեարկությամբ ընտրված ՀԱՊ համակարգողի լիազորությունները՝ Ժողովից բացակա պատվիրակների կողմից պատվիրակված ձայներով բաց քվեարկությամբ դադարեցնելու որոշման փորձը՝ թողնում եմ ՀԱՊ Էթիկայի խորհրդի մեկնաբանությանը:

Տարակուսանքի է արժանի այն պատվիրակների կասկածելի շտապողականությունը եւ պատասխանատվության աստիճանը, որոնք անտեսեցին Ղեկավար կոմիտեի խնդրանքը ժամանակ տալ ծանոթանալու խնդրին առնչվող փաստաթղթերին եւ անտեսեցին ՔՀՖ Քարտուղարության տնօրենի կարծիքը առ այն, որ խելամիտ կլինի ձեռնպահ մնալ հունիսի 23-ին կայանալիք ժողովների ժամանակ այս հարցի վերաբերյալ որեւէ որոշում կայացնելուց: Հիշեցնեմ, որ ՔՀՖ հայաստանյան պատվիրակների եւ ՀԱՊ համակարգողի լեգիտիմությունը այսօր հիմնվում է ոչ թե ՀԱՊ Կանոնադրության վրա, որի 3.7.1 եւ 3.7.2 կետերի համաձայն իրենց լիազորությունները ավարտվել են ս.թ. մարտի 31-ին, ինչից բխում է, որ ՀԱՊ Քարտուղարությունը պետք է հրատապ կարգով կազմակերպի ՔՀՖ Հայաստանից նոր պատվիրակների, ապա նոր համակարգողի ընտրություններ, այլ բացառապես ՔՀՖ Ղեկավար կոմիտեի որոշման վրա, որով նրանց լիազորությունները երկարացվել են: Ի դեպ, քանի որ ստեղծված իրավիճակի իրավաչափ լուծումը, իմ կարծիքով, ՀԱՊ Կանոնադրության պահանջով նոր պատվիրակների եւ նոր համակարգողի ընտրություններն են՝ ես առաջարկելու եմ ՔՀՖ Ղեկավար կոմիտեին չեղարկել պատվիրակների լիազորությունների երկարաձգման իր որոշումը՝ Հայաստանի մասով՝ հնարավորություն տալով ՔՀՖ Հայաստանի անդամներին ընտրելու նոր պատվիրակներ, որոնք էլ կընտրեն նոր ՀԱՊ համակարգող: 

Հունիսի 26-ին Միքայել Հովհաննիսյանի տարածած հաղորդագրության մեջ տեղ գտած ձեւակերպումը, ըստ որի իբր տեղի է ունեցել ՙՙԱլԳ ՔՀՖ Հայաստանի պատվիրակվերի ժողովի նիստ՚՚, որում ընդունվել է որոշում ՙՙՀովսեփ Խուրշուդյանին, որպես ՀԱՊ համակարգողի, անվստահություն հայտնելու և նրա լիազորությունները դադարեցնելու՚՚ վերաբերյալ՝ չեն համապատասխանում իրականությանը հետեւյալ հիմնավորմամբ.

Հունիսի 23-ի ՀԱՊ համաժողովի ընթացքում Աշոտ Մելիքյանը հայտարարեց, որ ՙՙմենք լքելու ենք դահլիճը եւ գնալու ենք անցկացնենք մեր պատվիրակների համաժողովը՚՚՝ առանց տեղեկացնելու, թե որտեղ են անցկացնելու ՙՙիրենց պատվիրակների ժողովը՚՚: Համաձայն ՀԱՊ Կանոնադրության 3.8.7 կետի՝ ՙՙՔՀՖ Հայաստանի պատվիրակների ժողովի եւ ՔՀՖ Հայաստանի անդամների ընդհանուր ժողովի նիստերի, անցկացման վայրի, օրվա, ժամի եւ օրակարգի մասին մասնակիցները տեղեկացվում են գումարման ժամից առնվազն 96 ժամ առաջ` էլեկտրոնային նամակագրության կամ հեռախոսազանգի միջոցով:՚՚ Պատվիրակների ժողովի նոր տեղի մասին չի տեղեկացվել նաեւ ՀԱՊ համակարգողը, ով ՀԱՊ կանոնադրության 3.11.1 կետի գ) ենթակետի համաձայն ՙՙնախագահում է ՔՀՖ Հայաստանի անդամների եւ պատվիրակների ժողովներում՚՚: Այսինքն՝ խախտվել է նաեւ ՀԱՊ կանոնադրության այս կետը:

Այսպիսով, 10 պատվիրակների կողմից մյուս 8 պատվիրակներից գաղտնի՝ նախապես հայտարարվածից տարբեր վայրում կազմակերպված հավաքը կարող է անվանվել ինչպես որ նրանք կկամենան, բայց ոչ երբեք Պատվիրակների ժողով:

Հիշեցնում եմ 10 պատվիրակներին, որ ժողովրդավարությունը իրավունքի մասին է, իսկ մեծամասնության ինքնիրավչությունը՝ ավտորիտար եւ տոտալիտար համակարգերին բնորոշ երեւույթ է: ՀԱՊ Կանոնադրության 3.8.7 կետը ապահովում է հե՛նց որոշումների կայացման լեգիտիմության, ներառականության եւ կոլեգիալության սկզբունքների իրացումը. մի բան, որի ջատագովներն են իրենց հռչակում այս ոչ-իրավաչափ, ոչ-թափանցիկ եւ ստվերային օրակարգ հետապնդող գործընթացի առաջնորդները՝ գործնականում որեւէ աղերս չունենալով այդ սկզբունքների հետ: Նշեմ նաեւ, որ մինչեւ օրս Եվրասիա համագործակցություն հիմնադրամը չի արձագանքել ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ համակարգողի եւ Հայաստան-Եվրամիություն քաղաքացիական հասարակության պլատֆորմի համանախագահի դիմումին, որով կոչ էր արվում հրապարակել այն կազմակերպությունների ցանկը, որոնց վերջին 10 տարվա ընթացքում ԵՀՀ-ն դրամաշնորհներ է տրամադրել, եւ նրանց տրամադրված գումարների չափը, ինչից էլ պարզ կդառնար, թե կա՞ արդյոք շահերի բախման դրվագ այս անառողջ գործընթացում եւ 10 պավիրակներից որոնք են, որ անգամ առանց մեղադրվող կողմից փաստարկները լսելու պատրաստ են իրենց ձայնը պատվիրակել այլոց՝ մեղադրվողի դեմ քվեարկություն իրականացնելու համար՝ ունենալով ուղիղ ֆինանսական կախվածություն այս գործընթացը նախաձեռնած ԵՀՀ-ից:

Այն, որ 10 պատվիրակների գործելաոճը հետապնդում է ստվերային օրակարգ եւ աղերս չունի ժողովրդավարության, իրավունքի գերակայության, թափանցիկության եւ բաց հասարակության հետ երեւաց նաեւ հունիսի 23-ի ՀԱՊ համաժողովին, երբ նրանցից մեկը հաստատեց, որ դեմ են եղել ՀԱՊ հայտարարություններին, քանի որ չեն ուզեցել միանալ հակառուսական քարոզչությանը: Սա ամենն էր, ինչը որ պետք էր իմանալ այն իրական օրակարգի մասին, որի մասին բարձրաձայնել եմ ս.թ. մայիսի 30-ին՝ 14 կազմակերպությունների պահանջագրին գրված իմ պատասխանում, եւ որն իրականում ունեին իմ դեմ քաղաքական հետապնդում հիշեցնող այս գործընթացի նախաձեռնողները եւ դրա շատ անդամներ:

Դատապարտում եմ 10 պատվիրակների հետեւողական ջանքերը՝ ցնցումներ հրահրել ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի ներսում, ստեղծել անառողջ մթնոլորտ եւ շեղել պլատֆորմը հանրօգուտ օրակարգերից դեպի ստվերային նպատակներ ունեցող կեղծ օրակարգ:

Տեղեկացնում եմ նաեւ, որ հունիսի 23-ի առավոտյան դիմել եմ ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեին՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի եւ Ուրբանլաբ-ի՝ ՔՀՖ պատվիրակի կարգավիճակը դադարեցնելու առաջարկով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ուրբանլաբ-ի հիմնադիր Սարհատ Պետրոսյանը Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ է, Պատվիրակների ընտրության ժամանակ եղել է ԵՀՀ-ի խորհրդի գործող անդամ և երկուսն էլ չեն հայտարարագրել այդ հանգամանքը, ինչը հանգեցրել է նույն կազմակերպության փաստացի ներկայացվածության երկու անձի կողմից, իսկ ՀԱՊ-ի ընտրություններով առավել ձայներ հավաքած մեկ այլ անդամ հնարավորություն չի ունեցել դառնալու պատվիրակ: Ի լրումն սրա` երկուսն էլ խախտել են Ֆորումի էթիկայի վարքականոնը, քանի որ Ուրբանլաբի ներկայացուցիչը Եվրասիայի պահանջագրի քննարկման հարցով արդեն երկրորդ անգամն է իր ձայնը պատվիրակում հենց Միքայել Հովհաննիսյանին, ինչը անաչառության բացակայության ուղղակի ապացույց է: 

Անհրաժեշտ է արձանագրել, որ ՔՀՖ Հայաստանյան անդամ 14 կազմակերպությունների՝ զրպարտանքների եւ մանիպուլյացիաների վրա հիմնված այս նախաձեռնությունը չի ստացել ո՛չ ՔՀՖ Հայաստանյան անդամների մեծամասնության, ո՛չ ՀԱՊ Գործադիր մարմնի, ո՛չ էլ ՀԱՊ Քարտուղարության աջակցությունը:

Միաժամանակ, ուզում եմ ողջունել ՀԱՊ համաժողովին՝ Էթիկայի կանոնակարգը ընդունելու եւ Էթիկայի խորհուրդ ընտրելու համար, ինչպեսեւ Եվրամիության Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմում իրավունքի գերակայության, ժողովրդավարության, թափանցիկության, բաց հասարակության սկզբունքներին վճռականորեն զորավիգ լինելու համար: Վստահ եմ, որ ՔՀՖ Ղեկավար կոմիտեի եւ Քարտուղարության հետ ստեղծված իրավիճակը քննարկելուց հետո՝ առաջիկայում կշտկենք եւ կզարգացնենք ՀԱՊ Կանոնադրությունը եւ կհաղթահարենք այն հանրակարգային /ինստիտուցիոնալ/ խութերը, որոնք խոչընդոտում են ներքին հակասությունների եւ կոնֆլիկտների արդյունավետ հաղթահարմանը եւ վերջապես կվերադառնանք բնականոն հանրօգուտ աշխատանքի: